«Կանչ»-ի, «Աղբյուր»-ի  եւ «Ծիծեռնակ»-ի ճակատագիրն անորոշ է նոր Հայաստանում

«Կանչ»-ի, «Աղբյուր»-ի  եւ «Ծիծեռնակ»-ի ճակատագիրն անորոշ է նոր Հայաստանում

Եթե մանկապատենական «Կանչ» թերթը (նախկինում՝ «Պիոներ կանչ») շարունակի տպագրվել պետական հովանավորությամբ, ապա 2025թ․ կլրանա նրա 100-ամյակը։ Թերթը լույս է տեսնում 1925 թվականից։
Սակայն ինչպես «Կանչ»-ի, այնպես էլ մանկապատանեկան «Աղբյուր» (նախկինում՝ «Պիոներ») եւ «Ծիծեռնակ» ամսագրերի ճակատագիրն այս պահի դրությամբ անորոշ է։

Ավելորդ է նշելը, թե դեռ խորհրդային իշխանության տարիներից դպրոց մտնող մանկապատանեկան թերթն ու ամսագրերը կրթական, մշակութային ինչ մեծ դեր ու նշանակություն են ունեցել դեռահասների կյանքում, քանի սերունդ է դաստիարակվել նրանց սերմանած արժեքներով։ Ավելորդ է նշելը, որ լրագրողի մասնագիտությունը տակավին պատանի տարիքից ընտրած քանի դպրոցական է իր առաջին քայլերն արել այդ ասպարեզում՝ իր նյութերն ուղարկելով «Կանչ», «Աղբյուր» եւ «Ծիծեռնակ»։ Գործող լրագրողներից հավանաբար շատերը կվկայեն այդ մասին, միգուցե ցույց տան նաեւ գզրոցներում խնամքով պահած իրենց առաջին հրապարակումներն այդ հանդեսներում։

Ինչո՞ւ հանկարծ պետական ֆինանսավորմամբ լույս տեսնող հանդեսները հայտնվեցին նման իրավիճակում։
Մեզ հաջողվեց զրուցել «Կանչ» թերթի գլխավոր խմբագիր Վարուժան Մնացականյանի հետ։
«Ֆինանսավորումը եղել է կրթության եւ գիտության նախարարության միջոցով։ Հիմա կրթության եւ գիտության նախարարը որոշել է, որ ոչ թե մշտական ֆինանսավորում լինի, այլ դա լինի մրցույթի՝ տենդերի միջոցով։ Հայտարարվում է տենդեր մանկական ամսագրերի հրատարակման համար, եւ ով հաղթի այդ տենդերում՝  նա էլ կարժանանա համապատասխան ֆինանսավորման։ Մենք էլ, մյուսների պես,  մասնակցեցինք այդ տենդերին, մեր առաջարկը դուր չեկավ նրանց, նրանց չափանիշներին չհամապատասխանեց, եւ մրցույթով մենք չանցանք։ Պարզ է, որ մենք դատապարտված ենք փակվելու»,- մեզ հետ զրույցում ասաց «Կանչ»-ի գլխավոր խմբագիրը։
Ովքե՞ր են հաղթել մրցույթում։

Հաղթողներից Վարուժան Մնացականյանը ճանաչում է երկուսին, որոնք, իր կարծիքով, չեն կարող որակով, բովանդակությամբ «Կանչ»-ին մրցակից համարվել։
«Մեկը «Խատուտիկ» թերթն է, երկրորդը՝ «Լուսապսակ»-ը, մյուսներին չեմ ճանաչում։ Այս հանդեսները կայացած են, «Կանչ»-ն էլ, «Աղբյուր»-ն էլ մոտավորապես հարյուր տարվա կենսագրություն ունեն։ Շատ վիրավորական է, անհեթեթ է, որ մեզ հետ հիմա կարող են այդպես վարվել։ Ես ամենայն վստահությամբ կարող եմ ասել, որ «Կանչ»-ը, «Աղբյուր»-ը եւ «Ծիծեռնակ»-ը մեր երկրի համար մշակութային արժեքներ են, ոչ թե սովորական ապրանք, որի համար կարելի է տենդեր հայտարարել»,- նշեց «Կանչ»-ի գլխավոր խմբագիրը։ 

Նա հիշում է, որ 1990 թվականին, Գերագույն խորհրդի առաջին որոշումներից մեկը եղել է այն, որ «Կանչ»-ը, «Աղբյուր»-ը եւ «Ծիծեռնակ»-ը վերցրել են պետական հովանավորության ներքո։ Այդ որոշմանը հավատարիմ նրանց տպագրությունը շարունակվել է մինչեւ օրեր առաջ  մրցույթ  հայտարարելը։  
Եվ հիմա Վարուժան Մնացականյանը խիստ զայրացած է․ «Սա կարտոլ ու պոմիդոր չէ, որի համար պետք է տենդեր հայտարարել, որ ով ավելի ցածր գնով ավելի  շատ ապրանք կգնի, նրան էլ կտան։ Մեր առաջարկած գինը կոնկրետ հաշվարկներից է ելնում, դրանից ցածր գնով հնարավոր չէ որակյալ թերթ կամ ամսագիր հրատարակել։ Իրենց դա դուր չեկավ, մտածեցին, որ շատ գումար ենք ուզում»։

Հետաքրքրվեցինք, թե թերթը պարբերաբար հասե՞լ է դպրոցներ, պատանի ընթերցողին։
«Կանչ»-ի գլխավոր խմբագիրը հիշում է, որ ԽՍՀՄ տարիներին թերթը լույս էր տեսնում 200 հազար տպաքանակով, հասնում նաեւ մինչեւ Ջավախք ու Լեռնային Ղարաբաղ։ Հիմա, ըստ նրա, թերթը լույս է տեսնում 2000 տպաքանակով։ 

«Այն ժամանակ պետությունը փողը տալիս էր, բայց թերթն իրացնելը թողնում էր բախտի քմահաճույքին։ Մենք այն ժամանակ թերթը հասցնում էինք դպրոցներ, հիմա հրահանգվել է, որ դպրոցներում չպետք է լինի դրամահավաքություն։ Երբ թերթը տանում ենք, դպրոցի տնօրենը կանգնում է մուտքի մոտ եւ ասում՝ չէ՛, չէ՛, չէ՛, չբերեք, մի ծնող կարող է գնալ, բողոքել, ասել, որ երեխային պարտադրում են 100 դրամ տալ եւ գնել մանկական թերթ։ Եվ այս պատճառով էլ դժվարանում է մեր մուտքը դպրոց, թերթը չի լինում հասցնել ընթերցողին։ Կրպակներ չենք առաքում թերթը, որովհետեւ երեխան չի գնում կրպակներ։ Կան, իհարկե, դպրոցներ, որոնց տնօրենները գիտակից են, հասկանում են, որ այդ թերթն իրենց պետք է, պետք է երեխային։ Եվ նրանք գնում են, թերթն էլ այդպես է տարածվում»,- պարզաբանեց Վարուժան Մնացականյանը։