«Հրապարակ». Մանիպուլյացիաներով երկար չես ձգի, ժողովրդին երկար չես կարողանա քո քաղաքական հնարքներով խաբել

«Հրապարակ». Մանիպուլյացիաներով երկար չես ձգի, ժողովրդին երկար չես կարողանա քո քաղաքական հնարքներով խաբել

Հայաստանյան ներքաղաքական իրավիճակի մասին զրուցել ենք «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի հետ:

- Երկու շաբաթից ավելի է, ինչ Հայաստանում ներքաղաքական լարված իրավիճակ է: Քաղաքական որոշ ուժեր դուրս են եկել փողոց, պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ու կոչ են անում մարդկանց՝ միանալ իրենց պայքարին: Դուք միացե՞լ եք պայքարին:

- Ակնհայտ է, որ ժողովրդի պահանջն այս պահին մեկն է՝ գործող վարչապետը պետք է հեռանա: Երեկվա Բաղրամյան փողոցի բազմահազար քաղաքացիների ներկայությունը եւ պահանջը դա էր վկայում: Ես չեմ միանում քաղաքական ուժերին, այլ միանում եմ պահանջատեր քաղաքացիներին, ովքեր օրակարգում եւ առօրյայում տեսնում են Նիկոլ Փաշինյան վարչապետի հեռացումն իշխանությունից: Ես սրա մասին խոսել եմ ոչ միայն վերջին շրջանում, այլեւ երեք տարիների ընթացքում՝ Ազգային ժողովում, երբ պատգամավոր էի: Դրանից հետո էլ չեմ դադարեցել քննադատությունները: Քննադատել եմ առարկայական: Միշտ վեր եմ հանել այն խնդիրները, որոնցում թերացել են իրենք, շարունակել եմ դրանց մասին բարձրաձայնել: Պարզ է, որ չորս տարի իշխանության ղեկին գտնվող մարդը, ով բոլոր ոլորտներում տապալել է իր ղեկավարումը, իրավունք չունի մեկ օր ավել մնալու իշխանության ղեկին:

- Կհաջողի՞ դիմադրության շարժումը, ի՞նչ եք կարծում:

- Դա կախված է քաղաքական այդ ուժերի կամքից եւ գործողությունների պլանից: Այսինքն՝ եթե իրենք գործում են այսպես տակտիկական հնարքներով, տվյալ պահի թելադրանքով, դժվար հաջողությունների հասնեն: Այս պայքարը սկսելուց առաջ արդեն իսկ պիտի ունենային գործողությունների որոշակի պլան՝ ինչից հետո ինչ պիտի անեն, եւ եթե բոլոր գործիքակազմերը սպառվեն, ապա ինչ պիտի անեն, որպեսզի ժողովրդին հերթական անգամ չհիասթափեցնեն: Պիտի երկու կողմերն էլ գիտակցեն, որ հնարավորինս պիտի զերծ մնան բախումներից: Եվ եթե կարողանան մինչեւ վերջ բողոքի ակցիաները, ցույցերը պահել խաղաղ պահանջատիրության շրջանակներում, կարելի է վստահ ասել, որ, այ, այս պարագայում ժողովրդավարությունը գործում է, եթե ոչ՝ ուրեմն հերթական աղետալի ճանապարհով են գնում:

- Ըստ Ձեզ՝ Նիկոլ Փաշինյանն ինքնակամ հրաժարական կտա՞:

- Ինքնակամ չեմ պատկերացնում, որ հրաժարական տա: Մանիպուլյացիաներով երկար չես ձգի, ժողովրդին երկար չես կարողանա քո քաղաքական հնարքներով խաբել: Անընդհատ նախկինների մասին խոսելով՝ պահես երկիրդ: Բայց կարծում եմ, որ եթե քաղաքացիական ճնշումը թեժ լինի, ակտիվ լինի, եւ եթե որոշակի գիտակցություն ունենա վարչապետի աթոռը զբաղեցնողը, կհասկանա, որ երկար ժամանակ չի կարող այդ ճնշմանը դիմանալ, եւ միակ ճանապարհը, լավագույն ճանապարհն իշխանությունից հրաժարվելն է: Սակայն իշխանությունից հրաժարվելը դեռ չի ենթադրում, որ որոշ խնդիրներ լուծվեցին: Այդ անձը պիտի պատասխանատվություն կրի իր կառավարման տարիների մի շարք խնդիրների, այդ թվում նաեւ՝ պատերազմի հրահրման համար:

- Դուք «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր եք եղել: Ինչպիսի՞ կարծիք, դիրքորոշում ունեք խմբակցության առաջնորդի՝ Էդմոն Մարուքյանի գործունեության վերաբերյալ, որ համաձայնեց եւ ստանձնեց Փաշինյանի՝ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը:

- Կուսակցությունից դուրս գալուց հետո չեմ հետեւել իր գործունեությանը, ինչ-որ ակտիվություն էլ կարծես թե չեմ նկատում: Ես իմ կարծիքը հայտնել եմ կուսակցությունից դուրս գալուց հետո: Նշանակումից ընդամենը երկու կամ երեք օր հետո դիմում ներկայացրի եւ անդամակցությունս դադարեցնելու մասին կուսակցությունում մեկնաբանեցի, որ խնդիրը հենց նրանում է, որ համագործակցությունը գործող իշխանությունների հետ չեմ ընդունում եւ չեմ հավակնում։ Դա է եղել իմ դիրքորոշումը: Նրա նշանակումից արդեն իսկ պարզ էր ամեն բան, էլ խոսելու անհրաժեշտություն չկար: Այսքանով իմ քաղաքական համագործակցությունն ավարտվեց: