Ոչ թե հուժկու, այլ վախվորած եu քստմնելի

Ոչ թե հուժկու, այլ վախվորած եu քստմնելի

Փաշինյանի` շաբաթ օրը Գեղարքունիքի մարզում հնչեցրած խոսքը, հատկապես նրա կողմնակիցների կողմից, ներկայացվեց որպես պատասխան Ալիեւի հայտարարություններին, որով նա Հայաստանից գրաված տարածքները հայտարարում է Ադրբեջանի անբաժան մաս եւ նոր տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին: Առավել նիկոլապաշտները Փաշինյանի խոսքին արժեք տալու համար այն անվանեցին «հուժկու պատասխան»: Փաշինյանի ելույթն իր կուսակիցների շրջապատում ինչ-որ իմաստով կարելի է համարել պատասխան, բայց միայն վախվորած եւ քստմնելի: 

Նիկոլ Փաշինյանը երկու անգամ հայտարարեց, որ իր համար «բացարձակապես անընդունելի է», երբ Ադրբեջանը տարածքային պահանջներ է գեներացնում Հայաստանի Հանրապետության նկատմամբ եւ կասկածի տակ է դնում Հայաստանի Հանրապետության գոյության փաստը: Իսկապես շատ հուժկու պատասխան է` չէ՞ որ Փաշինյանը կարող էր ասել, որ «իր համար անընդունելի են Ալիեւի հայտարարությունները», բայց նա երկու դեպքում էլ օգտագործեց «բացարձակապես» բառը: Միայն թե Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում նրա համար բացարձակապես անընդունելի շատ բաներ, ի վերջո, իրականություն են դարձել, եւ այդ իմաստով, նրա ասածը որեւէ արժեք չունի:
Փաշինյանի խոսքը նրա կուսակիցները լսում էին ակնհայտ անտարբերությամբ եւ ընդգծված արհամարհանքով: Բոլորի համար էլ պարզ է, որ Փաշինյանը գոյություն չունի` քաղաքական դիակ, ով դեռ կարողանում է խոսել, բայց ընդունակ չէ շարժվելու եւ գործելու: Նա քաղաքական դիակ է, քանի որ իր թիմակիցներին ու հանրությանը խոստանում էր խաղաղության օրակարգ եւ խաղաղության խաչմերուկ, բայց հիմա նստել է նրանց առաջ ու ասում է, որ այդ ամենը չկա` ո՛չ օրակարգը կա, ո՛չ խաչմերուկը, ընդհակառակը` Ադրբեջանը Հայաստանից տարածքային պահանջներ ունի եւ ուզում է կործանել Հայաստանի Հանրապետությունը, ուրեմն պատերազմն անխուսափելի է: Հայերենում մի խոսք կա. «Մեռած է, թաղած չի»: Հիմա Փաշինյանը նման է այդ մեռած-չթաղածին, նրա քաղաքական մահն արձանագրված է, այդ թվում եւ իր կողմից, բայց թաղող չկա: 

Փաշինյանն ընդունում է, որ միջազգային հանրությունը, Արեւմուտքն ու Ռուսաստանը ձեռք-ձեռքի տված երկու տարի շարունակ իրեն խաբել են, համոզել, որ եթե Արցախը չլինի, ապա հնարավոր կլինի Ադրբեջանի հետ խաղաղության հասնել: Եթե Հայաստանը հրաժարվի Արցախի եւ նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունից, նպաստի Արցախի հայաթափմանն ու ադրբեջանականացմանը, Ադրբեջաննն էլ կհրաժարվի Հայաստանի տարածքի նկատմամբ ունեցած հավակնություններից: 2022 թվականին Պրահայում, ապա Սոչիում, 2023 թվականին Բրյուսելում, Փաշինյանը հրաժարվել է Արցախից, ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դրա փոխարեն ոչ միայն Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այլեւ տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին:

Փաշինյանի հույսն այն էր, որ միջազգային հզոր հանրույթը կստիպի Ալիեւին հաշվի նստել Հայաստանի գոյության փաստի հետ, կասեն` տես, Հայաստանն իր բաժին պարտավորությունները կատարեց, հիմա էլ քո բաժին պարտավորությունների կատարման հերթն է: Բայց Ալիեւն իր վերջին հարցազրույցում հայտարարեց, որ Ադրբեջանն աշխարհի հզորագույն երկրներից է՝ հասկացնելով, որ իր վրա որեւէ ճնշում հնարավոր չէ բանեցնել, որ իր համար հեղինակություններ չկան, որ կարող են իրեն հետ պահել իր նպատակների իրագործումից: Փաշինյանը Հայաստանը թողել է անպաշտպան Ադրբեջանի դեմ ու շվարած հայտարարում է. «Բաքվից հնչող հայտարարությունները համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին»: Ի՞նչ խաղաղության գործընթաց, ո՞ւմ կողմից է այն նախաձեռնվել, եթե Ադրբեջանը մշտապես` թե՛ գործողություններով, թե՛ հայտարարություններով, ցույց է տվել, որ իր համար չկա խաղաղության հարց եւ նման գործընթաց:

Իսկ կարո՞ղ էր Հայաստանը պատասխանել Ադրբեջանին, եւ ինչպիսի՞ն պետք է լիներ այդ պատասխանը: Հայաստանի պատասխանը պետք է լիներ ոչ թե միջազգային հանրության ոտքերն ընկնելն ու նրանից խաղաղության եւ անվտանգության երաշխիքներ մուրալը, այլ Հայաստանի դիմադրողականության բարձրացումը, տնտեսական զարգացմանն ուղղված քայլերի իրականացումը, Հայաստանի բանակի վերակազմավորումը եւ վերազինումը: Բայց Փաշինյանը տնտեսություն ասելով հասկանում է փող: Եվ քանի որ տնտեսություն ասելով հասկանում է փող, տնտեսական զարգացում ասելով էլ հասկանում է բանկային ոլորտի զարգացում, որովհետեւ փողը բանկերում է, եւ նա հպարտանում է բանկերի հարստացմամբ ու եկամուտների աճով՝ չգիտակցելով, որ դրան բանկերը հասել են տնտեսության մյուս ճյուղերը մզելու, տնտեսությունը ոչնչացնելու արդյունքում: Մի մարդ, ով տնտեսության` էկոնոմիկայի նախարար կարող է նշանակել սպասարկման ոլորտի ներկայացուցչի, որի կարգախոսը Հայաստանը թանկ ռեստորանի վերածելն է, մի՞թե ուրիշ արդյունք կարող էինք սպասել: Մի՞թե ուրիշ արդյունք կարելի է սպասել, երբ երկրի բյուջեի հսկայական մասը ծախսվում է ճանապարհների ու շենքերի անորակ շինարարության վրա, ոլորտներ, որտեղից կարելի է հսկայական միջոցներ սեփականացնել: Ո՞ւմ է պետք անպաշտպան երկրի ճանապարհների ու շենքերի շինարարությունը, բացի այդ երկիրը հարմար պահի լքելու պատրաստ իշխանության մի խումբ ներկայացուցիչներից: 

Գործընկերներիցս մեկը վերջերս հիշեց, թե ինչպես «Հայկական ժամանակ» թերթում Փաշինյանը ծաղրանկարիչ Արզօյին հանձնարարություն էր տալիս մի հոդվածի համար ծաղրանկար նկարել, որտեղ Արցախն օձի տեսքով փաթաթվել է Հայաստանի քարտեզին եւ խեղդում է նրան: Հիմա այդ ծաղրանկարն իրականություն է դարձել, Փաշինյանի ռեժիմը փաթաթվել է մեր երկրին ու Արցախը ոչնչացնելուց հետո հիմա էլ Հայաստանին է խեղդում: Քաղաքական դիակը կա, թաղման թափորը պատրաստ է, մնում է թաղման հանձնաժողով ստեղծվի, եւ Հայաստանը խեղդող օձին հանձնենք հողին, թե չէ Ալիեւի բոլոր մտադրություններն իրականացվելու են:

Ավետիս Բաբաջանյան