Ով սխալ գործի՝ ով տուժի

Ով սխալ գործի՝ ով տուժի

ՀՀ իշխանությունները ԽՍՀՄ փլուզումից հետո խզեցին գիտաարտադրական շղթաները եւ սկսեցին կշտամբել գիտնականներին այն բանի համար, որ նրանց հետազոտությունների արդյունքները կիրառական չեն, եկամուտ չեն բերում: Նաեւ դրա հիման վրա սկսեցին կրճատել գիտության ֆինանսավորումը, փակել աշխատատեղեր, վերացնել գիտահետազոտական  ինստիտուտներ: Իրականում, իշխանությունները պետք է իրենք իրենց մեղադրեին եւ պատժեին:

Հարց է ծագում․ այդ ինչպե՞ս է, որ սովետական տարիներին այդ նույն գիտնականները մեծ օգուտներ էին բերում, եւ նրանց հետազոտությունների արդյունքում էր նաեւ, որ Սովետական Միությունը հզոր էր ու հարուստ: Այո, մի զարմացեք՝ չափազանց հարուստ: Այնքան, որ 30 տարվա աննախադեպ թալանից հետո էլ դեռ չեն ավարտվել սովետի ժամանակ կուտակված նյութական արժեքները: 

Նույնիսկ բռնակալ Ստալինը, որի օրոք համատարած չքավորություն էր, հասկանում էր գիտնականների կարեւորությունը եւ մյուսներից մի քանի անգամ բարձր աշխատավարձ էր նրանց վճարում: Ցավոք, այդ բանը չէին գիտակցում ՀՀ իշխանությունները, որոնց թեթեւ ձեռքով խզվեցին գիտաարտադրական շղթաները: Դա է պատճառը, որը խոչընդոտում է գիտնականների հետազոտությունները դարձնել կիրառելի եւ եկամտաբեր:  

Բացատրենք դա ամենակիրառական գիտություններից մեկի՝ երկրաբանության օրինակով: Սովետական Միությունում գոյություն ուներ շղթա՝ ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի երկրաբանության ինստիտուտ-կառավարությանը կից՝ երկրաբանության վարչություն-լեռնարդյունաբերության ոլորտի շահագործող կազմակերպություններ: Ինստիտուտը հետազոտում էր երկրի տարածքը, ընդերքը եւ գտնում էր հանքեր: Եթե նախնական հետազոտությունների արդյունքում պարզվում էր, որ դրանք հեռանկարային են, տեղեկատվությունը փոխանցվում էր վարչությանը: Նրա մասնագետները, որոնց թվում կային նաեւ տնտեսագետներ, ուսումնասիրում էին հայտնաբերված հանքի պաշարները, նայում՝ կա՞ն ճանապարհներ, թե՞ ոչ, մոտակայքում կա՞ աշխատուժ, թե՞ ոչ, եթե չկա, ի՞նչ կարժենա բանավանի կառուցումը: Բոլոր հանգամանքներն ուսումնասիրելուց հետո հաշվարկում էին, թե ինչ կարժենա այդ հանքի շահագործման կազմակերպումը, ինչ եկամուտներ կարող է այն բերել, եւ այդ հանքի շահագործման հետեւանքով քանի տարի հետո ծախսերը կփակվեն: Եթե պարզվում էր, որ եկամուտները մեծ են, խաղի մեջ էին ներքաշվում շահագործող կազմակերպությունները: 

Այսպիսով, Երկրաբանության ինստիտուտ-երկրաբանության վարչություն-շահագործող կազմակերպություններ շղթան գիտնականների հետազոտության արդյունքները դարձնում էր կիրառական եւ եկամուտներ բերող: Եվ, ինչպես ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն է բազմիցս նշել, այդ շղթայի մեջ գիտության վրա ծախսվելիք գումարները մի քանի անգամ փոքր են, քան շղթայի մյուս օղակների վրա ծախսվելիք ֆինանսական միջոցները:  

ԽՍՀՄ փլուզումից հետո երկրաբանական վարչությունը փակվեց՝ շղթան խզվեց: ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը հայտնեց, որ ինստիտուտի կողմից հայտնաբերվել է հանքավայր, որի հումքի մեջ բավականին մեծ քանակությամբ ֆոսֆոր կա: Հաջողվել է նաեւ մշակել այդ հումքից  ֆոսֆորական պարարտանյութ ստանալու տեխնոլոգիա: Փորձարկումներն արդեն կատարվել են: Ստացվել է պատենտ: Սովետական տարիներին իրենք ինֆորմացիան ամբողջությամբ կփոխանցեին երկրաբանական վարչություն, որի մասնագետներն  էլ կգնահատեին այդ հանքավայրն արդեն տնտեսական տեսանկյունից, նաեւ կհաշվարկեին փոքր գործարան կառուցելու ու դրանում պարարտանյութ արտադրելու նպատակահարմարությունը: Ըստ այդմ էլ կորոշվեր՝ արտադրե՞լ, թե՞ ոչ: Բայց քանի որ շղթան խզված է, իրենք են փորձում գտնել շահագրգիռ ինչ-որ ընկերություն, որը կկատարի ներդրում, հետախուզում, կստանա շահագործման լիցենզիա: Հետո այդ նույն ընկերությունը կամ մեկ ուրիշը պետք է կառուցի գործարան եւ արտադրի պարարտանյութ: Նկատենք, որ ինստիտուտը՝ ինքը, իրավունք չունի շահագործել հանքավայրեր կամ արտադրել պարարտանյութ:

ԳԱԱ ղեկավարությունն ինստիտուտի մշակումը ներկայացրել է կառավարությանը՝ որպես ներդրումային առաջարկ պոտենցիալ ներդրողների համար: Այդ ինֆորմացիան համացանցում տեղադրված է, բայց արձագանք չի եղել: Իսկ լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ Հայաստանի գյուղատնտեսությունը տուժում է ֆոսֆորական պարարտանյութի պակասից:

Գրիգոր ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ