Արթուր Դավթյանն անկախացե՞լ է կամ՝ ո՞ւր է Փաշինյանի նկարը

Արթուր Դավթյանն անկախացե՞լ է կամ՝ ո՞ւր է Փաշինյանի նկարը

Նիկոլ Փաշինյանը, երբ պատգամավոր էր, Ազգային ժողովում գլխավոր դատախազի ընտրության ժամանակ հարց է ուղղում դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին, թե արդյոք գլխավոր դատախազի աշխատասենյակում կախվա՞ծ է, արդյոք, Սերժ Սարգսյանի նկարը, և ինչպե՞ս է ինքը վերաբերվում այդ փաստին: Ի պատասխան՝ Դավթյանն ասում է. «Այո, ՀՀ գլխավոր դատախազի աշխատասենյակում փակցված է հանրապետության նախագահի նկարը, և ենթաօրենսդրական ակտերի ուսումնասիրությունը, կարծում եմ, Ձեր այդ հարցի համապատասխան պատասխանը կտա»: Դավթյանը սրանով թերևս ուզում է հասկացնել, որ հանրապետության նախագահը երկրի պետական սիմվոլներից է կամ երկրի առաջին դեմքն է, այդ պատճառով է, որ նրա նկարը փակցնում են պետական պաշտոնյաներն իրենց աշխատասենյակներում: Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանը հատկապես անկախ մարմին համարվող ուժային կառույցների պարագայում դա համարում էր Սերժ Սարգսյանից քաղաքական կախվածության նշան և հեգնում էր, թե այդ կառույցների ղեկավարներն ամեն անգամ կարևոր որոշումներ կայացնելիս նայում են Սերժ Սարգսյանի նկարին, որ տեսնեն՝ նկարն իրենց ինչ է հուշում, քանզի ինքնուրույն որոշումներ չեն կարող կայացնել:


Մենք հետաքրքրվեցինք դատախազության լրատվական ծառայությունից, թե գլխավոր դատախազի աշխատասենյակում այս պահին հանրապետության նախագահի կամ վարչապետի նկարը փակցվա՞ծ է, թե՞ ոչ: Դատախազությունից մեզ ասացին, որ ոչ, որևէ նկար չկա փակցված: Մինդչեռ, Սերժ Սարգսյանի օրոք Դավթյանը դեմ չէր նրա նկարը իր աշխատասենյակում փակցնելուն և դա բացատրում էր ենթաօրենսդրական ակտերով: Հիմա ի՞նչ է փոխվել նրա մոտեցումներում կամ այդ ենթաօրենսդրական ակտերում, որ որոշել է հրաժարվել Սահմանադրությամբ պետության գլուխը համարվող նախագահի և իր կարգավիճակով երկրի քաղաքական ղեկավարը համարվող վարչապետի նկարը փակցնելուց: Կարո՞ղ է Սերժ Սարգսյանի օրոք դատախազ նշանակված ու մինչ օրս պաշտոնավարող Արթուր Դավթյանը ակամա խոստովանում է, որ նախկինում ինքը սխալ է արել, որ իր կաբինետւմ փակցրել է Սերժ Սարգսյանի լուսանկարը, և հիմա որոշել է այդ սխալն ուղղել և վերջապես անկախանալ՝ ազատվելով ինչպես Նիկոլ Փաշինյանի նկարից, այնպես էլ նրա ազդեցությունից:

Երեկ, երբ գլխավոր դատախազն Ազգային ժողովում էր, Hraparak.am-ը հարցրեց Արթուր Դավթյանին, թե իր հետագա պաշտոնավարումը հնարավո՞ր է պայմանավորված է Ռոբերտ Քոչարյանի դեմ կամ Մարտի 1-ի առթիվ հարուցված քրեական գործերով, քանզի այս օրերին դա շատ է շահարկվում: «Ես «հնարավոր»-ով հարցերին պատասխանող պաշտոնյա չեմ»,-ասաց նա, ապա հավելեց. «Իմ պաշտոնը քաղաքական պաշտոն չէ»:

Հ.Գ. Նկատենք, որ նախկինում էլ գլխավոր դատախազի պաշտոնը քաղաքական պաշտոն չէր, բայց նա իր կաբինետում չէր խորշում փակցնել երկրի այն ժամանակվա քաղաքական ղեկավարի՝ Սերժ Սարգսյանի նկարը: Այդ նկարը Արթուր Դավթյանին փոխանցվել էր դեռ Աղվան Հովսեփյանի, ապա նաև Գևորգ Կոստանյանի ժամանակներից: Կոստանյանն, ի դեպ, համարվում էր Սերժ Սարգսյանի անձնական կադրը, բայց հեղափոխությունը հեղափոխեց նաև նրան. վերջինիս աչքերը բացվեցին, և նա սկսեց Փաշինյանի նպատակներում ազնիվ մղումներ տեսնել, դիֆերամբներ ձոնել նրա հասցեին: Բացի այդ, այն ժամանակ, այդ թվում՝ Կոստանյանի օրոք, ընդդիմադիրների և, հատկապես, Նիկոլ Փաշինյանի կողմից բազմիցս կասկածի տակ էին դրվում դատախազության ու մյուս իրավապահ մարմինների քաղաքականացված լինելու, երկրի ղեկավարից քաղաքական կախվածություն ունենալու հանգամանքը: Ուստի հարց է առաջանում՝ Արթուր Դավթյանը հեղափոխությունից հետո դե ֆակտո անկախացե՞լ է երկրի քաղաքական ղեկավարությունից: Եթե այո, ապա ինչպե՞ս է ստացվում, որ ինքն անձամբ է գնում մասնակցում այնպիսի դատավարությունների, որոնք դե ֆակտո Նիկոլ Փաշինյանի հսկողության տակ են և շահարկվում են որպես քաղաքական պատվեր կամ վրեժխնդրություն: