ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել պատանդների առաջին խմբին

ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել պատանդների առաջին խմբին

ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված ՀԱՄԱՍ խմբավորումը սկսել է  իսրայելցի զինվորականներին հանձնել այս տարվա հոկտեմբերի 7-ից հետո պատանդ վերցված քաղաքացիներին: 

Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանը։

Առաջինը ազատ են արձակվել Թաիլանդի 12 քաղաքացիներ, ովքեր Իսրայել էին եկել սեզոնային աշխատանքի։ Թաիլանդի վարչապետը հաստատել է նրանց ազատ արձակումը։ Նրանցից հետո 13 իսրայելցիներ հանձնվել են Կարմիր խաչի աշխատակիցներին։
Պատանդներին ազատ են արձակում Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահ անցակետի միջոցով։ Նրանց դիմավորում են Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները, ինչպես նաև բժիշկներն ու հոգեբանները։ 

Այնտեղից ազատվածներին ուղղաթիռով կտեղափոխեն Իսրայելի հարավում գտնվող Հացերիմ ռազմական ավիաբազա, այնուհետև՝ հիվանդանոցներ։ Այնտեղ նրանք կհանդիպեն իրենց ընտանիքների հետ և բժիշկների հսկողության տակ կմնան առնվազն երկու օր, հայտնում է Haaretz-ը։

Իր 13 պատանդների դիմաց Իսրայելն այսօր ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներին կհանձնի 39 պաղեստինցիների, ովքեր պատիժ էին կրում իսրայելական բանտերում։ Նրանք այսօր ազատ են արձակվել Հորդանան գետի արեւմտյան ափի Օֆեր բանտից եւ Կարմիր խաչի ավտոբուսով տարվել Գազայի սահման: