Այո, կան շատ ավելի կարևոր խնդիրներ, բայց ես ընդամենը թեման եմ շրջանառության մեջ դրել
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ով վերջին օրերին մամուլի եւ համացանցի գլխավոր հերոսն է, իր առաջարկով՝ փոխել Հայաստանի պետական օրհներգը, ալեկոծություն է առաջացրել երկրում։ Նրան դուր չի գալիս Միքայել Նալբանդյանի՝ «Իտալացի աղջկա երգը» ստեղծագործության վրա հիմնված մեր հիմնը։
Նա առաջարկում է այն փոխարինել Արամ Խաչատրյանի գրած օրհներգով, որը Սովետական Հայաստանի հիմնն էր։ Սիմոնյանի այս պարզ ցանկությունն ու առաջ քաշած օրակարգը դարձել են Ֆեյսբուքի ու մամուլի վերջին օրերի թոփ թեման՝ հետին պլան մղելով երկրի սոցիալ-տնտեսական, դատաիրավական ու քաղաքական խնդիրները, գերատեսչությունների պարգեւավճարների եւ մյուս բոլոր թեմաները։ Սա նաեւ ջրի երես հանեց իշխող կուսակցության՝ «Քաղպայմանագրի» ներսում տիրող իրավիճակը, մանավանդ ներկուսակցական «դեմոկրատիայի» հմայիչ կողմերը՝ Ալենին սկսեցին քննադատել ու նրա նախաձեռնությանը դեմ դուրս գալ իր քաղաքական թիմի անդամները, մարդիկ, որոնք լուրջ թեմայով երբեւէ հանդես չեն եկել եւ ոչ մի նշանակալի բան իրենց կյանքում չեն արել։
Անգամ փոխվարչապետերից մեկի գրասենյակի ղեկավարը ձեռնպահ չմնաց «քլնգելուց»։
Թե ինչու Ալեն Սիմոնյանը որոշեց «բզբզել» մեղվի բույնը, հարցրինք նրանից։ «Նախ՝ ես ընդամենը թեման եմ շրջանառության մեջ դրել, ոչ թե առաջարկ եմ արել։ Իսկ ինչ վերաբերում է, թե ինչու հիմա, իսկ ե՞րբ պետք է դա արվի։ Մարդիկ ասում են, որ շատ ավելի կարեւոր խնդիրներ կան։ Այո, կան եւ միշտ կլինեն շատ ավելի կարեւոր խնդիրներ։ Ուղղակի ես ասում եմ, որ նախ այն օրհներգը, որ մենք ունենք այսօր, ՀՀ քաղաքացիների առնվազն կեսի կողմից այնքան էլ համակրանք չի վայելում։ Իսկ ինչ վերաբերում է Արամ Խաչատրյանի երաժշտության հետ կապված իմ առաջարկին, դա ամենահայկական եւ ամենամեծ պատմություն ունեցող, հայ մարդու հանճարը մեջը պարունակող օրհներգ է։ Այդ օրհներգն իր մեջ պարունակում է Կոմիտաս, որը 19-րդ դարում առանձնացրեց հայկական երաժշտությունը, գրեց հայկական շարականներ… Իսկ մեր գործող օրհներգը «Իտալացի աղջկա երգը» բալետից վերցված մի հատված է, որը հայկական չէ»։
- Ինչո՞ւ որոշեցիք այս գաղափարը շրջանառության մեջ դնել հենց Դուք՝ ԱԺ փոխնախագահ, մասնագիտությամբ իրավաբան, այլ ոչ թե, օրինակ, կրթության, մշակույթի հարցերով հանձնաժողովից որեւէ մեկը կամ հենց մշակույթի նախարարությունը։ Շատերն ասում են՝ ինչո՞ւ չեք Ձեր գործով զբաղվում, դա Ձեր գործը չէ։
- Իմ գործը, օրինակ, Մարտի մեկի զոհերի հարազատների հետ կապված օրենսդրական նախաձեռնությունն է, իմ գործը բուքմեյքերական գրասենյակների եւ գազալցակայաններում տեղադրված ապարատները վերացնելն է, որոնք ընտանիքներ են քանդում։ Իմ գործը ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքներին փոխհատուցում տալն է, հոսանքի հետ կապված նախաձեռնություն բերելն է, ԱԺ նիստերը վարելն է եւ այլն։ Բայց դա չի նշանակում, որ ես իրավունք չունեմ հանրության քննարկմանը ներկայացնել որեւէ այլ հարց։ Եթե ոչ ես, ապա ո՞վ պետք է դա անի։
- Ի դեպ, հենց այս փուլում նման օրակարգ առաջ քաշելը գնահատվեց որպես կարեւոր թեմաներից հանրության ուշադրությունը շեղելու փորձ, օրինակ՝ նույն պարգեւավճարների թեմայից։
- Է, թող չշեղվեն։ Եթե շեղվում են, ուրեմն իմ առաջ քաշած օրակարգն ավելի կարեւոր է, չէ՞։ Էդպե՞ս է ստացվում։
- Նիկոլ Փաշինյանը տեղյա՞կ է այս քննարկումներից եւ ի՞նչ վերաբերմունք ունի Ձեր առաջ քաշած հարցի հետ կապված։
- Ես իր հետ չեմ խոսել եւ չեմ հանդիպել, որովհետեւ ինքը տարբեր հանդիպումների էր երկրից դուրս՝ Դավոս, Մոսկվա, հետո՝ Գերմանիայի Դաշնություն, իսկ ես առողջական խնդիրներ ունեի եւ չեմ հանդիպել։ Բայց շեշտում եմ՝ սա օրենսդրական նախաձեռնություն չէ, սա իմ՝ որպես քաղաքական գործիչ, քննարկում սկսելու առաջարկն է։ Ես, բնական է, կզեկուցեմ պարոն Փաշինյանին առաջին իսկ հանդիպման ժամանակ եւ իր կարծիքը կլսեմ։
- Այս քննարկումը նաեւ ներկուսակցական դիսկուրսի եւ այս հարցում, կարելի է ասել՝ անգամ պառակտման առիթ տվեց։ Ձեր խմբակցության պատգամավորներից Արման Բոշյանը, որը երբեւէ որեւէ հարցով հանդես չէր եկել, գրառում կատարեց, թե Ձեր առաջարկին դեմ է, անգամ Տիգրան Ավինյանի գրասենյակի աշխատող Վարագ Սիսեռյանը դեմ արտահայտվեց։
- Կարծում եմ՝ իրենց անփորձության պատճառով է դա, որ իրենք արձագանքել են կամ փորձել են ինչ-որ ձեւով իրավիճակի մեջ խառնվել։ Բայց ազատ երկիր է՝ յուրաքանչյուրն իրավունք ունի իր կարծիքն արտահայտել։ Դրա համար էլ նախաձեռնել եմ այս քննարկումը։
- Ամեն դեպքում, ձեր թիմում այս առաջարկի կողմնակիցնե՞րն են շատ, թե՞ դեմերը, եւ եթե այն մտնի ԱԺ օրակարգ, կանցնի՞ Ձեր առաջարկը։
- Ես չեմ կարծում, որ դա քաղաքական օրակարգ պիտի բերեմ։ Ես միջանկյալ լուծում ունեմ, որն առաջիկայում կառաջարկեմ մեր խմբակցությանը եւ մեր հանրությանը, հետագայում ժողովուրդը որոշում կկայացնի։
- Ո՞րն է այդ միջանկյալ լուծումը։
- Չեմ կարող դա ասել, ես դրա շուրջ աշխատում եմ։ Կարծում եմ՝ հետաքրքիր լուծում եմ գտել։ Պարզվել է, որ միջազգային պրակտիկայում նմանատիպ մի բան եղել է, որն ինձ հաճելիորեն զարմացրեց։ Նմանատիպ մեկ այլ քննարկում է եղել այլ երկրում, եւ լուծման ձեւ են գտել այդ երկրի բնակիչները։ Շուտով դրա մասին կտեղեկացնեմ։
- Ի դեպ, այս օրերին Ձեր առաջարկի վերաբերյալ արդեն բազմաթիվ հումորային, սարկազմիկ ու կամ հեգնական գրառումներ են արվում, «Արմքոմեդին» էլ հումորով գրել էր, թե իբր Դուք առաջարկում եք երկրի մայրաքաղաքը տեղափոխել, եւ շատերն անգամ լուրջ էին ընդունել եւ Ձեզ եռանդով քարկոծում էին դրա համար։
- Ես գիտեմ հարվածներ հասցնելու եւ հարվածներ ընդունելու ձեւը։ Ինչ վերաբերում է հումորներին, կցանկանայի, որ դրանք գոնե ծիծաղելի լինեին եւ չարվեին ուղղակի անելու համար, Ալեն Սիմոնյանի անունը շահարկելով՝ լայքեր հավաքելու, դիվիդենտներ շահելու համար։ Հումորն էլ իր կանոններն ունի՝ դա առնվազն պետք է ժպիտ առաջացնի, ոչ թե մարդկանց թյուրիմացության մեջ գցի։
Կարծիքներ