Ատոմակայանի տնտեսական թիմը պետք է վճարի ու հեռանա

Ատոմակայանի տնտեսական թիմը պետք է վճարի ու հեռանա

ԱԱԾ-ն երեկ հայտնեց կոռուպցիոն նոր բացահայտման մասին։ Ծառայությունը տվյալներ ունի, որ ՀԱԷԿ աշխատողների հետ կապեր ունեցող ինչ-որ անձինք իրենց տնօրինության տակ գտնվող ընկերությունների միջեւ վերավաճառքի գործարքներ են ձեւակերպել, որոնց հետեւանքով ուռճացվել են ապրանքների գները։ «Արդյունքում շուրջ 7 մլն ՀՀ դրամ արժեքով անվտանգության պահեստամասերը 2017-2018 թվականների ընթացքում ՀԱԷԿ-ին վաճառել են 33 մլն դրամով` այդպիսով վատնելով շուրջ 25 մլն ՀՀ դրամ»,- ասված է ԱԱԾ հաղորդման մեջ:

ԱԱԾ տեղեկատվական կենտրոնի տնօրեն Սամսոն Գալստյանը հայտնեց, որ քրեական գործ հարուցվել է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Որքան էլ զարմանալի է, ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի մասին «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ-ում ոչ ոք չգիտեր կամ էլ ձեւացնում էին, թե չգիտեն։ ՀԱԷԿ տնօրեններից ոչ մեկը ժամը 4-ի դրությամբ աշխատանքի վայրում չէր։ 
Ընդհանուր հարցերով տնօրեն Արսեն Քամալյանը մեզ հեռախոսով հայտնեց, որ գործի մասին ոչ մի տեղեկություն չունի, իսկ ԱԱԾ հաղորդագրությունը նա կարդացել է կայքերից մեկում։ «Այն ոնց որ թե վերաբերում է 2016-2017 թվականներին։ Ստույգ չեմ կարող ասել՝ նո՞ր գործ է, թե՞ հին»,- ասաց Արսեն Քամալյանը, որը նախկին ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանի հետ բարեկամական կապ ունի։

Սակայն, դատելով ԱԱԾ հաղորդագրությունից, խոսքը նաեւ 2018 թվականին կատարված գործարքների մասին է։ Հնարավո՞ր է, որ Կուտոյանի բարեկամը լինելու հանգամանքն է դեր խաղացել, որ հենց տնտեսական հարցերն են ստուգում։ Մեր հարցին Քամալյանը պատասխանեց․ «Ես չգիտեմ, թե Դուք ինչի մասին եք խոսում։ Դիմեք լրատվության բաժին»։ Փաստորեն, տնտեսական հարցերը համակարգող տնօրենը տեղյակ չէ մատակարարումներից ու գնումներից։ «Տեղեկատվությունն իմ իրավասության մեջ չի մտնում, ես պայմանագրերով, տնտեսական հարցերով չեմ զբաղվում»,- առարկեց նա մեզ։ Լրատվության պատասխանատու Լիլիթ Գրիգորյանը հաստատեց, որ Արսեն Քամալյանը հենց տնտեսական հարցերով է զբաղվում։

«Ոչ միայն տնտեսական բլոկով է զբաղվում։ Տարբեր արտադրամասերով զբաղվում են տարբեր տնօրեններ»,- ասաց նա, սակայն նույն անտեղյակությունն էլ լրատվական բաժնում էր․ «Մենք ոչ մի ինֆորմացիայի չենք տիրապետում, քանի որ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը երկու շաբաթ է՝ գործուղման մեջ է։ Նա նախարարի հետ մեկնել է Վիեննա։ Վերադարձել է, սակայն այսօր աշխատանքի չի եկել»։ Կա՞ն արդյոք ստուգողներ ՀԱԷԿ-ի տարածքում։ Այս հարցին խոսնակը պատասխանեց․ «Ստուգողներն անընդհատ մեզ մոտ կան ու տարաբնույթ տեսանկյուններով կան։ Մենք ունենք ԱԱԾ Մեծամորի բաժանմունք, որն անընդհատ տարածքում է, այնպիսի ջոկատով են աշխատում, որ միեւնույն անձը երկու անգամ չի գալիս։ Բայց ասել, թե ինչով են զբաղված, չեմ կարող»։ Ապրանքի գինը թղթի վրա մի քանի անգամ բարձրացնելու տեխնոլոգիան, որի արդյունքում բյուջեից փողեր են դուրս գրվում, ՀԱԷԿ-ում նախկինում էլ է կիրառվել։ 2014 թվականին էլ այստեղ խոշոր գումարների յուրացումներ, ֆինանսական կոպիտ խախտումներ էին բացահայտվել։

ԱԱԾ-ն 2016 թվականին ավարտեց այս գործի քննությունը՝ պարզելով, որ ատոմակայանի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը, կոմերցիոն տնօրեն Ռուբեն Մովսեսյանը, գնումների գործընթացի պատասխանատու՝ ստորաբաժանման ղեկավար Էդիկ Ղազարյանը, «ստեղծելով կազմակերպված հանցավոր խումբ եւ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, կատարել են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն՝ պետությանը պատճառելով էական վնաս»: Այն ժամանակ խոսքը մոտ 784 մլն դրամի մասին էր, որը հիշյալ պաշտոնյաներն ամբողջությամբ վերականգնեցին։ Նրանք պայմանական պատիժներ ստացան։ Չի բացառվում, որ այս անգամ էլ լինի նույնը։ Հիշեցնենք, որ էներգետիկայի նախկին նախարար Աշոտ Մանուկյանի օրոք ատոմակայանի հաստիքացուցակն ուռճացվել էր, նոր ղեկավար պաշտոն էր ստեղծվել՝ գլխավոր տնօրենի առաջին տեղակալի, որը ենթարկվում էր իրեն եւ աստղաբաշխական աշխատավարձ էր ստանում՝ 1,5 մլն դրամ։ Այդ պաշտոնին նշանակված «գազավիկ» Արթուր Բաղդասարյանն իր տնտեսական «մինի թիմը» ստեղծեց ատոմակայանի ներսում, որն աշխատում էր ուղիղ նախարարի հետ եւ անկախ էր գործադիր տնօրենից։ Ֆինանսական տնօրեն Էդուարդ Սանամյանը ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության արդեն նախկին պետ Սամվել Սանամյանի որդին է։

Ընդհանուր հարցերով տեղակալն ԱԱԾ պետի բարեկամ Արսեն Քամալյանն է։ Նրանք իրենց ձեռքը վերցրին ֆինանսական, գնումների հարցերը։ Հենց այդ ժամանակ էլ ատոմակայանը սկսեց գործարքներ իրականացնել «մեկ անձից գնում» ռեժիմով: Այսօր օրվա տրամաբանությանը համահունչ՝ նախկինների մտերիմներից բաղկացած այս թիմը պետք է «մուծվի» ու հեռանա, եւ չի բացառվում, որ նոր չարաշահումները հենց այդ նպատակով էլ բացահայտվել են։