Դեսպանատան փողոցը կանվանափոխեն

Դեսպանատան փողոցը կանվանափոխեն

Անկարայի քաղաքային իշխանոթյունները որոշում են կայացրել անվանափոխել այն փողոցը, որտեղ գտնվում է ԱՄՆ նոր դեսպանատունը եւ այն կոչել աֆրոամերիկացի իսլամական հոգեւոր առաջնորդ եւ քաղաքացիական իրավունքների պայքարող Մալքոլմ Իքսի անունով։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Չանկայա շրջանում գտնվող 1478-րդ փողոցը, այսուհետ կկոչվի Մալքոլմ Իքսի անունով։ Ի դեպ այս տարվա փետրվարին էլ որոշում էր կայացվել, որ հին դեսպանատան շենքի փողոցը անվանափոխվելու է եւ կոչվելու ի պատիվ սիրիական Աֆրինում իրականացված «Ձիթենու ճյուղ» օպերացիայի։ Մալքոլմ Իքսը եղել է սեւամորթների իրավունքների ջերմեռանդ պաշտպան։ Առաջ է քաշել իսլամ ազգություն գաղափարը։ Ղեկավարել է բազմամարդ շարժում, որին անդամակցել է նույնիսկ հայտնի բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին։ Սպանվել է 1965-ին նյու-յորքյան Հառլեմում, հանրային ելույթի ժամանակ։