Լուրջ ճնշումներ կան

Լուրջ ճնշումներ կան

Մենք զրուցեցինք ՀՀԿ շտաբի ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ։

-Պարոն Հարությունյան, ՀՀԿ ընտրացուցակից երեկվանից ինքնաբացարկներ են ներկայացնում ձեր կուսակիցները, երեկ Հերմինե Նաղդալյանի բացարկի մասին հայտնի դարձավ, այսօր Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի, եւս մի քանի հոգու։ Ձեզ հայտնի՞ է՝ ինչ պատճառներով են ՀՀԿ-ական պատգամավորները կես ճանապարհից լքում ընտրապայքարը։

-Հավանաբար որոշ պատճառներ ունեն, որոնք չեն բարձրաձայնում։

-Ինչ պատճառներ են՝ անձնական, թե՞․․․

-Դժվար է ասել, քանի այդ անձինք չեն հրապարակել։ Հերմինե Նաղդալյանը այդ մասին հրապարակել է, ասում է անձնական պատճառներով է, իսկ մյուսների մասին տեղեկություն չկա։

-Իսկ հնարավո՞ր է իշխանությունը ճնշումներ է գործադրում ձեր թեկնածուների վրա։

-Հիպոթետիկ հարցերին ես ինչպե՞ս պատասխանեմ, ես տեղեկություն չունեմ, ինչպես կարող եմ պատասխանել։

-Ձեր կուսակից ընկերները չեն խոսել ձեր հետ, չեն նշե՞լ հեռանալու պատճառները։

-Ոչ, ենթադրում եմ, որ բոլորը կասեն՝ անձնական, եթե անգամ լինեն ճնշումներ, միեւնույն է կասեն՝ անձնական պատճառներով, չեմ կարծում, որ որեւէ մեկը հայտարարի այդ ճնշումների մասին։ Մարդիկ, ովքեր ենթարկվում են ճնշումների, շարունակում են զբաղվել քաղաքականությամբ, շարունակում են իրենց պայքարը, եթե մտահոգվելու առիթ ունենան ու հրաժարվեն, դժվար թե հայտարարեն այդ մասին։

-Հնարավո՞ր է, որ ձեր թիմից էլի հեռացողներ լինեն, ինքնաբացարկներ հայտնեն։

-Ինքնաբացարկների ժամկետը, եթե չեմ սխալվում, լրանում է այսօր, բայց սա էլ հիպոթետիկ հարց է եւ չեմ կարող պատասխանել։

-Բայց Դուք այդ կուսակցության շտաբի պետն եք չէ՞, շփվում եք ձեր թեկնածուների հետ, չգիտե՞ք ինչ տրամադրություններ, մտադրություններ կան։

-Ճիշտ եք ասում, բայց հիմա բացառել կամ կանխատեսել չեմ կարող։

-Ի՞նչ տրամադրություններ կան, ճնշված են, մտահոգված են ձեր թեկնածուները, կա՞ն իրենց նկատմամբ ճնշումներ, թե ոչ։

-Ճնշումները, որ առկա են, կարծում եմ՝ ակներեւ է բոլորի համար, բայց դա չի նշանակում, որ մարդիկ չպետք է շարունակեն իրենց քաղաքական պայքարը, ի վերջո, այդ պայքարը երբեւէ հարթ չի եղել։ Այլ հարց է, որ կան շատ լուրջ ճնշումներ եւ դրանք ակներեւ են։ Բավական է հետեւել վարչապետի պաշտոնակատարի քարոզարշավին եւ դրանք կերեւան։

-Այսինքն, հանրային տրամադրությունների՞ց են ձեր թեկնածուները ճնշվում, թե՞ իշխանությունն անհատական է ճնշում ինչ-ինչ փաստերով, կոմպրոմատներով, օրինակ, կան տեղեկություններ, որ տիկին Նաղդալյանին վախեցրել են իր շինարարական կազմակերպությունների գործունեությամբ եւ այլն։

-Եթե հետեւում եք իշխող ուժի հռետորաբանությանը, ապա կստանաք նաեւ Ձեր հարցի պատասխանը։ Այն բառապաշարը, այն տերմինաբանությունը, որ օգտագործվում է ինքնին մեկ նպատակ է հետապնդում՝ ենթարկել մարդկանց ճնշումների։