Հաբեթ Մուրադյան․ Կանաչ վավերագրություն

Հաբեթ Մուրադյան․ Կանաչ վավերագրություն

Կանաչ վավերագրություն

Ի՞նչ գրեմ, Աստված իմ,
ինչի՞ մասին.
զարմանքների՞ս,
որ մեծ սպասելիքների հետ
հետեւիցս քարշ գալով՝
հասան այստեղ ու
դարձյալ իրենք իրենց չգտան,
որովհետեւ աշխարհն, ի զարմանս իրենց,
այստեղ էլ նույն աշխարհն է.
հասկացողի համար
մինչեւ ողնուծուծն ու
մինչեւ ամենահետին ներզատիչ գեղձը հասկանալի ու բացատրվող...
Անհասկանալին այստեղ
սոսկ մաշկի ու դրա երեւացող երեսի վրա է.
կնճիռների ու պեպենների
անցանկալի առեղծվածներում,
մինչդեռ՝ փեշի տակից փայլատակող ազդրերը
կանայք այստեղ էլ՝
իրենցից անկախ ու ակամայից,
թաքցնում են 
տղամարդու հայացքից,
հակառակ այն բանի, որ
հեծանիվի վրա եւ գենդերային համահարթեցման ժամանակներում
դա բավականին ջանք
եւ ամոթխածություն պահանջող գործողություն է։
Զարմանամ ու գրեմ,
որ ձեզ էլ գրածովս փորձեմ զարմացնել,
թե ինչպես պատահեց,
որ նաեւ այս սառն ու խոնավ երկիրը
ազգերի խառնարան դարձավ,
չնայած «մեր խիստ բանիմաց» կարծիքով՝
շատ ավելի կսազեր,
եթե հարավներում ու տաք ծովերի ափերին բլթբլթար 
այս ամենակուլ կաթսան։
Այցելությանս առաջին իսկ օրվանից
մի հարց է հուզում շարունակ.
այսքա՜ն ձեռակերտ ջրանցքներ փորելուց գոյացած հողը
սրանք ո՞ւր են կարողացել պարտակել -
Ժամանակի մեջ երեւի...

Ասոնանսներ

Տիեզերքը լցվել է խառնիխուռն, անճոռնի հնչյուններով,
ճապաղել, խունացել են գույները, 
խոսքն այլեւս բարձրից՝ վերեւներից չի գալիս,
այլ օրերի նման
կուտակվել, ճահճացել եւ դանդաղ 
հոտում է…
հույզն էլ այլեւս շիկնած չէ,
ինչպես արարչի ափերն էին արարման պահին.
դարերը լիզել, հարթեցրել են
սուր-սուր գագաթներն ամեհի    
լեռնապարի,-
այդպես էլ քնատ ու գոհ մի ձեռք
շոյելով-շոյելով թուլացրել է պրկությունը կուսական կրծքի։

Կանայք եւ դուք բոլորդ, արբունքահաս աղջիկներ,
բավական է հմայվեք այս անհասկանալի աչքերով.
ահա մի տղամարդ,
որից եզան հոտ չի փչում,
դեմքը կոշտ ու տռփալի կարմիր չէ,
դաստակները եղեգնուտի աղոթքին են նման,
եւ, այնուամենայնիվ,
կարող է գրկել բոլորիդ,
լողացնել սիրո քնքշանքներում,
ու դեռ էլի փաղաքշանքներ կմնան 
մասրենիների համար։
Ես այս խելակորույս տարաձայնության մեջ հայտնվեցի,
որպեսզի ինքնահավան լուսատուի նման
համբույրի ծաղիկներ աճեցնեմ ձեր ողորկ մաշկով մեկ,
որպեսզի զգլխիչ շշուկների շատախոս ուլունքներ կախ տամ ձեր ականջներից,
որպեսզի արթնացնեմ անհասկանալի բույրերի գզվռտոցից ընդարմացած
ձեր անդաստանները…
Ահա, հոգիս էլ շուռ տվեցի,
եւ մի քանի սերմնահատիկ
ընկան փոշու մեջ մեռնելու:

***
մելամաղձ, մելամաղձ.
կարոտաձանձրույթ...
երբ խեղճացել ես 
ու չես հասկանում՝
բարի՞ն, թե՞ չարն է
վրադ կռացող պատերի մտքին…
անձրեւն իր ողբը չի ուզում թափել,
ի սեր 
դեռ երեկ կեսօրից հետո
նվվոցը անդուլ լարող ծնկներիդ,
արդեն անհույս է՝ 
չես էլ հավատում, 
թե այս աշխարհին 
երբեւէ 
արեւ եղել է բաշխված։
Մելամաղձ՝
ձանձրույթ, 
անանուն ու հին- 
սկզբնապատճառը՝ անհուշ կորսված,
մոռացված եւ կամ
մի տեղ պարտակված՝
անցած-գնացած սերերի մե՞ջ, 
թե՞ 
պատմություններում...
եւ օտար ես դու,
եւ օտար է քեզ,-
քեզնից դուրս՝ Աստծո
յուրաքանչյուր պահ 
ներսիդ ունայնում անհետ խորտակվող կոչնազանգերը
կիրակի օրվա
վաղը կլռեն։

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ