Հայաստանը կերավ այնպես, ինչպես «կուկուռուզն էր ուտում»

Հայաստանը կերավ այնպես, ինչպես «կուկուռուզն էր ուտում»

Նկարը երբևէ չէի հիշեցնի, եթե գաղտնի արված լիներ ու էսթետիկական առումով հերոսները չկամենային նման դրության մեջ երևալ։ Բայց այս նկարը հանրայնացրել ու անմահացրել  է 2023 թվականի փետրվարին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում։ 

Ինչու՞ հիշեցի այս նկարը։ Երեկ Փաշինյանն էլի ազգային ժողով էր եկել։ Նրա պատկերացումներն ազգային անվտանգության, տարածքների միակողմանի զիջումների, հանձնումների  վերաբերյալ համընկնում են իր կերած «կուկուռուզի հետ»։ Իրական «կուկուռուզ է»։  Երբ նա իր ձեռքն էր վերցրել, այն ամբողջովին կար։ Բայց մի քանի վայրկյան անց թիրախը, կերը   հայտնվեց այն վիճակում , ինչպիսին տեսնում եք նկարում։ Հայաստանն էլ նա այդպիսինն է պատկերացնում։ Ամբողջական էր, ամբողջականությունը ներկայացնում է նրա կինը։

Ինչպե՞ս կարող էր դա այլաբանություն չլինել, երբ կնոջ ձեռքի եգիպտացորենից  մի հատիկ անգամ պոկված չէ։ Նա ներկայացնում է ամբողջական Հայաստանը, իսկ մյուսը՝ ծվատված, հատիկները «կերման եզրին հասցրած» ,  տեղ- տեղ պահպանված, թելից կախված  Հայաստանը։ Ունեինք Արցախ, չծվատված, չհոշոտված Հայաստան, բայց երկիրը «կերավ այնպես, ինչպես կուկուռուզն էր ուտում»։ Ու գիտե՞ք այս մարդը ինչու է ասում, որ պատմական Հայաստան չկա, որովհետև նրա համար Հայաստանը կեր է։ Ինչպես կուկուռուզն ուտելուց հետո պատմական դառնալ  չի կարող, այնպես էլ Հայաստանը։ Ցավալի, բայց փաստ է։ Չեք կարող «վայելողին» համոզել, որ կա պատմական Հայաստան, ինչպես չեք կարող համոզել, որ «կուկուռուզն ուտելուց հետո պատմական է դառնում»։ Նրա համար կա միայն  իրական կուկուռուզ։ Այսինքն կա այնքան, ինչքան դեռ չի կերվել։