Հանենք Փաշինյանին, հանենք

Հանենք Փաշինյանին, հանենք

Արտախորհրդարանական ընդդիմությունը՝ «Միասին» շարժման նախաձեռնությամբ, մարտի 27-ին Ազատության հրապարակում հերթական հանրահավաքն արեց։ Ելույթ ունեցողների հիմնական թեման Տավուշի 4 գյուղերն էին, որ իշխանությունը պատրաստվում է հանձնել թշնամուն։ Նախկին վարչապետ, «Միասին» շարժման անդամ Հրանտ Բագրատյանը, դիմելով ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանին, ասաց՝ այդ գյուղերն ադրբեջանական տարածքներ չեն, հայկական են՝ բոլոր առումներով: Սիմոնյանն ԱԺ-ում հայտարարել էր, թե փնտրում է մարդկանց, որոնք կասեն ու կապացուցեն, որ Տավուշի 4 գյուղերը հայկական են: «1980-ականներին Մոսկվայում Կրյուչկովի մոտ ե՛ւ Ադրբեջանն է ստորագրել, ե՛ւ Հայաստանը: Նույն՝ Ոսկեպարի մոտ մենք ունենք ստանալիք 31 հազար հեկտար հող: Դա 310 ք/կմ է: Եթե Ալեն Սիմոնյանն այդպիսի բան է ասել, նա ստախոս է»,- ընդգծեց Բագրատյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե պատերազմ կլինի, եթե չզիջեն այդ տարածքները, Բագրատյանը հակադարձեց. «Բա դու ինչի՞ համար ես վարչապետ աշխատում, պատերազմի վտանգ կա՝ պատրաստվիր: Պաշտպանական մեխանիզմները չեն աշխատում, որովհետեւ ինքն է վարչապետը»: Դիմելով Փաշինյանի ընտրազանգվածին՝ Բագրատյանն ասաց․ մի ամաչեք, որ իրեն եք ընտրել, ոչինչ, որ սխալվել եք։ «Ընտրել ենք, հիմա էլ չենք ուզում իրեն, խաբել ա մեր քաղաքացիներին։ 2018-ին որ գալիս էր իշխանության, հայտարարում էր, թե ժողովրդից 20 միլիարդ դոլար գողացել են, հեսա վերադարձնում է, ժողովուրդն էլ մտածում էր՝ հեսա որ էդ գումարը հետ բերի, չեն աշխատի, դրանով կապրեն։ Էդ ժամանակ երկրում կար ընդամենը 2 միլիարդ դոլար, թե էդ 20 միլիարդ դոլարը որտեղից էր ճարել, չհասկացանք։ Այ ընկեր ջան, դու էդ ի՞նչ շանտաժ ես անում, էս տեսակի մարդը, էս որակը` լավ, թողինք, եկավ իշխանության, բա հիմա չհանե՞նք»,- դիմելով ժողովրդին՝ հարցրեց Բագրատյանը։

Հավաքվածները բղավեցին՝ հանենք, հանենք։ Թեեւ նախապես հայտարարվել էր, որ հանրահավաքից հետո երթ կլինի, սակայն կազմակերպիչները հայտարարեցին, որ չեղարկում են՝ եղանակային պայմաններով պայմանավորված։