Հասցեատերը հենց դատավոր Ազարյանն է․ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ

Հասցեատերը հենց դատավոր Ազարյանն է․ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ

Այսօր «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի ներկայացումից հետո լրագրողները ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին հարցեր ուղղեցին դատավորների անկախության, նրանց ճնշումների չենթարկվելու մասին։ «Դատավորը ինքն է պատասխանատու իր արտահայտած մտքերի համար, որպեսզի, այսպես կոչված, չիրականացվի հեռախոսային արդարադատություն։ Դատավորն ինքն է պատասխանատու իր կայացրած ակտերի համար, իսկ նրա ապահովությունը օրենքներին եւ Սահմանադրությանը համահունչ է։ Համոզված եղեք, որ դատավորներն այդպես էլ շարժվում են»,- ասաց Երվանդ Խունդկարյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե նախկինում չի՞ եղել նման «զանգերով արդարադատություն»։ «Ես, համենայնդեպս, նման իրավիճակների չեմ հանդիպել»,- ասաց նա։ Հարցին, թե դատավոր Ալեքսանդր Ազարյանը հայտարարել է, որ դատարանների նկատմամբ կա բիրտ ճնշում, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը արձագանքեց․ «Երեւի հասցեատերը հենց դատավոր Ազարյանն է։ Ես չեմ կարող ասել, թե որտեղից իրեն նման տպավորություն»։ Hraparak.am-ը նկատեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մարտի 1-ի գործով կայացնում է բազմաթիվ վճիռներ։ Ժամանակին Մարտի 1-ի գործով ներպետական ատյաններում դատական ակտեր կայացրած դատավորներից շատերն այսօր էլ շարունակում են պաշտոնավարել, մինչդեռ փաստաբանների կարծիքով՝ նրանք պետք է հեռանան։ «Արդյոք նրանք չե՞ն հայտնվել երկակի իրավիճակում»,- հետաքրքրվեցինք Խունդկարյանից։

«Քրեական գործերի հետ կապված ես չեմ կարող մանրամասն կարծիքներ հայտնել, ինքս այդ ոլորտի մասնագետ չեմ։ Ես քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր եմ։ Ինչ վերաբերում է Ձեր նշած հանգամանքին, որ ՄԻԵԴ-ի կայացրած վճիռները կարո՞ղ են հանգեցնել դատավորների հեռացմանը, ապա որեւէ այլ պետություն, այդ թվում նաեւ՝ եվրոպական համայնքի պետություն, չի կարող երաշխավորել, որ որեւէ դատական սխալ իր պետության մեջ չի կարող լինել։

Այս ընթացակարգի շրջանակներում է, որ մեր օրենսգրքերը սահմանել են՝ կա Սահմանադրական դատարանի որոշում, եւ եթե ՍԴ որոշմամբ եթե սահմանվել է, որ դատարանների կողմից կիրառված նորմը հակասահամանադրական է, իրավակիրառ պրակտիկան հակասահմանադրական մեկնաբանություն է տվել այդ նորմին կամ կա ՄԻԵԴ ակտ, որով ճանաչվել են կոնվենցիոն իրավունքի խախտումներ, ապա այդ դատական ակտերը նոր հանգամանք են հանդիսանում տվյալ գործերի վերաբացման համար։ Այս գործիքակազմը մեր օրենսդրությամբ կարող ենք այս կոնտեքստում տեսնել դրանց լուծումները»,- ասաց Երվանդ Խունդկարյանը։