Յոթ վտանգ՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության համար
«Ես ոչ միայն պատիվ ունեմ լինել «Իմ քայլը» դաշինքի վարչապետի թեկնածու, այլեւ, հույս ունեմ, Հայաստանի ժողովրդի կողմից առաջադրվող ժողովրդի թեկնածու:
Սա, առաջին հերթին, ՀՀ վարչապետի ընտրություն է: Եվ բոլոր նրանք, ովքեր ուզում են քվեարկել ինձ որպես վարչապետի թեկնածու, պետք է քվեարկեն «Իմ քայլը» դաշինքի օգտին»,- նոյեմբերի 26-ին, նախընտրական հանդիպման ժամանակ, հայտարարել է այդ դաշինքի ցուցակը գլխավորող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Պարտադրաբար խորհրդարանական կառավարման անցած Հայաստանի համար վարչապետի պաշտոնը թեպետ երկրի փաստացի ղեկավարի պաշտոնն է, սակայն նրան ընտրելու իրավասությամբ օժտված է Ազգային ժողովը: Փաշինյանի՝ վերոնշյալ հայտարարությունը նախընտրական կոչ է՝ մեծաթիվ քվեներ տալ «Իմ քայլը» դաշինքին, որ խորհրդարան անցնելիս այդ միավորը, իր հերթին, անխոչընդոտ կարողանա ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրել Նիկոլին: Նախընտրական տրամաբանությամբ՝ արդարացված մոտեցում է, մանավանդ եթե նկատի ունենանք, որ մնացյալ միավորների ձգտումները սկսում են ԱԺ-ի 2-րդ տեղից եւ ավարտվում այնտեղ հայտնվելու վերջին մեռնող հույսով:
Իրականում Նիկոլի՝ վարչապետի պաշտոնում իրեն տեսնելու այս հայտարարությունը եղել է թե՛ հեղափոխական, թե՛ հետհեղափոխական Հայաստանի քաղաքական օրակարգի միակ հարցը. մնացյալ հարցերը եղել են ածանցյալ: Ընտրվե՛լ, դառնա՛լ, լինե՛լ վարչապետ՝ սա է Նիկոլի քաղաքական ձգտումների առանցքը, որի շուրջն էլ ընթանում է «Քաղաքացիական պայմանագրի» ընտրարշավը: Եվ այս առումով ՔՊ-ի առաջարկած կարգախոսի նախնական տարբերակը՝ «Նիկոլ՝ վարչապետ», խտացնում է ոչ միայն կայսերն ավելի մոտ կանգնելու ՔՊ-ականների ձգտումները, այլեւ Նիկոլի հիմնական նպատակը:
ՔՊ-ի կարգախոսը, իհարկե, հանրային քննադատության արդյունքում փոխվեց, սակայն չփոխվեց Նիկոլի նպատակը՝ վարչապետ ընտրվել հնարավորինս բարձր տոկոսներով, հնարավորինս մեծ լեգիտիմությամբ՝ ապահովելու միանձնյա կառավարումը եւ նշմարվող քաղաքական դեսպոտիզմը:
Միաժամանակ, նույնիսկ ամենաաչալուրջ իշխանությունը սխալվում է իշխանությունը պահպանելու ճանապարհին: Այնպես, ինչպես սխալվել են Հայաստանը կառավարող նախկին իշխանությունները: Իշխանությունը պահպանելու տենդագին ձգտման ճանապարհին երբեմն աննկատ եւ անկարեւոր են համարվում այն խոչընդոտները, որոնք արագորեն եւ անսպասելի վերածվում են իրական վտանգների իշխանության պահպանման համար:
Եվ եթե դիտարկենք այդ վտանգները՝ նվազման հաջորդականությամբ եւ աճող կարեւորությամբ, ապա Նիկոլ Փաշինյանի վարչապետության համար ի հայտ կգան յոթ իրական վտանգներ: Այսպես:
Յոթերորդ վտանգը դեռ երեկ աշխույժ գործունեության լայնածավալ լուսաբանմամբ առանձնացող, սակայն այսօր արդեն ստվեր մղված ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն է: Հեղափոխությանը հաջորդած մի քանի ամիսների ընթացքում Վանեցյանի աճող հանրային վարկանիշը, նրա անընդունելի ներգրավումը քաղաքական գործընթացներին, օտարերկրյա դիվանագետների հետ նրա մեծաթիվ հանդիպումները վկայում էին, որ ԱԱԾ-ն վարչապետի պաշտոնում Փաշինյանին փոխարինող է պատրաստում: Տարաբնույթ աղմկահարույց բացահայտումների դափնեպսակը մշտապես կրում էր Վանեցյանը: Իր վարչապետական պարտականությունները մոռացած, սակայն այդ վարչապետության սպառնալիքներին ակնդետ հետեւող Նիկոլ Փաշինյանն աստիճանաբար սկսեց զգալ այդ վտանգը, եւ այժմ թվում է, որ Վանեցյանի վրա դրված են այնպիսի պարտականություններ, որ նրա կերպարի հանրայնացումը նվազագույնի հասցվի:
Ներքաղաքական գործընթացներից ԱԱԾ ղեկավարի «արտաքսումը», անշուշտ, կարեւոր է, սակայն ենթադրելի է, որ այն պայմանավորված է բացառապես Փաշինյանի իշխանության վտանգազերծմամբ: Յոթերորդ հորիզոնականում հանգրվանած այս վտանգը՝ Արթուր Վանեցյանի կերպարով, բավականին իրական է, եւ չի բացառվում, որ անվտանգության մարմիններն ինչպես Նիկոլին աջակցեցին իշխանության գալու, այնպես էլ աջակցեն նրան փոխարինողին՝ Վանեցյանի կամ այլ թեկնածուի կերպարով:
Վեցերորդ վտանգը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է, որը թեպետ հանդես է գալիս Փաշինյանի բոլոր նախաձեռնությունները պաշտպանողի դերում, սակայն սպասում է իր աստեղային ժամին: Միջազգային ասպարեզում լայն կապեր ունեցող, արտերկրի ՀՀ դեսպանություններ իր կադրերին գործուղող Արմեն Սարգսյանը ՔՊ-ի կազմի աճող անլրջության կողքին տարբերվում է իր փորձառությամբ, հեռատեսությամբ, խորամանկությամբ, բարեկրթությամբ: Նա գրեթե չի խառնվում ներքաղաքական կյանքին, որին առանձնապես տեղյակ չէ, եւ զբաղվում է նրանով, ինչից տեղյակ չէ Նիկոլը՝ արտաքին քաղաքականությամբ: Այստեղ փոխհամաձայնություն կա նրանց միջեւ, սակայն փոխհամաձայնություն չի կարող լինել հետագա իշխանության հարցում: Փաշինյանի եւ նրա թիմի հանդեպ անվստահության աճի հետ մեկտեղ աճելու են նաեւ Արմեն Սարգսյանի հավակնությունները՝ դառնալ իշխանության փաստացի տերը:
Հինգերորդ վտանգը «Սասնա ծռեր» եւ Հանրապետական կուսակցություններն են, որոնք այսօր թեպետ ամբողջական իշխանության չեն կարող ձգտել, սակայն հավակնում են օրենսդիր իշխանության մաս կազմել, իսկ վաղը կարող են լրջորեն սասանել Նիկոլի վարչապետության հիմքերը: Հինգերորդ հորիզոնականը զբաղեցնող այս երկու կուսակցությունների արտաքին աջակիցներն իրականում անհայտ են, ինչն ավելի է մշուշում Նիկոլի իշխանության հանդեպ հետագա հարվածի ուղղությունը:
Չորրորդ վտանգը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման՝ միջազգային միջնորդների՝ ընտրություններին հաջորդող պահանջներն են լինելու: Այդ վտանգը կտրուկ աճեց Նիկոլի թիմակցի՝ Սասուն Միքայելյանի աղմկահարույց ձեւակերպմամբ, ըստ որի՝ այս հեղափոխության հաղթանակն ավելի կարեւոր էր, քան ղարաբաղյան հաղթանակը: Այն հանգամանքը, որ այս ձեւակերպումը կարող է դառնալ քաղաքական մոտեցում կամ ծրագիր, ահազանգում են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հանդեպ Նիկոլի երբեմնի մերժելի մոտեցումները՝ նախկին բլեյանական թիմում, տերպետրոսյանական թիմում, ինչպես նաեւ ղարաբաղյան շարժումը, նրա գաղափարները եւ գաղափարակիրներին մերժելու ՔՊ-ի անթաքույց վարքագիծը: Թեպետ քաղաքականության մեջ Փաշինյանի համար ոչ միայն դոգմաներ չկան, այլեւ ազգային արժեքներ, այդեւայլ պատճառներով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման փորձերը գրավում են չորրորդ հորիզոնականը:
Երրորդ վտանգն ի հայտ է գալիս Փաշինյանի քաղաքական թիմով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տեսքով: Քաղաքական հայացքների եւ մտքի բացակայությամբ, ամորֆ, անտեսակետ, պետականաշինության եւ քաղաքական հետագծի պակասով, ինքնավստահության եւ հավակնությունների ավելցուկով, ներկուսակցական խարդավանքներով առլեցուն այս թիմը Նիկոլի վարչապետության վտանգների շարքում երրորդ հորիզոնականում է:
Երկրորդ վտանգը հասարակական կարծիքն է, որն այսօր թեպետ աջակցում է Նիկոլին, սակայն աստիճանաբար եւ անխուսափելիորեն փոխվելու է չարդարացված հասարակական սպասումների, չիրականացված խոստումների, սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակի, չդադարող արտագաղթի պատճառով: Հեղափոխությունից մեկ տարի անց Երեւանի փողոցներում Նիկոլի այսօրվա ամենահավատարիմ եւ աներկբա աջակիցները բարձրացնելու են նոր կարգախոս՝ «Մերժի՛ր Նիկոլին»: Հասարակական այդօրինակ կարծիքի ձեւավորմանը էապես նպաստելու են նաեւ ԶԼՄ-ները: Արագորեն փոխվող հանրային կարծիքը երկրորդ հորիզոնականում է:
Առաջին վտանգը, իր վարչապետությունը պահպանելու ճանապարհին, եղել եւ մնում է հենց Նիկոլ Փաշինյանը: Բարձրագույն իշխանություն լինելու, միանձնյա կառավարման ձգտումներով, իրական գործընկերներին՝ հակառակորդների, մրցակիցներին՝ թշնամիների վերածելու տարակուսելի տաղանդով: Իշխանությունը Նիկոլի մեջ բացահայտեց մտահոգիչ հատկություններ եւ վարքագիծ ունեցող գործչին՝ քննադատությունը մերժող, առարկություններ չհանդուրժող, քաղաքական համոզմունքներ եւ գաղափարներ չունեցող, հավասարակշռությունն արագորեն կորցնող, իշխանությամբ սպառնալու մերժելի հատկություններով: Նիկոլ Փաշինյանը կարող է ձախողել Հայաստանի պետականությունը պետականաշինության գիտելիքների պակասի, արդյունավետ քաղաքական գործիչ չդառնալու, պետական գործչի եւ ոչ մի անհրաժեշտ հատկություն չունենալու պատճառով: Հայաստանի Հանրապետության հանդեպ ահռելի պատասխանատվության չափի չընկալումը, ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ բանակցություններ վարելու անկարողությունը, բռնապետական նկրտումները վտանգում են Հայաստանի պետականությունը:
Անկախ առաջիկա ԱԺ ընտրությունների արդյունքներից՝ 2019թ. Նիկոլ Փաշինյանի վարչապետության գլխին կախված այս յոթ վտանգները միանալու են՝ պարտադրելով նրան հանձնել վարչապետությունը եւ հեռանալ իշխանությունից:
Դժվար է հավատալ, որ Նիկոլ Փաշինյանը կարող է հեռացնել այդ վտանգները, մանավանդ որ դրանք առաջացել են հետհեղափոխական Հայաստանում հենց իր իշխանության սխալների, վատնած ժամանակի եւ հեղափոխությունը մսխելու հետեւանքով:
Կարծիքներ