Իրենց թեկնածուն այնքան թույլ է, որ երթին 10% աբովյանցի չէր մասնակցում

Իրենց թեկնածուն այնքան թույլ է, որ երթին 10% աբովյանցի չէր մասնակցում

Եվս երեք օր, եւ Աբովյանում համայնքի ղեկավար կընտրեն: Քաղաքապետի աթոռի համար պայքարում են 5 թեկնածուներ, սակայն թեժ մրցակցություն գնում է  2  թեկնածուների միջեւ  քաղաքապետի թեկնածու Վահագն Գեւորգյանի եւ   «ՔՊ» -ի կողմից առաջադրված Գրիգոր Գուլյանի միջեւ:  
Թե ինչպիսին է նախընտրական Աբովյանն այս օրերին զրուցեցինք քաղաքապետի թեկնածուներ՝ Վահագն Գեւորգյանի եւ Սասուն Գրիգորյանի հետ: 

-Պարո՛ն Գեւորգյան, օր օրի Աբովյանում լարված մթնոլոտ է տիրում, ինչպե՞ս է ընթանում Ձեր քարոզարշավը: 

-Նորմալ է ընթանում:  Առաջադրված են 5 թեկնածուներ, եւ այս օրերին թեկնածուները հասցրեցին ներկայացնել իրենց ծրագրերը:  Ոմանց մոտ իհարկե դա ծրագիր չէր, ավելի շատ սեւացնել, փնովել, քննադատել ինձ կամ նախորդներին:  Աբովյանում ինչ-որ ոսոխ են ման գալիս,  Աբովյանն ուզում էին փրկել չար թշնամուց: Բացի այն, որ մենք ներկայացնում էինք մեր հետագա ծրագրերը,  աբովյանցիներին ներկայացրել ենք նաեւ մեր կատարած աշխատանքները: 

-Երեկվա վարչապետի այցին ի՞նչ գնահատական կտաք:

-Նորմալ:  Վարչապետը եկել էր իր թիմակցին աջակցություն ցույց տալու, եւ մի կարեւոր մեսիջ վարչապետը հղեց, որ այսուհետեւ քաղաքացիները իրենց վստահության քվեով իրենց ընտրությունը պետք է կատարեն, անկախ նրանից, դա դիմադի՞ր, թե՞ ընդիմադիր ուժ է: 

- Ներկայիս իշխանությանը նախորդ իշխանությունների պես ողջ թիմով սատարում է իր թեկնածուին:  Նոր Հայաստանում ոչինչ չփոխվե՞ց: 

-Իհարկե, մարզային իշխանությունները ամեն գնով փորձում է սատարել իր թեկնածուին: Տեղյակ եք, որ մարզպետը նույնիսկ արձակուրդ է վերցրել, եւ լծվել է իրենց թեկնածուի քարոզարշավին, ու շատ դեպքերում նույն բակային հանդիպումների ժամանակ, փոխանակ պարոն Գուլյանը ներկայացնի իր ծրագիրը, մի ամբողջ ժամ խոսում է բացառապես մարզպետը: Եվ խոսում է ո՛չ թե կառուցողականությունից, ո՛չ թե ծրագրերից, այլ ամբողջությամբ թիրախավորելով ինձ եւ իմ թիմակիցներին:  Բազմիցս նշել եմ, որ ես հարգում եմ հեղափոխության առանջորդին, ընդունում հեղափոխության գաղափարախոսությունը, բայց այս մարդիկ, եւ որոշները այս հեղափոխության հետ ընդհանրապես կապ չունեն: 

-Նախքան ընտրությունները ստուգումներ սկսվեցին Աբովյանի քաղաքապետարանում, եւ քրեական գործ հարուվեց: Ի՞նչ կասեք այս մասին:  

-Մի քանի ամիս առաջ Աբովյանի քաղաքապետարանում հերթական ստուգումներ իրականացվեց մարզպետարանի կողմից իրավական եւ մասնագիտական հսկողության անվան տակ: Ասեմ, որ մարզպետարանի ստուգողները վերզանցեցին իրենց լիազորությունները: Ստուգումները իրակացվեցին, եւ մի բանում ես հպարտ եմ աբովյացիների առջեւ, քանի որ ստուգումներ իրականացրած թեկնածուներից մեկը՝ Գրիգոր Գուլյանը մարզպետարանի ֆինբաժնի ղեկավարն է, անցած 4 տարիների ընթացքում իմ ունեցած 6մլրդ. շրջանառությունից 1 լումա յուրացում, վատնում, չարաշահում գոնե չեղավ: Կա հարուցած քրեական գործ աճուրդների հետ կապված: Մարզպետը 2 անգամ դիմել էր դատախազություն, դատախազությունը վարույթ չէր ընդունել, 3-րդ անգամ դատախազությունը վարույթ է ընդունել, եւ ես պատրաստ  եմ դրա պատասխանը տալ, հստակ գիտեմ, որ մեր կողմից գոնե կոռուպցիոն  ռիսկեր կամ նախնական պայմանավորվածություններ չեն եղել:

-Եթե պարտվեք, կշնորհավորե՞ք հաղթած թեկնածուին:

-Ես այդ մասին չեմ մտածում, որովհետեւ վստահ եմ իմ հաղթանակի մեջ: 

Քաղաքապետի մյուս թեկնածու Սասուն Գրիգորյանը նախկինում իր թեկնածությունը չի առաջադրել, այս անգամ առաջադրել է, քանի որ հավատում էր, որ ընտրությունները կանցնեն արդար եւ թափանցիկ. «Հավատում էի, որ ընտրությունները արդար կանցնեն, բայց արդեն սկսել եմ կասկածել, հույս ունեմ, գոնե ընտրական տեղամասերում ընտրական պրոցեսը նորմալ կանցնի»:

Գրիգորյանի  խոսքով՝  մյուս 2 թեկնածուներ Վահագն Գեւորգյանն ու Գրիգոր Գուլյանն օգտագործում են տարբեր ռեսուրսներ՝ վախեցնում են մարդկաց  աշխատանքից ազատելով, իսկ ամենամեծ ռեսուրսը վարչապետի այցն էր Աբովյան. «Իրենց թեկնածուն այնքան թույլ է, որ երեկ իրենց հանրահավաքին 10% աբովյանցի չէր մասնակցում, եկել էին Երեւանից եւ տարբեր մարզերից:

Մարզպետը արձակուրդում է, բայց  քաղաքի մեջ իր ծառայողական մեքենայով ման է գալիս եւ քարոզարշավ անում: Դա սխալ պրակտիկա է»:  Քաղաքապետի թեկնածուն իր քարոզարշավի համար ծախսել է մոտ 500 հազար դրամ, ունի 1 շտաբ. «Ամբողջ քաղաքը լցրել են պլակատներով իրենց օգուտ կտա՞, կտեսնենք ամսի 10-ին: Հին ավադույթները պետք է վերանան»-ասաց Գրիգորյանը եւ հավելեց, որ մյուս թեկնածուներին  իրեն մրցակից չի համարում, քանի որ նրանք որպես անձ չեն առաջադրվում, այլ իրենց թիմերով են ուզում իշխանության գալ: