Քաղաքական զվարճանքի հայկական ուղղությունը
Չնայած ՀՀ բոլոր իշխանությունների հայտարարություններին, ծրագրերին, պաշտոնական վիճակագրական տվյալներին՝ Հայաստանը զբոսաշրջային երկիր չդարձավ: Միաժամանակ, հին եւ նոր Հայաստանը բոլոր հիմքերն ունի դառնալու օտարերկրացի եւ սփյուռքահայ զբոսաշրջիկների համար քաղաքական զվարճանքի կենտրոն, եթե, իհարկե, Հայաստան ժամանող արեւակարոտ կամ արեւահար զբոսաշրջիկներին զբոսաշրջային այս նոր՝ «քաղաքական զվարճանքի» ուղղությունը ներկայացվի իր ողջ հյութեղությամբ եւ լրջացող անլրջությամբ: Իսկ ի՞նչ է պետք Հայաստան այցելող միջին վիճակագրական զբոսաշրջիկին՝ արեւ, արեւահար հայկական միրգ, իսկ արեւահար քաղաքական զվարճանքը կարող է նրբասահ տեղավորել առաջարկվող հայկական զբոսաշրջային առավելությունների եւ գրավչությունների շարքում: Միջին վիճակագրական զբոսաշրջիկը, հոգեբանորեն եւ գործնականում, լուրջ մտքերից, վայրերից, երեւույթներից սովորաբար խուսափում է: Եվ այս հոգեբանական արգելքի եւ նախընտրությունների հիմքի վրա պետք է բարձրանա հայաստանյան զբոսաշրջության նոր՝ «քաղաքական զվարճանքի» էլիտար շենքը:
Հայաստան ժամանող զբոսաշրջիկներին կարելի է առաջարկել քաղաքական զվարճանքի եռօրյա փաթեթային ծրագիր:
Օր առաջին: Այցելություն Նոր Հայաստանի երիտասարդական խորհրդարան՝ ՀՀ Ազգային ժողով: Քաղաքական զվարճանքն այստեղ թափվում է, ինչպես առատության եղջյուրից: Նույնիսկ եվրոպացի ու ամերիկացի անհոգ զբոսաշրջիկն է ուզում ձերբազատվել սթրեսներից, իսկ մեր ԱԺ-ն գտնված վայր է դրա համար: Եվ եթե զբոսաշրջային փաթեթի եռօրյան համընկնի ԱԺ քառօրյայի հետ, ապա կարելի է վստահաբար պնդել, որ օտարերկրացին ձեռք է բերել քաղաքական զվարճանքի «երեքը՝ մեկում» փաթեթը՝ պատանեկան հոխորտանքով, քաղաքական հումորով եւ թեմաների բազմազանությամբ հագեցած ԱԺ լիագումար նիստին ներկա լինելու երջանիկ պատեհությունը: Մենք հին, բազմաչարչար, տառապած ժողովուրդ ենք, հիմա նոր ու թեթեւ մտքերի, թեթեւության եւ երջանկության ժամանակն է:
Հայաստանում, ուր քաղաքական քննարկումները սկսվում եւ ավարտվում են «սիրուն աղջկա» փնտրտուքներով, նրա «պատվի համար» մղվող անզիջում պայքարով, Հայաստանում, ուր ավիատոմսերի վաճառքի գծով դանիահայ երիտասարդ մենեջերը մեկեն դառնում է հայկական տառապյալ ավիացիայի ղեկավար՝ դանիական իր հեծանիվը փոխարինելով 30 հազար եվրո արժողությամբ նոր ծառայողական մեքենայով, պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում պետբյուջեի հաշվին «ոտքի տակ» տալով գրեթե բոլոր մայրցամաքները, Հայաստանում, ուր քաղաքացիները գերադասում են արտերկիր մեկնել հարեւան երկրի օդանավակայաններից՝ խուսափելով թանկ ավիատոմսերից, Հայաստանում, ուր ռուսական ավիափոխադրողները հեղափոխությունից հետո էլ շարունակում են մենաշնորհային դիրք պահպանել, Հայաստանում այս իրողությունները ոչ թե քննարկումների են վերածվում, այլ դառնում են քաղաքական զվարճանքի եւ պարզունակ սրախոսության թեմա՝ Հայաստանը վերածելով քաղաքական զվարճանքի կենտրոնի այն միամիտ զբոսաշրջիկների համար, որոնք գնում են թանկ ավիատոմսեր, իջեւանում տարածաշրջանի ամենաթանկ եւ անաստղ հյուրանոցներում:
Սակայն քաղաքական էկզոտիկան ապահովված է: Եվ եթե հայոց խորհրդարան շրջայցի ընթացքում զբոսաշրջիկի բախտը բերի ներկա գտնվել ՍԴ նոր անդամի երդման արարողությանը, ապա իրավաքաղաքական ողջ էկզոտիկան կվայելի: Հմուտ զբոսավարը կտեղեկացնի «քաղաքական զվարճանքի» հայկական ուղղությունն ընտրածներին, որ Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, ուր ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ինքնահրկիզվել, ներեցեք, ինքնահռչակվել. ՍԴ նոր անդամը՝ ՍԴ նախագահ, տասը տարի անընդմեջ իշխանությունը բռնազավթածը՝ ՀՀ նախագահ կամ քաղաքական բանտարկյալ, իսկ Հայաստանը կարող է ինքնահռչակվել որպես «ժողովրդավարության բաստիոն»:
Եվ եթե հետաքրքրասեր զբոսաշրջիկը հարցնի, թե որտեղ է խորհրդարանական ընդդիմությունը, ապա արդարանալու կարիք չկա, թե մենք ընդդիմություն չունենք. Հայաստանում բոլորն են ընդդիմություն՝ ՀՀ վարչապետն ընդդիմություն է ինքն իրեն, կառավարող ՔՊ-ն ընդդիմություն է իշխանազրկված ՀՀԿ-ին, իսկ ՀՀԿ-ն «միակ ընդդիմությունն» է, ինչպես ժամանակին ՔՊ-ն էր ՀՀ «միակ ընդդիմությունը»: Իսկ ընդհանրապես, Հայաստանում գոյության իրավունք ունի միայն «կառուցողական ընդդիմությունը», մյուսները վաղուց անախրոնիզմ են:
Հագեցած եւ տպավորիչ առաջին օրվա ավարտից հետո, զբոսաշրջիկներին հյուրանոց ուղեկցելիս, հարկ է ներկայացնել Հայաստանի անկրկնելիությունը. լեռներ, դաշտավայր եւ անապատ: Ոչ թե աշխարհագրական, այլ քաղաքական տոթ եւ անստվեր անապատ՝ թեթեւ քամուց մշտապես քշվող ավազահատիկներով: Առաջին թավշյա հեղափոխությունից՝ ղարաբաղյան Շարժումից մինչեւ երկրորդ՝ 2018թ. թավշյա հեղափոխություն, 30 տարվա ընթացքում Հայաստանը բերրի քաղաքական դաշտից վերածվեց քաղաքական անապատի: Սակայն պետք է ուրախանալ Հայաստան այցելող զբոսաշրջիկների համար, որ հնարավորություն կա նրանց ապահովել «ամեն ինչ ընդգրկված է» փաթեթով՝ լեռներ, դաշտեր, անապատ:
Օր երկրորդ: Այցելություն ՀՀ կառավարություն եւ հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ այնտեղ հանգրվանած նրա ընտանիքի հետ: Այստեղ քաղաքական զվարճանքի պակաս եւս չկա: Զբոսաշրջիկները կարող են հանդիպել ՀՀ մանկապատանեկան կառավարության թե՛ շարքային անդամների, թե՛ սուպերնախարարների հետ: Կառավարության հետ հանդիպումը ոչ թե պարզապես էկզոտիկա է, այլ Մարս մոլորակ թռչելուն հավասար զգացողություն: Թողնենք, որ զբոսաշրջիկն ապրի այն զգացողությունը, ինչ ՀՀ քաղաքացիներն ապրում են վերջին մեկ տարվա ընթացքում կառավարության ջահելներին եւ կոռումպացված ահելներին տեսնելիս: Իսկ թե դրանից առաջ ինչ էին զգում ՀՀ քաղաքացիները կառավարության նախկին անդամներին տեսնելիս, այդ մասին պետք է մոռանալ. զբոսաշրջիկը վճարել է ոչ դրա համար:
Զբոսաշրջիկներին պետք է տեղեկացնել, որ Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որը միանգամից երեք վարչապետ ունի՝ Նիկոլ Փաշինյանը, նրա կինը՝ Աննա Հակոբյանը, եւ նրանց ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը:
Օտարերկրացիներին պետք է պատմել, որ ՀՀ վարչապետն աշխարհի ամենաշատ խոսող, ամենաշատ քայլող, ամենաշատ սելֆի արած եւ ամենաշատ ուղիղ եթեր մտած վարչապետն է: Իսկական ժողովրդական մարդ: Նա խոսում է օրվա 24 ժամից 25-ը, սելֆի է անում բոլոր ցանկացողների հետ, բացի Ռոբերտ Քոչարյանից, եւ բոլոր քայլողներին դարձնում է իմքայլական: Նիկոլի հետ սելֆի անելը զբոսաշրջային փաթեթի մեջ է ներառված՝ անկախ զբոսաշրջիկի ցանկությունից: Սա հայկական, ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության նվաճումներից է:
Զբոսանք Երեւանի կենտրոնում եւ այց ՀՀԿ գրասենյակ՝ Հայաստանի քաղաքական հին զվարճավայրը:
Այցելություն Երեւանի բացակա հին քաղաքը՝ Ռոբերտ Քոչարյանի չսիրած եւ Նարեկ Սարգսյանի ավերած «նախկին կռիսանոցները»: Հայաստանի 2800-ամյա մայրաքաղաքը պատմական վայրեր, կոթողներ այլեւս չունի. մենք թեպետ հին ազգ ենք, բայց նորի անհագ ձգտմամբ: Սա է մեր հավերժության գաղտնիքը:
Օր երրորդ: Այցելություն վեթթինգի ենթարկված եւ չենթարկված ՀՀ դատարաններ, ՀՀ Սահմանադրական դատարան եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այն վայրերը, ուր ժամանակն ի սկզբանե կանգ է առել: Սրանք իսկական քաղաքական բուրգեր են, որոնց հավերժության գաղտնիքն անհայտ է:
Ըստ ցանկության՝ այցելություն ՀՀ նախագահի նստավայր՝ Հանրապետության տուն, եթե, իհարկե, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տանը՝ Հայաստանում լինի:
Զբոսանք Երեւանի Ազատության հրապարակում, որտեղով անցել են քաղաքական զվարճավայրի գրեթե բոլոր դերակատարները: Այստեղից են սկսվում եւ այստեղ ավարտվում քաղաքական գործընթացները եւ քաղաքական կյանքը Հայաստանում:
Մեկնում Երեւանի «Զվարթնոց» սակավամարդ օդանավակայան: Մեկնում Հայաստանից եւ բարի գալուստ Հայաստան. ընտրե՛ք քաղաքական զվարճանքի այս նոր ուղղությունը:
Կարծիքներ