Չենք շտապում ծառերը հատել, մտածում ենք` գուցե ծառերը պայքարեն ու վերականգնվեն

Չենք շտապում ծառերը հատել, մտածում ենք` գուցե ծառերը պայքարեն ու վերականգնվեն

«Սեւան» ազգային պարկի տնօրեն է նշանակվել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մնացականյանը, ով դեկտեմբերի 1-ին մասնակցել է ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին եւ հաղթել: Հիշեցնենք, որ 2023 թվականի հունիսի 29-ին դատախազի նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 2016 թվականի ընթացքում «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտության գծով տեղակալի, իսկ 2017 թվականի մայիսի 10-ից՝ տնօրենի պաշտոնը զբաղեցրած Վ. Գ.-ի նկատմամբ՝ յուրացնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, խարդախության եւ փողերի լվացման համար: Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը 2023 թվականի օգոստոսի 10-ին բավարարել է Հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի հուլիսի 11-ի որոշման դեմ դատախազի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը եւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Վ. Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը:

««Սեւան» ազգային պարկը 2022 թվականի հունվար ամսից ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել, ժառանգել եմ 47 մլն 122 հազար 469 դրամի չկատարած պարտավորվածություններ: ՊՈԱԿ-ի կողմից կատարված աշխատանքների արդյունքում 2023 թ․ դեկտեմբեր ամսից մենք չկատարած պարտավորվածություններ չունենք, ինչպես նաեւ կարողացել ենք այս տարիների ընթացքում համայնքներին վճարման ենթակա կուտակված պարտքից մարել 21 մլն դրամ: ՊՈԱԿ-ի ֆինանսական վիճակը բարելավվել է, եւ եթե 2021 թվականին ձեռնարկատիրական գործունեությունից ստացված մուտքերը կազմել են 221մլն 678 հազար 932 դրամ, ապա 2022-ին՝ 260 մլն 24 հազար 71 դրամ, իսկ 2023-ին ապահովել ենք 298 մլն դրամական հոսք: 2 տարվա մեր աշխատանքի շնորհիվ 76 մլն 321 հազար 068 դրամով ավելացրել ենք ՊՈԱԿ-ի ձեռնարկատիրական մուտքերը»,- մեզ հետ զրույցում ասաց Կարեն Մնացականյանը:

Ըստ Մնացականյանի՝ այս տարի ՊՈԱԿ-ը ձեռք է բերել 3 տրանսպորտային միջոց (Լադա-Նիվա), ընդհանուր՝ 15 մլն 300 հազար դրամով, եւ նոր տեխնիկաներ՝ դյուրակիր համակարգիչներ, սեղանի համակարգիչներ, բազմաֆունկցիոնալ սարքեր՝ աշխատանքներն ավելի դյուրին դարձնելու նպատակով. «Պարկի տարածքների պահպանությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով կատարվել են կառուցվածքային փոփոխություններ, ինչի արդյունքում հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացվում է շուրջօրյա հսկողություն: Աշխատողների մեծ մասի աշխատավարձը կատարած փոփոխությունների արդյունքում բարձրացվել է 30%-ով: Նշեմ, որ 2023 թվականին կազմակերպվել են հողամասի վարձակալության եւ կառուցապատման իրավունքի մրցույթներ 7 լոտերի համար՝ 56.49692 հա, որի արդյունքում ՊՈԱԿ կմուտքագրվի 20 մլն 778 հազար 530 դրամ գումար, եւ կիրականացվի շուրջ 2.7 մլրդ դրամի ներդրումային ծրագիր: 2018-23թթ. ՊՈԱԿ-ի կողմից վերանայվել են թվով 51 հողամասի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի պայմանագրերի վարձավճարներ, որի հիման վրա տարեկան վարձավճարը շուրջ 9 մլն դրամից դարձել է 36 մլն դրամ, ֆինանսական միջոցներն ավելացել են 27 մլն դրամով: Նույն ժամանակահատվածում կնքվել են 50 հողամասի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի պայմանագրեր՝ տարեկան 38 մլն 500 հազար դրամի վարձավճարով: Կապված կադաստրային արժեքների թանկացման հետ՝ սկսել է հողօգտագործողների ծանուցման գործընթացը, որի արդյունքում 230 հողօգտագործողների տարեկան վարձավճարը կթանկանա: 2022-ին կնքվել են անասունների արածեցման, խոտհունձի թվով 80 պայմանագրեր՝ 7 մլն 770 հազար 320 դրամով: 2023 թ․ անասունների արածեցման, խոտհունձի եւ փեթակի տեղադրման 88 պայմանագրեր՝ 8 մլն 376 հազար 320 դրամով, ինչպես նաեւ կնքվել են տաղավարների ժամանակավոր տեղադրման պայմանագրեր՝ 6 մլն դրամով»:

- Պարոն Մնացականյան, «Սեւան» ազգային պարկի տարածքում 10 հազարից ավելի սոճիներ չորացել են, եւ մինչ օրս խնդրին լուծում չի տրվել: Ի՞նչ կասեք դրա մասին:

- Այս մասով նախարարությունում բազմիցս քննարկումներ են եղել: Ծառերի հիվանդության վերջնական պատճառը դեռ Գիտությունների ազգային ակադեմիան չի տվել: Մենք նաեւ այլ լաբորատորիա ենք դիմել, սոճիներից նմուշ են վերցրել: Օրինակ՝ Ծովագյուղի հատվածից դեպի Արտանիշ ընկած հատվածում եղեւնիներ կային, որ դեղնել էին եւ չորացել: Հիմա դրանք վերականգնվում են՝ առանց որեւէ միջամտության: Վերջին տարիները ձնառատ չեն եղել` այդ հիվանդությունը դրանից է, թե անբարենպաստ եղանակների պատճառով են միջատները շատացել, թե երաշտի պատճառով է, դա պետք է արդեն Գիտությունների ակադեմիան պատասխանի: Արգելված է այդ տարածքում վնասատուների դեմ պայքարող միջոցների սրսկումը, պետք է պատճառը հասկանանք: Որ ծառը 100 %-ով չորացած է, պետք է հատենք: Ամեն դեպքում չենք շտապում ծառերը հատել, մտածում ենք՝ գուցե ծառերը կպայքարեն ու կվերականգնվեն, ինչպես եղավ եղեւնիների դեպքում:

- Սեւանա լճի ափին ճեմուղի կառուցելու ծրագրի հետ կապված ի՞նչ կասեք: Հանրության կողմից ծրագիրը չընդունվեց: Ի՞նչ փուլում է այդ գործընթացը:

- Ճեմուղին, եթե այն, ինչն ասում են, իրականություն դառնա, դա շատ լավ նախագիծ է: Դրանով, մեծ հաշվով, մենք էլ ենք զբաղվում, բայց հիմնականում Քաղշինկոմիտեն է դրանով զբաղվում: Գիտեմ, որ լսումները չեն կայացել, տնտեսվարողները դեմ են եղել, բայց ընթացքի մեջ է, աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ:

- Սեւանա լճի ափի 1901,5 մ նիշից ցածր գոտում գտնվող քանի՞ շենք-շինություններ են ապամոնտաժվել այս տարի:

- 2022-ին տնտեսվարողներն իրենք իրենց միջոցներով են ապամոնտաժել 30-ից ավելի միավոր շինություններ, 2023-ին 35 միավոր է ապամոնտաժվել, այդ թվի մեջ մտնում են նաեւ տեղադրված տնակները: Նաեւ ունենք գույքագրած շինություններ՝ Արտանիշի հատվածից մինչեւ Դրախտիկ, տնտեսվարողներին ծանուցել ենք ապամոնտաժման մասին, եթե իրենք չկատարեն, ապա ՊՈԱԿ-ի կողմից օրենքով սահմանված կարգով կապամոնտաժվի: Ապամոնտաժման գործընթացն այսպիսին է՝ մենք գույքագրում ենք, թե որն է քանդման ենթակա: Բայց քանդման մեջ կա ընթացակարգ: Մենք չենք կարող գնալ եւ միանգամից քանդել, այդ դեպքում իրավական մասով բախվում ենք լուրջ խնդիրների: Նախ համայնքը պետք է կայացնի քանդման որոշում, մեծ հաշվով, դա պետք է համայնքը քանդի, ոչ թե ազգային պարկը: Համայնքներ կան՝ պատճառաբանում են, որ համապատասխան տեխնիկա չունեն քանդելու համար: Հենց ծանուցում ենք, տնտեսվարողները փաստաբաններ են վարձում, ու պրոցես է գնում, հասնելով ընդհուպ մինչեւ դատարան: