Ինչու են բռնություն գործադրել թմրամիջոցներ փնտրելիս

Ինչու են բռնություն գործադրել թմրամիջոցներ փնտրելիս

Այսօր՝ ապրիլի 25-ին, ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել։ 8 հարց ընդգրկված է արտահերթ նիստի օրակարգում։  

«Երևանյան ակումբներից մեկում վերջերս ոստիկանությունը գործողություն է իրականացրել։ Ենթադրաբար գործողությունը իրականացվել է թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակում։ Քննարկման առարկա չէ այն փաստը, որ հանցավորության դեմ պայքարը պիտի կոշտ բնույթ կրի, բայց դա երբեք չպիտի ուղեկցվի բռնությամբ։ Համացանցում տարածվել են տեքստեր ու տեսանյութեր, որոնցում աշխատակիցները պատմում են իրենց հանդեպ բռնության մասին։ Ես ուզում եմ իմանալ՝ արդյոք Դուք տեղեկություններ ունեք այդ տարածված վկայությունների մասին։ Եթե այո, ապա որքանով է օրինաչափ ոստիկանության գործողությունը»,- քիչ առաջ ասաց ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ դիմելով ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանին։

«Մենք շատ անգամ ենք հնչեցրել, որ 2023 թվականը Հայաստանում թմրամիջոցների դեմ պայքարի տարի է։ Սրա հետ կապված ինտենսիվ գործողություններ են իրականացվում մեր ծառայության բոլոր ստորաբաժանումների կողմից։ Ակումբները նույնպես այս տեսանկյունից բացառություն չեն, որովհետև փորձը ցույց է տալիս, որ հատկապես այդպիսի հաստատություններում շատ ավելի բարձր է թմրամիջոցների շրջանառության ռիսկը։ Որևէ անսովոր բան այս տեսանյունից չպիտի լինի՝ հաշվի առնելով մեր քաղաքականությունը։ Ինչ վերաբերվում է բռնությանը, ապա կարող եմ ասել, որ եթե լինի այնպիսի անհամաչափ ուժի կիրառում, որը կենթադրի պատասխանատվություն, ապա դա անպայման տեղի կունենա։ Ես իրավասու չեմ ասելու, թե կոնկրետ ձեր նշած դեպքով արդյոք համաչափ է եղել կիրառված ուժը, թե ոչ, բայց վստահեցնում եմ, որ եթե լինեն հիմքեր ծառայողական քննության, ապա դա ևս կիրականացվի»,- արձագանքեց ՆԳՆ նախարարի տեղակալը։