Թուրքի պես են պատասխանում սոցապից․ բնակիչ

Թուրքի պես են պատասխանում սոցապից․ բնակիչ

Hraparak.am-ի խմբագրություն էր զանգահարել Շենգավիթի շրջանի Շիրակի փողոցի 17 բնակարանի բնակիչ Էմմա Խնկոյանը՝ բողոքելով, որ անալոգային հեռարձակման անցնելուց հետո իրեն տրամադրված ընդունիչ սարքը չի աշխատում, և ինքը վեցերորդ օրն է՝ զրկված է հեռուստացույց նայելու հնարավորությունից։

«Ես գրագետ մարդ եմ, առանց լուրերի խելագարվում եմ, չեմ կարողանում։ Թվայնացման անցնելուց հետո այդ սարքը, որ տվել են, աղքատի տեղ են դրել, դե, նվիրել են, և չէր աշխատում, անընդհատ բողոքում էի, պատկերն էր խառնում և այլն, հիմա լրիվ շարքից դուրս է եկել»,- ասում է տիկին Էմման, որը հիվանդ, թոշակառու կին է։

Հիշեցնենք, որ անալոգային հեռուստահեռարձակումից թվայինի անցնելու ժամանակ պետությունը սոցիալապես անապահով խավերին կցորդ ընդունիչ սարքերը տրամադրեց անվճար՝ սոցապնախարարության միջոցով։

Նախկինում էլ անալոգային հեռուստահեռարձակումից թվայինի անցնելու ավարտական փուլում՝ հիմնականում անալոգային հեռարձակման անջատումից հետո, բնակչության կողմից  բազմաթիվ ահազանգեր էին  հնչում՝ կապված ընդունիչ սարքերի, հեռարձակման որակի, անվճար տրամադրվող սարքերի եւ մի շարք այլ խնդիրների շուրջ։

Տիկին Էմման ասում է, որ զանգահարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից ասել են, որ ոչնչով օգնել չեն կարող, արդեն տվել են, թող գնա նորը գնի։

«Մի տեսուչ կար, մատով կպավ, աշխատեց, ամբողջ օրն աշխատեց, երեկոյան անջատեցի, նորից չաշխատեց, այսինքն՝ հասարակ բան է, կարելի է սարքել, ես իրենց գումարը կտամ, մենակ մի վարպետ ուղարկեն»,- ասում է Էմմա Խնկոյանն ու դժգոհում․ «Չեն ամաչում։ Թոշակով ո՜նց ենք այդ սարքից առնում։ Հրաժարվում են օգնել, էն էլ ինչ ձևով են հրաժարվում։ Ասես թուրք լինեն, էս ի՞նչ վիճակ է, էս ի՞նչ երկիր է»։

Սոցապնախարարությունից նրա տված հեռախոսահամարով զանգահարեցինք, որտեղից մի աշխատակցուհի ասաց․ «Ճիշտն ասած՝ տարիներ առաջ էր, որ տրամադրվեց, առնվազն երեք տարի, դժվարանում եմ որևէ բան ասել, էն ժամանակ ինֆորմացիա ունեինք՝ ովքեր են նորոգում, քաղաքացին ուր դիմի, բայց հիմա՝ ոչ»։

Փաստորեն, ստացվում է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախորդի իրավահաջորդը չէ։