Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցնցման բազմաթիվ նոպաների պատճառով երկարատև հանգստի կմեկնի

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցնցման բազմաթիվ նոպաների պատճառով երկարատև հանգստի կմեկնի

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկարատև հանգստի կմեկնի՝ ցնցման բազմաթիվ նոպաների պատճառով։ Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ տեղական աղբյուրներին հղումով:

Քաղաքական գործչի հանգիստը կսկսվի հուլիսի 20-ի կարևոր հանդիպումից հետո և կտևի 28 օր: Ըստ ենթադրությունների՝ կառավարության ղեկավարն իր արձակուրդը կանցկացնի Ալպերում։

Բացի այդ, աղբյուրին հայտնի է դարձել, որ Մերկելն իր հետ կվերցնի ամերիկացի գրող Սիրի Հուսթվեդթի «Դողացող կինը» (The Shaking Woman or A History of My Nerves) գիրքը: Նշվում է, որ փաստագրական ստեղծագործության մեջ հեղինակը նկարագրել է մի կնոջ պատմություն, որը տառապել է անվերահսկելի ցնցման նոպաներից:

Հիշեցնենք, որ առաջին անգամ Մերկելը ցնցվել էր հունիսի 18-ին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը: Նա այդ ժամանակ կատարվածը բացատրել էր ջրազրկմամբ: Իրավիճակը կրկնվել էր հունիսի 27-ին՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպմանը: Կանցլերի երրորդ նոպան վրա էր հասել հուլիսի 10-ին՝ Ֆինլանդիայի վարչապետ Անտի Ռինեի հետ հանդիպման ժամանակ: