Արցախի նախագահն էլ է հայտարարել, որ իմացել ենք վտանգի մասին, բայց լուրջ չենք ընդունել

Արցախի նախագահն էլ է հայտարարել, որ իմացել ենք վտանգի մասին, բայց լուրջ չենք ընդունել

Երեկ լրացավ ապրիլյան քառօրյայի երրորդ տարելիցը, սակայն պատերազմի հետ կապված կարծիքներն իրարամերժ են։ Օրերս պաշտպանության նախկին եւ ներկա նախարարների խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը հայտարարել էր, որ ապրիլյան քառօրյայից 6 ամիս, այնուհետեւ՝ 3 ամիս, ավելին՝ 1 օր առաջ հետախուզությունը Պաշտպանության բանակի ղեկավարությանն ու Արցախի Հանրապետության նախագահին նախազգուշացրել ու տեղեկացրել էր թշնամու քայլերի մասին: Ապրիլի 1-ի գիշերը բանակի ղեկավարությունը հրավիրել էր Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու հետախուզության հաղորդածը, եւ սահմանափակվել էին մասնակի հանձնարարականներով՝ կարեւոր ու էական նշանակություն չտալով հետախուզության տեղեկատվությանը:

Խորհրդականի այս հայտարարությունը կրկին փոթորիկ բարձրացրեց արցախյան պաշտոնյաների շրջանում, պաշտպանության այդ ժամանակվա նախարար Լյովա Մնացականյանը հորդորեց․ «Իրականությունից անտեղյակ «խորհրդատուների» հորինվածքներին պետք է վերաբերվել համբերատարությամբ», ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանն էլ կոչ արեց իրավապահ մարմիններին գործ հարուցել այս «վտանգավոր» հայտարարության հիմքով՝ պատրաստակամություն հայտնելով, որ ինքն էլ կգնա հարցաքննության։ Երեկ Եռաբլուրում Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ապրիլյան քառօրյայի «կազմակերպված» լինելու մասին խոսակցություններին, արձագանքեց, որ ինքը «հիվանդ մարդկանց» հետ գործ չունի։ Լսեցինք Վարդան Ավետիսյանին։

- Պարոն Ավետիսյան, Սերժ Սարգսյանի կողմից «հիվանդ» որակումը Ձե՞զ էր վերաբերում, ի վերջո, պաշտոնական շրջանակներից միակ մարդն եք, որ ապրիլյան քառօրյայի մասին նման բան է ասել։

- Իհարկե՝ ոչ, Սերժ Սարգսյանը ճիշտ բան է ասել՝ ինչպե՞ս թե պայմանավորված է եղել։

- Ձեր հայտարարությունից չէ՞ր կարելի նման հետեւություն անել՝ կա՛մ պետք է «պայմանավորված» լինեին, որ հանցավոր անգործություն դրսեւորեին, կա՛մ էլ․․․

- Իհարկե՝ ոչ։ Ի՞նչ է նշանակում՝ պայմանավորվածություն է եղել, նշանակում է՝ Սերժ Սարգսյանն Ալիեւի հետ պայմանավորվել էր պատերազմի հարցում։ Աբսուրդ է։

- Եթե, Ձեր ասելով, հետախուզությունը նախապես իմացել է, զգուշացրել են, ինչո՞ւ չպիտի միջոցներ ձեռնարկեին։

- Դա իմ ասելով չէ, հարցը նրանում է՝ այն ինֆորմացիան, որը ես հրապարակել եմ, պարզապես կրկնել եմ, ինձանից առաջ էլ նույն բանն ասել են, օրինակ՝ 3 տարի առաջ, ապրիլի 7-ին Արցախի Հանրապետության նախագահը բրիֆինգի ժամանակ է հայտնել․․․ չե՞ք հիշում, որ հայտարարեց՝ մենք գիտեինք, բայց այդքան լուրջ չէինք ընկալում, լուրջ չենք վերաբերվել դրան, նույնն ասել է պաշտպանության նախարարը։

- Բայց մի քանի օր առաջ Լեւոն Մնացականյանի արձագանքը Ձեր հայտարարությանն այդ մասին չի վկայում։

- Լեւոն Մնացականյանը, Ձեր կարծիքով, ուրիշ ինչպե՞ս պիտի արձագանքեր։ Ինքն ասում է, որ ես անտեղյակ եմ, ոչ մի բանից խաբար չեմ, Վիտալի Բալասանյանն էլ հանցագործության մասին հաղորդագրություն է տվել ու ասել, որ պետք է քրեական գործ հարուցվի։ Բայց ճշմարտությունը մնում է ճշմարտություն։ Ես  հիմա էլ մնում եմ այդ պնդմանը, որը ձեւավորվել է լուրջ փաստերի հիման վրա։ Մեր հետախուզությունը, հետախուզական վարչությունն անընդհատ այդ ինֆորմացիան փոխանցել է, այսօր էլ անընդհատ նույնն է արվում։

- Հիմա իրավիճա՞կ է փոխվել, թե՞ նույն ձեւով են արձագանքում հետախուզության զգուշացումներին։

- Իհարկե, փոխվել է, պատշաճ կերպով աշխատանքներ են տանում, մենք պիտի դասեր քաղենք պատմությունից։

- Իսկ ինչո՞ւ նախկինում չէիք հայտարարում այդ մասին, երբ մեղադրանքներ էին հնչում, որ հետախուզությունը նախապես չի զգուշացրել, այդ պատճառով են մերոնք անակնկալի եկել եւ այլն, անգամ պաշտոնանկություններ եղան։

- Ո՞վ ասաց, որ չեմ խոսել, ես ասել ու ասում եմ այն, ինչ եղել է ճշմարտությունը։ Եթե որոշ մարդիկ անհանգստություն ունեն իմ հայտարարությունից, ես դրա խորքերն էլ գիտեմ՝ որտեղից է գալիս։ Ես կիսում եմ այդ մարդկանց անհանգստությունը։ Բայց պետք չէ անտեղյակ ու անիմաստ, անհիմն համարել իմ հայտարարությունը, եթե կարծում են, որ այդպես է, թող մտնեն դատարան, ես պատրաստ եմ վերահաստատել իմ ասածը։

- Եթե այդպես էր, ինչո՞ւ դեռ 3 տարի առաջ իրավական հետեւանք չի ունեցել այդ «հանցավոր անգործությունը»։

- Ես չեմ կարող ասել։

- Արցախի քաղաքական վերնախավում կարծում են՝ քանի որ Դուք Սամվել Բաբայանի հետ մտերիմ եք, նման հայտարարությամբ պարզապես նպատակ ունեք հարվածելու արցախյան քաղաքական վերնախավին․ սա  նախընտրական խայծ են համարում։

- Չգիտեմ, ինչ կարծիքի ուզում է լինեն, ես Սամվել Բաբայանի հետ ո՛չ հանդիպել եմ, ո՛չ տեսել եմ, ո՛չ էլ քննարկում է եղել, ես թողնում եմ իրենց խղճին։ 

- Կարծում եք Ձեր հայտարարությանը կհաջորդի իրավական գործընթա՞ց, մասնավորապես պատասխանատվության կկանչվե՞ն պատասխանատուները։

- Ես չեմ կարող ասել։