Արցախցին այնքան խոհեմ է, որ չի գնա այդ քայլին

Արցախում մեկ տարի անց սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ ներքին խմորումներ են սկսվել։ Չնայած արցախյան վերնախավը եւ նախկին ու ներկա իշխանավորները ներքին համաձայնության էին եկել, որ պետք է խաղաղ ընտրապայքար տանել ու չգնալ սրացումների՝ հաշվի առնելով արցախյան հակամարտությունը, սակայն «Սասնա ծռեր» կուսակցությունն ու Սամվել Բաբայանը խառնել են «տեղացիների» խաղաքարտերը։ Մի կողմից «Սասնա ծռերի»՝ Արցախը Հայաստանի մարզ հռչակելու նախաձեռնությունն է անհանգստություն առաջացրել քաղաքական շրջանակներում. կարծում են, որ սրանով կարող են «ռումբ» դնել իրենց իշխանության տակ՝ խաղալով արցախցիների զգացմունքների վրա, մյուս կողմից՝ Սամվել Բաբայանն ու յուրայիններն են Արցախի իշխանություններին մեղադրում արցախյան պատերազմում ձախողվելու հարցում։
Ներքին լարվածությունն այն մակարդակի է հասել, որ նախօրեին ԱԽ քարտուղար, նախագահի թեկնածուներից Վիտալի Բալասանյանը հրապարակային տարակուսանք հայտնեց՝ մի՞թե «ահաբեկիչներն» իրավունք ունեն Ղարաբաղի հարցը քննարկել։ «Կոչ եմ անում այդ մարդկանց, ովքեր ասում են՝ Արցախի Հանրապետությունը մարզ է, չհատեն սահմանը։ Մենք ունենք մեկ հայրենիք, երկու հայկական հանրապետություն, ովքեր ընդունում են այս տարբերակը, մենք պատրաստ ենք բոլորին ընդունել։ Իսկ նրանք, ովքեր կփորձեն կամ փորձում են կոչեր անել, որ պետք է հեղափոխություն անեն, որ պետք է իշխանափոխություն անեն Արցախում, ես նրանց խորհուրդ կտայի ընդհանրապես ձեռնպահ մնալ եւ չխառնվել Արցախի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հարցերին»,- ասել է Բալասանյանը։
Առհասարակ, ղարաբաղյան շրջանակներում Արցախը Հայաստանի մարզ ճանաչել-չճանաչելու դիսկուրսը վտանգավոր են համարում՝ փաստարկելով, որ կոնֆլիկտի կարգավորման շուրջ ավելի քան 20 տարվա բանակցությունները նման իրողության պարագայում «ջուրը» կլցվեն, քանի որ մենք այս տարիներին համառորեն պահանջել ենք արտաքին աշխարհին ճանաչել Արցախի Հանրապետությունը, իսկ մարզ ճանաչելու պարագայում Հայաստանը կհռչակվի ագրեսոր՝ դրանից բխող անցանկալի հետեւանքներով։ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, Արցախի խորհրդարանի փոխխոսնակ Վահրամ Բալայանն ասաց, որ չնայած ընդունելի չէ «ծռերի» առաջարկը, սակայն ինքը Վիտալի Բալասանյանի պես կոշտ չէր արձագանքի՝ «հաշվի առնելով, որ ցանկացած մարդ ունի կարծիք հայտնելու իրավունք»։
Բալայանը «ժամանակավրեպ» է համարում խոսել Արցախը Հայաստանի մարզ դարձնելու մասին․ «Բնականաբար, ցանկացած արցախցու երազանքն է միացյալ հայրենիք ունենալը, բայց, ի վերջո, չմոռանանք, որ ժողովուրդն ընտրություն է կատարել 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, եւ այդ որոշումն ամրագրվել է սեպտեմբերի 10-ի հանրաքվեում, եւ ընտրել է առանձին պետություն ունենալու գաղափարը։ Իհարկե, սա չի նշանակում հրաժարվել նախկին՝ միացյալ Հայաստան կազմելու գաղափարից, պարզապես նպատակահարմար է, որ մենք անցնենք այդ ճանապարհը, միջազգային հանրությունը մեզ ճանաչի որպես միջազգային իրավական սուբյեկտ, դրանից հետո արդեն մեր ներքին հարցն է որոշելու՝ ինչպես։ Ի վերջո, միջազգային պետությունները մեզ հարց են տալիս ՝ ի՞նչ ենք ուզում ունենալ, առանձին պետությո՞ւն, Հայաստանի մա՞ս։ Մենք հստակ ասել ենք, որ առանձին պետություն ենք ուզում, սա է այս ժողովրդի որոշումը, ի վերջո, մեծամասնության որոշումը պետք է ընդունելի լինի փոքրամասնության համար»։
Դաշնակցական փոխխոսնակը հորդորեց «ծռերին» իրենց կարծիքը «չփաթաթել» ուրիշների վզին. «Արցախահայությունը պետականություն ունենալու դարերի փորձառություն ունի եւ լավ է հասկանում արյուն թափել, արժեք ստեղծել, հարցը դնել անորոշ բաների վրա՝ այս ճանապարհով չեն գնա»։ Բալայանն ասում է, որ շատ է շփվում արցախցիների հետ, եւ նշված առաջարկին իրենք հաստատ անհաղորդ են. «Քաղաքական շրջանակներում է դա խմորվում»։ Թե ինչու է խմորվում, Բալայանը չի մեկնաբանում։ Գուցե այն պատճառով, որ ժողովուրդն ինչ-որ պահից ոտքի կկանգնի եւ նման պահա՞նջ կներկայացնի իշխանություններին։ «Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդն այնքան խոհեմ է, որ չի գնա այդ քայլին՝ հասկանալով, որ մենք վառոդով լցված տարածքում ենք ապրում, ու չի կարելի նման շռայլություն թույլ տալ, մեր ուժերը կենտրոնացնել այդպիսի անպտուղ վեճերի մեջ։
Ժողովուրդը չի գնա նման քայլի, գիտակցում է, որ սահմանից այն կողմ թշնամին է կանգնած»։ Թե «ծռերն» ինչ նպատակով են նման առաջարկ արել՝ Բալայանը չի կարող ասել։
«Սասնա ծռերի» անդամ Ալեք Ենիգոմշյանն ասում է, որ «երկու պետություն՝ միասնական հայրենիք» հորջորջումը ոչ այնքան ծիծաղելի է, որքան ամոթալի, իսկ իրենց առաջարկն «օդից ընկած» չէ եւ, ինչպես Արցախի իշխանություններն են մեկնաբանում, որոշակի խմորումներ առաջացնելու նպատակով չէ. «Մեր նախաձեռնության հիմքերը գալիս են 1988-ից, շարժումը սկսվեց հենց այդ հիմքով, բայց 1991-ի սեպտեմբերին դա փոխվեց։ Հետեւաբար, խոսքն ակունքներին վերադառնալու խնդրի մասին է, ոչ թե չեղած տեղից հարց առաջացնելու»։ Ենիգոմշյանի գնահատմամբ, Արցախի ու Հայաստանի՝ տասնամյակներ ձգվող խնդիրների մեծ մասն ուղղակի կամ անուղղակի կերպով պայմանավորված է այն «լուծումով, որը տրվեց 1991-ի սեպտեմբերին՝ երկու անկախ պետությունների հռչակում»։
«Դա մի կողմից հնարավորություն չի տալիս երկու երկրների ռեսուրսները համախմբել, դրանով ավելի հզորանալ, մյուս կողմից՝ այդ երկփեղկումը հնարավորություն է տալիս օտար ուժերին անընդհատ միջամտելու թե՛ արցախյան հարցի լուծման, թե՛ ներքին հարցերում»։ Ենիգոմշյանը հակադարձում է այն փաստարկին, թե արցախցիները կողմ չեն այս առաջարկին․ «Դրան դեմ են Արցախի իշխանությունները, որոնք Երեւանի նախկին ռեժիմի մնացուկն են։ Նախկինները, հավանաբար, Արցախի փաստացի իշխանությունների միջոցով ուզում են ռեւանշի հնարավորություն ունենալ»։ Անդրադառնալով Վիտալի Բալասանյանի հորդորին՝ Ենիգոմշյանն այն որակեց «դավաճանական ու անջատողական»․ «Նույն հարցազրույցում ինքն իրեն իրավունք է տալիս հայկական առաջին պետության գործերին տեւապես խառնվելու իրավասություններ, բայց նման պնդումներ անելուց հետո ասել, որ Երեւանում բնակվող անձն իրավունք չունի Արցախում տեսակետ ունենալու, դա լավագույն դեպքում անմիտ ու անհեթեթ պնդում է, իսկ իրականում անջատողական եւ նույնիսկ հայ ժողովրդի շահերի նկատմամբ դավաճանական դիրքորոշում է»։
Համաձայն չե՞ն, որ Արցախը Հայաստանի մարզ հռչակելով՝ արտաքին աշխարհը մեզ կդիտարկի որպես ագրեսոր։ «Այս պահին այդ մասին չենք խոսում, մենք խոսում ենք սկզբունքի մասին, իսկ կիրառելու եղանակներն առանձին լուրջ թեմա են։ Իհարկե, դա պատրաստություն է պահանջում»։ Ենիգոմշյանի խոսքով, այդ սկզբունքի կիրառման միջոցներից մեկն էլ Արցախում հաշվառված քաղաքացիների՝ ՀՀ-ում ընտրելու իրավունքի վերականգնումն է։ Կուսակցությունն արդեն սկսել է ստորագրահավաք՝ Սահմանադրությունում նշյալ փոփոխությունն անցկացնելու համար․ պահանջվում է 10 հազար քաղաքացու ստորագրություն։ Ենիգոմշյանը տեղյակ չէր, թե որքան ստորագրություն է հավաքվել. «Համենայնդեպս, մեր շփումներն ինձ միայն քաջալերում են, որ մեր քաղաքացիներն անվախ կերպով արտահայտել են իրենց դիրքորոշումը»։
Կարծիքներ