Զսպեք գների կատաղի աճը

Զսպեք գների կատաղի աճը

Ուրեմն պարզվում է` Երեւանում ապրելն ավելի թանկ է, քան Մոսկվայում, որն աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկն է համարվում։ 

Նույն կյանքի որակն ապահովելու համար Երեւանում ամսվա կտրվածքով միջին հաշվով անհրաժեշտ է մոտ 3246,3, Մոսկվայում՝ 2909,4 դոլար՝ ներառյալ բնակմակերեսի վարձակալությունը։ Երեւանում 1 սենյականոց բնակարանի վարձակալությունը 2023-ի միջինացված ցուցանիշով ամսվա կտրվածքով արժեցել է 979 դոլար կամ մի փոքր ավելի, Մոսկվայում՝ 779 կամ մի փոքր ավելի։ Երեւանում սննդամթերքի գները Մոսկվայի համեմատ բարձր են 17,6, ռեստորաններինը` 21,8 տոկոսով։ 

Սակայն, ինչը հատկապես կարեւոր է, Երեւանում միջին վիճակագրական քաղաքացու գնողունակությունը 56 տոկոսով զիջում է Մոսկվայի քաղաքացու գնողունակությանը։ Իհարկե, շատերը հատկապես անշարժ գույքի վարձակալության գների կտրուկ աճը Երեւանում բացատրում են ռուս կամ այլազգի ռելոկանտների գալով, բայց դրան գումարվեց նաեւ ավելի քան 100 հազար արցախցիների ժամանումը։ 

Հատկապես անշարժ գույքի, վարձակալության գնաճը հարվածում է առաջին հերթին արցախցիներին, որոնք այսօր ամենախոցելի խավն են դարձել, քանի որ մարդիկ կորցրել են ամեն բան՝ տունուտեղ, եկամտի աղբյուրներ։ Այս անհասկանալի գնաճը, բոլորիս համար բացասական լինելուց զատ, հատկապես վատ է արցախցիների համար ու անպայման պետք է կանոնակարգվի, ճնշվի պետական գործիքակազմով։ 

Չմոռանանք, որ անշարժ գույքի որոշ սեփականատերեր չարաշահում են իրենց հնարավորությունները՝ ավելի թանկ գնով վարձակալության տալով։ 

Ասում են, որ երբ Թուրքիայում սկսվեց ռուսների եւ արաբների հետաքրքրությունը թուրքական անշարժ գույքի շուկայի հանդեպ, օրենքով սահմանվեց, որ անշարժ գույքի սեփականատերը, եթե իր գույքն արդեն վարձակալության է տվել տեղացուն, իրավունք չունի նրան դուրս հանելու եւ ավելի թանկ գնով վարձակալության տալու օտարերկրացուն։