Առանց Հայաստան Արցախը ոչինչ չի կարող անել

Առանց Հայաստան Արցախը ոչինչ չի կարող անել

Փետրվարի 16-ին՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հրավիրված հերթական նիստում, Արցախի Հանրապետության «Բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին առաջին ընթերցմամբ կողմ են քվեարկել նիստին ներկա բոլոր 31 պատգամավորները։ Օրինագիծը սահմանում է Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ  2020 թվականին ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների իրավական կարգավիճակը:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ կարևորում է, որպեսզի քաղաքական քննարկումներում և քաղաքական օրակարգում, անպայման պահպանվի այն խնդիրը, որ Արցախի օկուպացված տարածքները պետք է շարունակեն մնալ որպես գործոն, և  որպես հայկական կողմի պահանջատիրության  առարկա։

«Ես այս տեսակետից կարևորում եմ  նման օրենքի ընդունումը։  Միակ մտավախությունս այն է, որ,  ցավոք սրտի, կարծես թե Արցախի խորհրդարանը մինչ այս պահը դեռ միայնակ է իր  նման մոտեցումներում և գնահատականներում, և առանց Հայաստանի Հանրապետության լուրջ աջակցության, այդ խնդիրն ավելի լուրջ  մակարդակ բարձրացնելու հնարավորություն, ցավոք սրտի չկա»,- ասաց քաղաքագետը։
Մելիք-Շահնազարյանի խոսքով,  Հայաստանում  խուսափում են մեկնաբանել Արցախի խորհրդարանի և իշխանությունների գործողությունները՝ կապված բռնազավթված տարածքների հանդեպ իրավունքների պահպանման  հետ։ Նա գտնում է, որ հարցն իսկապես խնդրահարույց է, որովհետև հակառակ պարագայում  որևէ արդյունքի հասնելու ռեսուրս նաև չի լինելու։

«Առանց Հայաստանի, ցավոք, ոչինչ, չենք կարող անել»,- նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ Մեր այն հարցին, թե միջազգային գրեթե բոլոր ազդեցիկ դերակատարների, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների հստակ դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ և այն պետք է իր հանգուցալուծումը ստանա Մինսկի խմբի եռանախագահության հովանու ներքո, կնպաստի՞ բանակցային գործընթացի աշխուժացմանը նման ձևաչափով, քաղաքագետն ասաց․

«Ես կարծում եմ, որ ամեն դեպքում Ադրբեջանը չի կարողանալու խուսափել այդ բանակցային գործընթացից։ Ադրբեջանի այս պահի դրությամբ ինքնավստահ մոտեցումը, հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի իշխանությունները, այն իշխանությունները, որոնք ստորագրել են կապիտուլիացիոն ակտ, ըստ էության որևէ հարցում չեն խոչընդոտում, ետ չեն մղում թուրք-ադրբեջանական դաշինքի պահանջները։ Այսինքն, նրանք բանակցություններից խուսափելու իրենց քաղաքականությունը հիմնված են համարում  բացառապես Հայաստանի իշխանությունների՝ այս իշխանությունների  գոյության փաստի վրա։ Եվ դրանով Ադրբեջանը կարողանում է ժամանակ շահել։ Ես ավելի քան համոզված եմ, որ ի վերջո միջնորդների այն մոտեցումը, որ արցախյան հակամարտությունը կարգավորված չէ, գերակա է դառնալու, բայց դրա համար այդ նախապայմանը անպայման պետք է լինի, Հայաստանը պետք է շարժվի կողքից»։