Ջեյմս Թրյուշարդը -հանդիպել է ՏՀՏ համայնքի հետ

Ջեյմս Թրյուշարդը -հանդիպել է ՏՀՏ համայնքի հետ

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի այս տարվա դափնեկիր «Նեյշնլ ինսթրումենթս» կազմակերպության համահիմնադիր դոկտոր Ջեյմս Թրյուշարդը երեկ այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ: Դոկտոր Թրյուշարդն իններորդն է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին արժանացածների շարքում:

Կարճ դասախոսությունից առաջ տեղի ունեցավ դոկտորի համատեղ մամուլի ասուլիսը տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող Հովիկ Մուսայելյանի եւ Ինժեներական ասոցիացիայի խորհրդի նախագահ Արամ Սալաթյանի հետ: Արշակյանը ողջունել եւ երախտագիտություն է հայտնել հյուրին՝ կարեւորելով այն մեծ ավանդը, որ Ջեյմս Թրյուշարդն ունի ինժեներական ոլորտի հեղափոխական զարգացման գործում: «Այսօրինակ մրցանակաբաշխության դերը շատ մեծ է մեր երկրի համար՝ նկատի ունենալով նաեւ կառավարության այն տեսլականը, որով Հայաստանը պիտի դառնա բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական եւ գիտատեխնիկական հնարավորություններով երկիր: ՏՏ ոլորտում մեծագույն ներդրում եւ որակական փոփոխություն բերած մարդիկ, գալով Հայաստան, իրենց արժեքավոր փորձն են բերում մեր երկիր եւ բարձրացնում Հայաստանի ճանաչելիությունը»,- նշել նա: «Համաշխարհային ՏՏ մրցանակը՝ որպես Հայաստանում իրականացվող շարունակական նախաձեռնություն, ավելին է, քան աշխարհի ՏՀՏ քարտեզի վրա Հայաստանի դիրքերն ամրապնդելն ու երկրի հեղինակությունը բարձրացնելը: Չափազանց կարեւոր է, որ մրցանակի շրջանակներում Հայաստան են ժամանում եւ ՏՀՏ համայնքի ու նաեւ երիտասարդների համար դասախոսում այս ոլորտում իրապես նորը ստեղծած մարդիկ, ում դարակազմիկ հայտնագործությունները թելադրել են աշխարհի զարգացման հետագա ուղղությունը:

Մրցանակի դափնեկիրները, ինչպես բոլոր ժամանակների տաղանդավոր մարդիկ, չեն նմանակել նախորդներին, չեն անցել ուրիշի տրորած ճանապարհով, չեն ձգտել տեղավորվել մինչ այդ գործող խաղի կանոններում: Հայաստանն ունի մտավոր այն անհրաժեշտ ներուժը, որը թույլ կտա ոչ միայն զարգացնել ՏՀՏ ոլորտը՝ իբրեւ երկրի մրցակցային առավելություն, այլեւ երկարաժամկետ կտրվածքով ստեղծել նոր որակ ՏՀՏ ոլորտում ու արժանապատվորեն կանգնել ՏՀՏ հսկաների հետ կողք կողքի»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 
«Տեղեկատվական տեխնոլոգիաների աշխարհում բազմաթիվ խոշոր դերակատարներ կան, սակայն նրանց մեջ կան մարդիկ, որոնք բացառիկ ներդրումներ են ունեցել մարդկության կյանքի ընթացքը փոխելու առումով, եւ մենք այս ամենամյա մրցանակաբաշխության միջոցով ուզում ենք նախ մեծարել նման անհատներին, ապա նաեւ հյուրընկալելով նրանց Հայաստանում՝ հաղորդակից լինենք այդ հսկաների հետ, քանի որ մենք շատ սովորելու բան ունենք նրանցից»,- ասել է Հովիկ Մուսայելյանը:

«Այս տարի մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովը որոշում է կայացրել, որ 2018 թվականի հաղթողը լինելու է դոկտոր Ջեյմ Թրյուշարդը՝ «Նեյշնլ ինսթրումենթս»  ընկերության համահիմնադիրը: Դոկտոր Թրյուշարդը «ԼաբՎյու» ծրագրավորման լեզվի համահեղինակն է, որը համապատասխանում է չափումներ կատարելու ժամանակ գիտնականների եւ ճարտարագետների մտածելակերպին: «Նեյշնլ ինսթրումենթսն» առաջնորդում էր այն ուղղությունը եւ մոտեցումները, որով գիտնականներն ու ճարտարագետները  լուծում են այնպիսի համաշխարհային խոշորագույն ճարտարագիտական մարտահրավերները, ինչպիսիք են այլընտրանքային էներգիայի աղբյուրների մատչելիությունը, բնական պաշարների հասանելիությունը, դեղագործության եւ առողջապահական համակարգի զարգացումը ու թվայնացումը եւ այլն»,- ասել է  Ինժեներական ասոցիացիայի խորհրդի նախագահ Արամ Սալաթյանը:

Դոկտոր Ջեյմս Թրյուշարդը Հայաստան է ժամանել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական՝ այս անգամ իրեն շնորհված հեղինակավոր մրցանակը ստանալու համար: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունենալու այսօր՝ ՀՀ վարչապետի նստավայրում: