ՔՈ-ն առաջարկում է վերացնել կոչումներն ու մեդալները, 102-րդ ռազմաբազայի պայմանագիրը

ՔՈ-ն առաջարկում է վերացնել կոչումներն ու մեդալները, 102-րդ ռազմաբազայի պայմանագիրը

Դեկտեմբերի 9-ի ընտրություններից 1 ամիս առաջ ստեղծված «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ ՔՈ-ն, իր նախընտրական ծրագրում հանդես է եկել բազում նորարարական գաղափարներով ու արմատական առաջարկներով։ Դրանցից են նաեւ «ճշմարտության եւ հաշտեցման», վեթթինգային հանձնաժողովների ստեղծումը։

Առաջին հանձնաժողովը պետք է ստեղծվի օրենքի հիման վրա եւ հետաքննություններ անցկացնի՝ պարզելու 1991-2018թթ. ընթացքում տեղի ունեցած մարդու իրավունքների հիմնարար խախտումները (օրինակ` կոռուպցիայի, զանգվածային ընտրակեղծիքների, Մարտի 1-ի, պետական կարիքների համար գույքի օտարման եւ այլ գործեր)։ Խորհրդարան մտնելու եւ իշխանության գալու դեպքում ՔՈ-ի երիտասարդները խոստանում են նաեւ կոմպենսացիա, ռեաբիլիտացիա, սատիսֆակցիա կոռուպցիայի, զանգվածային ընտրակեղծիքների, 2008թ. մարտի 1-ի, պետական կարիքների համար գույքի օտարման եւ այլ գործերի զոհերին՝ փոխհատուցման ծրագրերի տեսքով։ Ի դեպ, դրանք կարող են լինել դրամական-նյութական եւ ոչ նյութական բնույթի։

Մեկ այլ ծրագրային դրույթ․ մարդու իրավունքների հիմնարար խախտումներ թույլ տված անձինք պետք է պատժվեն քրեական գործերի վերաբացման միջոցով։ Նաեւ պետք է օրենսդրորեն վերանայվեն կոռուպցիոն հանցագործությունների կատարման վաղեմության ժամկետներն ու հետադարձ ուժ տալու հնարավորությունները։ Վեթթինգային հանձնաժողովի ստեղծումը ծառայության համակարգի բարեփոխումներից է։ Այն պետք է պետական ծառայության համակարգը մաքրի օրինախախտ, ոչ պրոֆեսիոնալ, ոչ բարեխիղճ պետական ծառայողներից։

Ի տարբերություն քաղաքական դաշտի շատ հնաբնակների, ՔՈ երիտասարդները հանգամանալից ու մանրամասն մշակութային ծրագիր ունեն ու նաեւ պատասխաններ՝ կինոյի, թատրոնի, դասական երաժշտությանն ու ժամանակակից արվեստին առնչվող խնդիրների մասին «ինչ անել» հարցին։ Այլ հարցերի թվում առաջարկվում է նաեւ վերանայել մշակութային հիերարխիաները վերարտադրող պետական կարգավորումները եւ դրանց չափանիշները՝ կոչումներ, մեդալներ եւ այլն։ ՔՈ-ի ծրագրում առանձին բաժին նվիրված է ավիացիային։ Սահմանապահ գյուղերում յուրաքանչյուր ընտանիքի համար ուսումնասիրել եւ սկզբնական ներդնել ակոսավոր հրացաններ տրամադրելու հնարավորությունը՝ վերահսկողությունը դնելով ոստիկանության վրա։

Նաեւ ՔՈ-ն գտնում է, որ պետք է վերանայել ՀՀ եւ ՌԴ պայմանագրերը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ սա առաջին հերթին վերաբերում է սահմանապահ զորքերի ծառայության ռեժիմին եւ կարգավիճակին, ինչպես նաեւ 102-րդ ռազմաբազայի գործունեության ռեժիմին ու կարգավիճակին։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ