Մեղադրանք է առաջադրվել նաև «ՀԱՏՄ» ընկերության տնօրենին

Մեղադրանք է առաջադրվել նաև «ՀԱՏՄ» ընկերության տնօրենին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը մի քանի օր է՝ կալանավորված է։ Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտարարություն էր տարածել՝ մանրամասնելով, որ Արա Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել եւ կրկին մեղադրանք է առաջադրվել Քրօր․ 214-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով։
Հետաքրքրականն այն է, որ, ըստ ԱԱԾ-ի, նախնական համաձայնության գալով հիմնադրամին 100 տոկոս մասնաբաժնով պատկանող ՍՊ ընկերության տնօրենի հետ, 2017 թվականի հոկտեմբերի 26-ին կնքել է պայմանագիր՝ Արցախի Հանրապետության Ասկերանի, Շահումյանի, Մարտակերտի, Հադրութի, Քաշաթաղի եւ Մարտունու շրջանների վարչակազմերի կրթության բաժիններին 149.474.540.00 ՀՀ դրամի գույք մատակարարելու մասին, սակայն տվյալ գույքը չի մատակարարվել, իսկ հիմնադրամից այդ նպատակով դուրս գրված հիշյալ գումարը յուրացնելու նպատակով կազմել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր՝ նյութագիտական արժեքների հանձնման-ընդունման ակտեր:

Արա Վարդանյանի պաշտպան Լուսինե Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ շատ մանրամասներ չի կարող ներկայացնել, հայտնեց միայն, որ հիմնարկը պատկանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին․ «Սակայն որեւէ կերպ չի հիմնավորվել, որ Արա Վարդանյանը որեւէ կերպ առնչություն ունի այդ գործարքների հետ, այսինքն՝ եթե մատակարարում տեղի չի ունեցել, ապա հիմնավորված չէ, որ Արա Վարդանյանն առնչություն ունի»։

Լուսինե Սահակյանը նշեց, որ հիմնարկի անունը չի հիշում, սակայն այն պետք է կահույք մատակարարեր։

ԱԱԾ հաղորդագրության մեջ նշված է․ «2017 թվականի հոկտեմբերի 26-ին Վարդանյանը կնքել է պայմանագիր՝ Արցախի Հանրապետության Ասկերանի, Շահումյանի, Մարտակերտի, Հադրութի, Քաշաթաղի եւ Մարտունու շրջանների վարչակազմերի կրթության բաժիններին 149.474.540.00 ՀՀ դրամի գույք մատակարարելու մասին, սակայն տվյալ գույքը չի մատակարարվել»։

Պաշտպանի խոսքով՝ չի կարող ասել, թե Արցախի նշված շրջանների ղեկավարները Վարդանյանի դեմ ցուցմունք տվե՞լ են, թե՞ ոչ։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայիս տնօրեն Հայկակ Արշամյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ հիմնադրամին ենթակա ընկերության տնօրենին՝ Ավետիք Հարությունյանին, նույն գործի շրջանակում եւս մեղադրանք է առաջադրվել, իսկ թե ինչ խափանման միջոց է ընտրվել նրա նկատմամբ, դժվարացավ պատասխանել։ Արշամյանը նաեւ նշեց, որ խոսքը «ՀԱՏՄ» (Հայ-Ամերիկյան տնաշինական միավորում) ընկերության մասին է, այլ մանրամասներ չհայտնեց, ասաց՝ տեղյակ չէ։