Փաշինյանը փոխում է այն ծրագիրը, որով եկել է իշխանության և մանդատ ստացել

Փաշինյանը փոխում է այն ծրագիրը, որով եկել է իշխանության և մանդատ ստացել

«Նիկոլ Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փոխում են այն ծրագիրը, որով եկել են իշխանության և ստացել մանդատ ՀՀ քաղաքացիներից: 
Օրեր առաջ Ազգային Ժողովում Փաշինյանի և նրա թիմակիցների հնչեցրած թեզերը ամբողջությամբ հակասում են այն կուսակցական և նաև կառավարության ծրագրին, որով եկել են իշխանության և ներկայացրել են հանրությանը», - այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:

«Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի աղետալի պատերազմի հետևանքների վերացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից։ Այն փաստը, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների և զանգվածային ոճրագործությունների հետևանքով հայաթափվել են Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշում է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո»-, նշում է ադրբեջանագետը:  

«Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով: «Անջատում հանուն փրկության» սկզբունքն իրավունք է տալիս ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված հետևանքներին։ 

Արցախյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման համար առանցքային կարևորություն ենք տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում բովանդակային բանակցությունների անցկացմանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հիմնախնդրի կարգավորման միակ ընդունված միջազգային ձևաչափն է։

Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո՝ խաղաղ, բանակցային ճանապարհով, ինչը հնարավորություն կտա տեղահանված անձանց վերադառնալ իրենց տները»- նշեց Հայրապետյանը՝ բացառի մեջբերելով ՔՊ նախընտրական ծրագրի Արցախին վերաբերող մասը:

Նրա խոսքով` արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ հունիսի 17-ի հանրահավաքի ժամանակ ևս Նիկոլ Փաշինյանը խոսել է այս գաղափարի մասին․ «44-օրյա պատերազմը, ԼՂ հայության ինքնորոշման համատեքստը ավելի է ուժեղացել «անջատում հանուն փրկության» տրամաբանության ներքո, որովհետև ակնհայտ է, որ հայատյացությունը Ադրբեջանում ոչ միայն մնում է պետական քաղաքականություն, այլև ավելի է ընդգծվում, մասնավորապես, այնպիսի օրինակներով, ինչպիսիք Բաքվում բացված ավարի խայտառակ պուրակն է։ Միջազգային հանրության ուշադրությունը պետք է հետևողականորեն բևեռենք այս և այսօրինակ փաստերի վրա՝ ընդգծելով, որ «անջատում հանուն փրկության»-ը [ԼՂ] հարցի օբյեկտիվ և իրական կարգավորման միակ հնարավորությունն է» ասել է Փաշինյանը։

Արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփող հանրահավաքի ընթացքում Փաշինյանը հայտարարել է «Ուզում եմ՝ մենք այսօր մեր բարձր ծափերով հավաստենք, որ անմնացորդ նվիրված ենք Արցախի մեր եղբայրներին ու քույրերին, մեր նվիրական երազանքներին և Արցախի խնդրի արդարացի կարգավորմանը, ինչպես նախորդ ելույթում առիթ եմ ունեցել ասելու, «Անջատում հանուն փրկության» բանաձևի շրջանակում։


Ընտրություններից հետո ձևավորված կառավարության ծրագրում Արցախյան հիմնախնդրի լուծման մասին ձևակերպումները մի փոքր տարբերվում էին. 

«Առաջիկա տարիներին Կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման, տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման գործում առանցքային է, և Հայաստանը նպաստելու է այս ձևաչափի արդյունավետ գործունեությանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումն էական գործոն է տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունն ապահովելու համար», - նշված է Կառավարության ծրագրում:

Հայրապետյանի պնդմամբ` Վերջին ամիսներին իշխող ուժի ներկայացուցիչները այլևս չեն օգտագործում ոչ «անջատում հանուն փրկության», ոչ էլ՝ «ինքնորոշման իրավունքի մասին» թեզերը: Փոխարենը ակնարկում են, որ կարող է լինել Արցախ Ադրբեջանի կազմում: Ավելին, այնպես են խեղաթյուրում բանակցային գործընթացը, թե իբրև նախկինները ճանաչել են Արցախն Ադրբեջանի կազմում, ինչը սուտ է և հերքվում է մեկ պարզ ու տրամաբանական հարցով, եթե դա այդպես էր՝ ինչու՞ Ադրբեջանը մերժում էր խաղաղ կարգավորման պլանը:

«Մարտի 15–ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՔՊ պատգամավոր  Էդուարդ Աղաջանյանը պատասխանելով հարցին, թե իրենց համաձա՞յն են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նշեց»․ «Մենք կարծում ենք, որ դա՝ որպես նախապայման, նույնիսկ իմաստ չունի առաջադրել Հայաստանի առաջ, որովհետև դա արդեն կայացած փաստ է»։

Ապրիլի 14–ին ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հայտարարեց․ «Առաջ քաշվեց այն գաղափարը (նկատի ունի՝ 90-ականներին- խմբ․), որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ապագա չունի․ տարիներ են անցել, ու այսօր կարելի է ասել, որ դա ևս ճիշտ չի եղել»: Լրագրողների հետ զրույցում Խաչատրյանը նշեց՝ իրենք անելու են ամեն ինչ, որ Արցախը չհայաթափվի։ Լրագրողների հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանի կազմում լինելու դեպքում Արցախը չի հայաթափվի, պատգամավորը պատասխանեց․ «Այսինքն, ձեզ համար հաճելի է, որ Ադրբեջանի կազմից դուրս հայաթափվի՞»։

2022 թ. ապրիլի 13–ին կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ Արցախի առնչությամբ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Բայց, հարգելի գործընկերներ, ես սա հիմա չեմ ասում անցյալի մասին խոսակցություն բացելու համար, ես սա ասում եմ ապագայի մասին խոսակցություն բացելու համար: Որովհետեւ բովանդակային առումով նույն իրավիճակն է հիմա և ես չեմ ուզում նույն սխալները կրկնել: Չեմ ուզում և չեմ կարող այս մասին ուղիղ և անկեղծ չասել երկրի բարձրագույն օրենսդիր մարմնին ու ժողովրդին: Այսօր միջազգային հանրությունը մեզ հստակ ասում է. լինել աշխարհի միակ երկիրը, որ երկկողմ մակարդակում չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մեծ վտանգ է ոչ միայն Արցախի այլեւ Հայաստանի համար: Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է. մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը եւ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի եւ Արցախի շուրջ: Հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, խնդրում ենք մեր վրա հույս չդնել, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել: 
Մենք արձանագրել ենք, որ Հայաստանը երբեք Ադրբեջանից տարածքային պահանջներ չի ունեցել եւ Ղարաբաղի հարցը ոչ թե տարածքի, այլ իրավունքի հարց է: Եւ հետեւաբար, մենք արձանագրել ենք, որ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեն Ղարաբաղի հայության անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների եւ ազատությունների ապահովումը եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը:

Եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանից բխեցնելով կարգավիճակը: Այլ կերպ ասած՝ մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները»: 

Դրանից հետո ինքնորոշման իրավունքի դրույթը փոխարինվեց «Արցախի հայերի իրավունքներ և անվտանգություն» անորոշ ձևակերպմամբ: Այս հետքայլին ի պատասխան՝ Ադրբեջանը օգոստոսի 3-ին ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ, որի հետևանքով ժամկետներից շուտ փոխվեց Բերձորի միջանցքի երթուղին՝ հերթական խնդիրները ստեղծելով Արցախի մեր հայրենակիցների համար: Ադրբեջանը դրանով էլ չբավարարվեց, սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը հակառակորդը լայնածավալ հարձակում սկսեց ՀՀ–ի դեմ: Ունեցանք ավելի քան երկու հարյուր զոհ և նորանոր տարածքային կորուստներ: Այս հարձակումից որոշ ժամանակ անց՝ հոկտեմբերի 5-ին Ազգային Ժողովում իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իբրև նախկին իշխանություններն են Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս՝ այդպես էլ չպատասխանելով այն պարզ հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ Ադրբեջանը չցանկացավ խաղաղ ճանապարհով Արցախը լինի Ադրբեջանի մաս: Այս հակատրամաբական պնդման նպատակը մեկն է՝ Արցախից հրաժարվելու մեղքը բարդեն նախկինների վրա: Դրանից անմիջապես հետո ՔՊ–ական Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, թե «44-օրյա պատերազմից հետո ՀՀ–ն այլևս չի կարող ապահովել Արցախի անվտանգությունը»: Այդ դեպքում ինչո՞ւ նրանք այդ մասին չէին հայտարարում մոտ մեկ տարի առաջ տեղի ունեցած ընտրությունների ժամանակ, ինչո՞ւ ազնվորեն չէին ասում, որ ոչ միայն Արցախի, այլ նաև ՀՀ–ի անվտանգությունը չեն կարող ապահովել: Այսպիսով, մինչ բոլոր ՔՊ–ականները պնդում են, թե խաղաղության հաստատման մանդատ ունեն, նրանք իրականում խեղաթյուրում են այն մանդատը ու բովանդակային ծրագիրը, որով եկել են իշխանության: Նրանք խոստանում էին, որ բանակցային գործընթացի շրջանակներում կբարձրացնեն Հադրութի ու Շուշիի դեօկուպացիայի հարցը, իսկ հիմա առհասարական փորձում են ձերբազատվել Արցախի նկատմամբ ստանձնած պարտավորություններից: Սա այն մանդատը չէ, որով նրանք եկել են իշխանությանը: Փաստացի, իշխող ուժը խաբել է ընտրողներին և դեռ շարունակում է պաշտոնավարել: Ցանկացած ժողովրդավարական երկրում, եթե իշխող ուժը փոխում է իր ծրագիրը, պարտավոր է հրաժարական տալ և մանդատ հայցել նոր ծրագրի համար: Իսկ իրենց շարունակում են հանցավոր անգործության իրենց գործելաոճի համաձայն պաշտոնավարել: Ես վստահ եմ, Արցախից հրաժարումը ոչ միայն չի բերի անվտանգություն ՀՀ–ի համար, այլև ավելի խոցելի կդարձնի մեր պետականությունը», իր խոսքը եզրափակեց ադրբեջանագետը: