«Իմ քայլի» բախտը բերել է

«Իմ քայլի» բախտը բերել է

Թավշյա հեղափոխությունից, ավելի ստույգ՝ իշխանափոխությունից հետո «Իմ քայլը» դաշինքում, այնուհետ կառավարման համակարգում հաճախ հայտնվեցին մարդիկ, որոնք չունեին ոչ միայն կառավարման փորձ, այլեւ հրապարակային խոսքում մտքերը ճիշտ շարադրելու եւ արտահայտելու ունակություն:

Արդյունքում ստացվեց այնպես, որ հաճախ հրապարակային խոսքում արտահայտվեցին մտքեր, որոնք հանրությունը չընդունեց եւ մերժեց:

Կարգին Հայկոն՝ իր սեւ-սպիտակ բաժանարարով, Սասունը՝ Արցախյան գոյամարտի հաղթանակը վերաիմաստավորելով, եւ այլոք հաճախ ստվեր են գցում հանրային կարծիքի վրա, եւ մարդիկ ստիպված փորձում են հասկանալ իշխող խավի արտաբերած խոսքի իմաստը:

Եվ հենց այստեղ իր թիմակիցներին փորձում է օգնության գալ Նիկոլ Փաշինյանը: Նա, երկար տարիներ լինելով տարբեր թերթերի գլխավոր խմբագիր, փորձում է… խմբագրել եւ սրբագրել իր թիմակիցների արտահայտած խոսքը եւ այն ներկայացնել երկրորդ խմբագրությամբ:

Այսքանից հետո ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կա՛մ թիմակիցներին պետք է փոխի, կա՛մ էլ նրանց պետք է արգելի բարձրաձայն հրապարակային խոսք ասել…:

Բոլոր դեպքերում թիմակիցների բախտը բերել է, որ Նիկոլը երկար տարիներ տարբեր թերթերի գլխավոր խմբագիր է աշխատել:

Գառնիկ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ

Հայաստանի բուհերի արհմիության նախագահ