Վճռաբեկ դատարանում բունտ է հասունացել

Վճռաբեկ դատարանում բունտ է հասունացել

Վճռաբեկ դատարանի դատավորների օգնականների մի մասի մոտ դժգոհություններ են հասունացել՝ կապված աշխատավարձերի հետ։ Նրանք մեզ պատմեցին, որ բանն այն է, թե դատավորի 2 օգնականից մեկի աշխատավարձը բարձրացել է, մյուսինը՝ ոչ։ Նրանք անգամ կնախապատրաստվեն ակցիաների, եթե իրենց աշխատավարձը եւս չբարձրանա։

Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը «Հրապարակ​»-ի հետ զրույցում նախ ասաց՝ յուրաքանչյուրն ազատ է իր գործողություններում եւ իրավունքների պաշտպանության միջոցը ինքն է ընտրում, այնուհետեւ ներկայացրեց իրավիճակը․ «Վճռաբեկի դատավորների օգնականների աշխատավարձերի մասով փոփոխություն չի եղել, Ձեզ ճիշտ չեն ներկայացրել, թե մեկինը բարձրացել է, մյուսինը՝ ոչ։ Բարձրագույն դատական խորհուրդն իրավունքները ստաձնելուց՝ 2018 ապրիլի 9-ից հետո, պարտավորություն է ստանձնել սահմանելու դատական դեպարտամենտի կառուցվածքը եւ պաշտոնների անվանացանկները։ Դրա արդյունքում բոլոր դատարանների դատավորների օգնականների պաշտոնների խմբերը մեկ ենթախմբով բարձրացել են։ Առաջատար խմբի առաջին ենթախմբից դարձել են գլխավոր խմբի երկրորդ ենթախմբի պաշտոններ, հետեւաբար աշխատավարձն է բարձրացել։ Խոսքը չի վերաբերվել Վճռաբեկ դատարանին, խոսքը վերաբերել է առաջին ատյանի, մասնագիտացված եւ վերաքննիչ դատարաններին, որովհետեւ շուրջ 10 տարի Վճռաբեկ դատարանի դատավորի օգնականների աշխատավարձերը բոլորի աշխատավարձերից բարձր է եղել, որովհետեւ ենթախումբն է բարձր եղել»։

Փոլադյանի խոսքով՝ երկրորդ ենթախմբի օգնականների աշխատավարձն առաջիկայում կբարձրանա․ «Հաշվի առնելով, որ երկրորդ օգնականի մասին է Ձեր բարձրացրած հարցադրումը, երկրորդ ենթախմբի աշխատավարձերի բարձրացմանը դատարանը որոշել է անդրադառնալ հաջորդ փուլում։ Հաջորդ փուլը մեկնարկել է, եւ կարծում եմ, որ այս տարվա մեջ մենք նաեւ դրական  արդյունքի կհասնենք։ Վճռաբեկ դատարանում եղել է այնպես, ինչպես որ եղել է նախկինում»։