Կա մեկ ձայնի իրավունքը, եւ այդ իրավունքը Նիկոլ Փաշինյանինն է

Կա մեկ ձայնի իրավունքը, եւ այդ իրավունքը Նիկոլ Փաշինյանինն է
Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավորների խճանկարը բավականին հետաքրքիր է…:
Կան փորձառու պատգամավորներ, անփորձ ինտելեկտուալներ, պարզապես անփորձներ եւ վերջապես՝ չխոսկաններ: Վերջիններիս որակական կազմն առավել ցայտուն է երեւում «Իմ քայլը» դաշինքում հայտնվածների մոտ: 

ԱԺ-ում փետրվարի 2-ին «Իմ քայլը» դաշինքը հրավիրեց դռնփակ նիստ եւ լրագրողներին դրսում թողեց: Լրագրողները 4 ժամից ավել սպասելուց հետո փորձում էին փակ նիստից դուրս եկող պատգամավորներին հարցեր ուղղել եւ պատասխան ակնկալել: Ավաղ, այն ապարդյուն եղավ, քանզի պատգամավորները չէին կարողանում խոսել, նրանց պարզապես արգելված էր որեւէ հոդաբաշխ խոսք ասել` մեկի վիզն էր ցավում, մյուսի տաքսին էր սպասում, երրորդի մոտ մեկնաբանությունն էր անլուրջ եւ այսպես շարունակ:

Ստացվել է այնպես, որ «Իմ քայլը» եւ նրանց հարող ՔՊ անդամները, անկախ իրենց ձայնի տեմբրից` մեցցո-սոպրանո, սոպրանո, բարիտոն, բաս, խոսում են մեկ ձայնով, եւ այդ մեկ ձայնը վարչապետի ձայնն է: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը միանգամայն ճիշտ է, երբ արգելափակել է նրանց ձայնի իրավունքը` լրագրողների հարցերին չպատասխանել եւ վերջ: Փաստորեն, ԱԺ 88 պատգամավորների ձայնն առայժմ գտնվում է ռադիոծածկույթից դուրս: 

Ի դեպ, չխոսկան հարսներ եղել են անցյալ դարի առաջին կեսին, իսկ չխոսկան պատգամավորները մեր օրերում են:

Գառնիկ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ
Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ