Սերգեյ Սկրիպալը մահացել է՝ հավաստիացնում է զարմուհին

Սերգեյ Սկրիպալը մահացել է՝ հավաստիացնում է զարմուհին

Ռուսական հատուկ ծառայությունների նախկին գործակալ, Մեծ Բրիտանիայում ապաստանած վտարանդի Սերգեյ Սկրիպալի զարմուհին կարծում է, որ նա արդեն վաղուց է, ինչ կենդանի չէ։ Այս մասին Վիկտորյա Սկրիպալը՝ Սերգեյ Սկրիպալի զարմուհին, պատմել է «ՖԱՆ» լրատվական գործակալությանը։ Հիշեցնենք, որ Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստրը՝ Յուլյա Սկրիպալը հայտնի դարձան համաշխարհային հանրությանը բրիտանական Սոլսբերիում տեղի ունեցած քիմիական թունավոր «Նովիչոկ» նյութով թունավորման դրվագով, որի մեջ Լոնդոնը մեղադրեց Մոսկվային։ Վիկտորյա Սկրիպալը կարծում է, որ բրիտանական մամուլում շրջանառված լուրերն այն մասին, որ Սերգեյ Սկրիպալի առողջական վիճակը վատացել է, նշանակում է, որ Լոնդոնը քայլ առ քայլ գործը տանում է մահվամբ հանգուցալուծման եւ հանցանշանների ու ապացույցների ոչնչացման։ «Ամեն ինչ ընթանում է մեկ տարի առաջ գրված սցենարի համաձայն։ Մեզ ոչ մի կերպ չեն թույլ տալիս տեսնել Սկրիպալներին՝ ոչ հիվանդին, ոչ առողջին։ Եթե Սերգեյին ցույց չեն տալիս, ապա նա պետք է մահանա»,- մանրամասնել է Վիկտորյա Սկրիպալը։ Նա հավելում է, որ եթե այսպես վերջանա գործը, ապա Յուլյա Սկրիպալին կհանձնեն հոր աճյունափոշին որը նա կհուղարկավորի եղբոր կողքին։ Սակայն կա մեկ նրբություն, ըստ Վիկտորյա Սկրիպալի․ դա այն է, որ Սերգեյ Սկրիպալի աճյունափոշին արդեն վաղուց է պատրաստ։