Կարևորը ճիշտ ժամանակին գնահատված լինելն է․ Սոֆի Դևոյան

Կարևորը ճիշտ ժամանակին գնահատված լինելն է․ Սոֆի Դևոյան

Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում այսօր տեղի ունեցավ «Ազգային ընտրանի-Հարյուրամյակի առաջնորդներ»մրցանակաբաշխությունը։

Մրցանակաբաշխության հիմնադիրն ու հովանավորը Ենոք Ազարյանն է, ով «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ նախագիծն իրականացվել է «Ռուսական Ռեգիստր» միջազգային ասոցիացիայի, «Բիզնես Դիալոգ», «Top Ten Award» և միջազգային այլ հեղինակավոր  ընկերությունների և կազմակերպությունների համատեղ ջանքերով։

Իրավաբանական գիտությունների դոկտոր ԵՆոք Ազարյանը շեշտեց, որ այս միջոցառումն ապաքաղաքական է ու նպատակ ունի մի հարկի տակ միավորել, գիտության, մշակույթի ու արվեստի, սպորտի վաստակավոր գործիչներին, ազգային միասնություն ձևավորելու, արժեքների պահպանման և ամրապնդման ավանդույթ ձևավորելու համար։

«Այս մրցանակաբաշխության շնորհիվ ուզում ենք մեր հարգանքը ցույց տալ գիտության, սպորտի ու մշակույթի ոլորտում մեծ ավանդ ունեցող մեր ազգակիցների նկատմամբ, ցույց տալ, որ նրանց վաստակը գնահատվում է»,-ասաց Ազարյանը։

Միջոցառմանը հրավիրված էին աշխարհահռչակ հայ մարզիկներ, հանրահայտ կոմպոզիտորներ, ռեժիսորներ, դերասաններ, գիտնականներ, բժիշկներ, առաջատար կազմակերպությունների ղեկավարներ, գործարարներ, արցախյան ազատամարտի հերոսներ, լրագրողներ, սփյուռքի ականավոր հայորդիներ և արտերկրից հյուրեր:
Միջոցառման ընթացքում իրենց ունեցած ավանդի համար պարգևատրվեցին աշխարհահռչակ գիտնական, ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանը՝ Մենդելեեւի աղյուսակում Օգանեզոն քիմիական տարրի հայտնաբերողն ու հեղինակը, ԵՎրոպական խաղերի չեմպիոն, Օլիմպիական խաղերի մեդալակիր, ՀՀ վաստակավոր սպորտի վարպետ Արթուր Դավթյանը, ՀՀ Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյանը, ընմբշամարտիկ Ռոման Ամոյանը, դերասան Հարություն Մովսիսյանը, գրող Հուսիկ Արան, կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը, նկարիչ Հենրի Թադևոսյանը և այլք։

Դերասանուհի Սոֆի Դևոյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց․ «Կարևորը ճիշտ ժամանակին գնահատված լինելն է» եւ հավելեց, որ նման միջոցառումների շնորհիվ հնարավորություն են ստանում տեսնել հին ու բարի ընկերներին, վերհիշել մարդկանց, դեպքեր ու իրադարձություններ ու վերականգնել մարդկային շփումը, որը կյանքի այս ռիթմի պարագայում կտրվել է։