Անավարտ զրույցներ

Անավարտ զրույցներ

Նվիրվում է Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-րդ տարեդարձին

1988 թիվը ազգային զարթոնքի տարի դարձավ: Սրտի պես տրոփում էր մեր ազգի ցավոտ տեղը՝ Ղարաբաղը: Փետրվարին սկսված ցույցերը Ղարաբաղը Հայաստանին միավորելու հարցում վառել էին բոլորի հույսերը: Ողջ ազգը դարձել էր մի աչք ու մի ականջ՝ ուղղված Արցախի կողմը, իսկ աչքը բեւեռված էր Օպերայի հրապարակին կամ Մատենադարանի բարձունքին, ուր «Ղարաբաղ» կոմիտեն զորացնում էր համազգային շարժումը:

Մոտեցող գարունը օդի մեջ սփռել էր մինչ այդ չճաշակած, անհայտ ու խենթացնող այնպիսի բույր, որից ամեն մեկն ասես ծնվում էր նորից: Փշրվում էին հին կարծիքներն ու կաղապարները: Հրապարակն առաջ էր քաշում նոր հերոսների, որոնց հնչեցրած խոսքն ու միտքը հասունացնում էին բոլորիս: Թեեւ մենք աշխատում էինք պետական կառույցում, բայց շարժման ծավալման շնորհիվ հոգեբանորեն կամաց-կամաց ազատվում էինք պարտադրված զգուշավորությունից ու ձեւապաշտությունից: Եկել էր ազատ մտածողության ժամանակը: Դու հենց այդպիսին էիր, քեզանից առանձնապես մեծ ջանքեր չպահանջվեցին: Առավել եւս, որ «Գարունը» մինչ այդ էլ դարձել էր առաջավոր ու «ազատագրված» մտքի կենտրոն: Շրջանում կարեւոր նորությունները քեզանից էինք իմանում: Շարժումն ուներ բազմաթիվ ինքնաբուխ դրսեւորումներ: Մի փոքրիկ դիպված էլ տեղի ունեցավ մեր շրջանում: Սումգայիթի հայասպան դեպքերից հետո Աֆղանստանում գտնվող խորհրդային զորամասերից մեկի հրամանատարությունից նամակ ստացանք:

Արարատի շրջանից այնտեղ ծառայող երիտասարդի ու օտարազգի զինծառայողի միջեւ վեճ էր եղել: Նամակն ինձ զարմացրեց, ապա զայրացրեց գրողի անտեղյակության պատճառով: Միտքը մոտավորապես այն էր, որ պետք է Ղարաբաղին սաստել, որ դադարեցնեն ցույցերը, որպեսզի այլ վայրերում, այդ թվում եւ ԽՍՀՄ-ից դուրս գտնվող զորամասերում, իրավիճակը կայուն մնա: Դա ոչ այլ ինչ էր, եթե ոչ թյուր պատկերացումների կամ մանրամասների մեջ չխորանալու տիպիկ օրինակ: Բնականաբար, պատրաստեցինք պատասխան նամակ, որում բացատրում էինք ղարաբաղյան հիմնախնդրի էությունը: Քննարկման ընթացքում որոշեցինք բացատրական այդպիսի նամակ ուղարկել նաեւ Խորհրդային Միության մեր գործընկերներին:

Ունեինք հասցեների գիրք, որով պարզ դարձավ, որ շուրջ 1700 քաղկոմ ու շրջկոմ գոյություն ուներ: Նամակի վրա ես մի քանի օր էլ աշխատեցի, հարստացրի թվական ու պատմական փաստերով: Դարեհի թողած Բիհիսթունյան արձանագրություններից մինչեւ նորօրյա վավերագրեր մեջբերելով եւ փաստարկելով, որ մենք՝ հայերս, բնիկներ ենք, իսկ ազերիները՝ եկվորներ, մանրամասն շարադրեցի այն հանգամանքները, որոնց արդյունքում Ղարաբաղն ու Նախիջեւանը հայտնվեցին արհեստականորեն ստեղծված պետության կազմում: Չմոռացա նշել, որ ղարաբաղյան հարցի արդարացի լուծումը վերակառուցման քաղաքականության փորձաքարն է: Եվ եթե այն չլուծվի ժողովրդավարությանը համապատասխան, հետեւաբար՝ արցախահայության կամքին համահունչ, ուրեմն այն ամեն նորը, ինչ որ ասվում էր մոսկվաներից, դատարկ խոսքեր էին: Վերջում կոչ էինք անում մեր գործընկերներին, որ դիմեն իրենց տարածքից ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավորներին, որ պաշտպանեն արցախահայության շահերը: Ինչպես ամեն մի կարեւոր գործ, ինձ հետաքրքրում էր քո կարծիքը: Զանգեցի, տանն էիր, եկա:

Նամակը կարդացի մեկ շնչով, ու դու 20 րոպե կլանված լսեցիր: Հայացքիցդ հասկացա, որ տպավորված ես: Ապա անմիջապես զանգեցիր համագյուղացուդ՝ Տիգրան Սահակյանին, ով ստեղծագործում էր ռուսերեն, ու ասացիր, որ նյութ կա, որը պետք է շտապ թարգմանվի ռուսերեն: Մնացյալը ձեռքի գործ էր, թեեւ հետո պարզվեց՝ շատ աշխատատար: Թարգմանությունը, որ ստացվել էր 14 էջ, պետք է անթերի տպվեր բարակ թղթի վրա, այլապես «ուռած» ծրարներն աչքի կզարնեին: Դա կարելի էր անել միայն Վեդու ինֆորմացիոն-հաշվիչ կայանում: Բացառությամբ միջինասիական հանրապետությունների, նամակներ ուղարկեցինք մնացյալ հանրապետությունների շուրջ 1300 քաղկոմ-շրջկոմների: Մեր բոլոր աշխատողները զբաղված էին ծրարներ պատրաստելով: Շուտով մեզ միացան նաեւ Արտաշատի հաշվիչ կայանի աշխատակիցները: Այդուհանդերձ, օրական միայն 100 նամակ էինք կարողանում ուղարկել: Ապահովության համար նամակներն ուղարկվում էին Հայաստանի տարբեր քաղաքների փոստարկղերից:

Պատասխանը չուշացավ. գարնան վերջին Մոսկվայից եկան նամակի հետքերով: Միայն այդ ժամանակ պարզ դարձավ, որ նամակը հրաշալի էր թարգմանվել, քանի որ վերադաս ընկերներից ոմանք  հակված էին կարծելու, որ բնագիրը ռուսերենն է եղել, այլ ոչ թե հայերենը: Հասկացանք, որ մեզ հաջողվել էր խոսքը հասցնել լսարանին: Պետանվտանգության աշխատակիցները հետո իրենց մեղադրում էին, թե ինչպես չէին նկատել մեր արածը, երբ համարյա դուռ-դռան էինք աշխատում: Իսկ ՀԼԿԵՄ կենտկոմում զարմացած էին, որ այդ նամակը հաստատվել էր շրջկոմի բյուրոյի նիստում, եւ արձանագրությունն էլ ուղարկվել էր իրենց: Բայց ո՞ւմ մտքով կանցներ թերթել սովորական ու «միապաղաղ» փաստաթղթերը: Ինչեւէ, ինձ փորձեցին հեռացնել աշխատանքից, բայց տարբեր օղակներում եղան մարդիկ, որոնք կարողացան կանխել դա: Անկեղծ ասած, դրանում քիչ դեր չխաղացին շրջանի երիտասարդները:

Նրանք դուրս եկան ցույցի՝ ի պաշտպանություն ինձ: Մոսկվայի մարդը հանդիպեց ցուցարարների ներկայացուցիչների հետ: Եղան փայլուն ելույթներ: Կենտկոմականն ապշել էր այդ համախմբվածությունից: Մեզ միավորել էր մտավախությունը Ղարաբաղի ճակատագրի  հանդեպ, մինչդեռ նրան ավելի շատ մտահոգում էր Կոմկուսի ու նրա վարած քաղաքականության հեղինակությունը, դրանց վարկաբեկման վտանգը: Համառորեն մեզ բացատրում էր, որ վերակառուցումը չի կարող դատարկ խոսք լինել, եւ իզուր ենք ուրիշների մոտ փորձում նման կարծիք ձեւավորել: Պարզ երեւում էր, որ մեր անհանգստությունների պատճառները տարբեր էին: Համենայնդեպս, բռունցքված ուժն ազդեցություն թողեց. ինձ չհեռացրեցին: Հետո իմացա, որ վերեւներում ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝  աննկատ ու սահուն ինձ ուղարկելու «ուսման»: Հետագայում այդպես էլ եղավ, բայց միջադեպը նպաստեց, որ շրջանի երիտասարդությունն ավելի սերտանա:

Մենք զգում էինք երիտասարդության նյարդը: Այդ ամիսներին ողջ Հայաստանում ծայր առավ Արցախի տարբեր բնակավայրերին օգնություն կազմակերպելու գործը: Հնարավորությունների սահմաններում հատկապես շինանյութ էինք ուղարկում: Երբեմն ինքդ էիր հուշում ինչ անել: Երբ դժվարացավ հայերի անցուդարձը դեպի Արցախ, մենք էլ Երասխում նույնը արեցինք Նախիջեւան ելումուտ անող ազերիների նկատմամբ: Հայտնի բան էր, որ նրանք սնունդը տանում էին Երեւանից: Մի քանի օր շարունակ իմ կողմից սահմանված ժամանակացույցով կոմերիտմիության շրջկոմի աշխատողներն էին հերթապահում Երասխի սահմանակետում: Հրահանգված էր, որ սնունդ չթույլատրեն անցկացնել: Հիշում եմ՝ զանգահարեցիր ինձ եւ ասացիր, որ ավելի նպատակահարմար է տղաներին հարվածի տակ չդնել, վերջիվերջո, նրանք պետական աշխատողներ են, եւ ճիշտ կլինի նրանց փոխարինել կամավորներով, որոնց հարցը խոստացար ինքդ լուծել: Այդպես էլ արեցինք: Հետագա իրադարձություններում նրանք դարձան շրջանի առաջին պաշտպանները՝ քո գլխավորությամբ:

Ամիսներ անց կուսկենտկոմից պահանջեցին կուսակցական պատասխանատվության ենթարկել քեզ ու քաղաքի բժշկին՝ Արտյուշա Ղազարյանին, շրջանում «ապակայունացնող» իրավիճակ ստեղծելու համար: Հիշում եմ՝ կուսշրջկոմի բյուրոյում ծանր քննարկում գնաց: Մի քանի հոգով դեմ քվեարկեցինք: Հետադարձ հայացք գցելով այդ օրերի իրադարձությունների վրա՝ ասեմ, որ կուսշրջկոմի աշխատողները թեեւ հոգով ընդունում էին շարժման կարեւորությունը, բայց մի տեսակ «պատանդի» կարգավիճակում էին: Արտաքուստ պահելով կոմկուսի գիծը՝ փորձում էին շատ բաների վրա աչք փակել ու գոնե մեզ՝ երիտասարդներիս, չխանգարել: Իսկ շրջանը եռում էր երիտասարդության ակտիվությունից: Կոմկուսը երերում էր: Կուսշրջկոմի շենքի դիմաց դրված Լենինի մարմարյա կիսանդրին շրջկոմի հրահանգիչները մութն ընկնելուն պես տանում էին ներս, առավոտ կանուխ նորից դնում տեղը:

Վախենում էին, որ ջահելները կկոտրեն այն: Վերջապես գտնվեց հնարամիտ մի լուծում, որը կուսկենտկոմում կասկած չէր հարուցի. սեւ թելը ձգելով՝ սպիտակ մարմարի վրա նկարեցին անդրին: Նկարչական խաբկանքով տպավորություն ստեղծվեց, թե քարե գլուխը ճաքել է, եւ «ուղարկեցին» վերանորոգման: Այդպես կուսշրջկոմի շենքի դիմացից անհետացավ այն օրերի մեր գաղափարական առաջնորդի կիսանդրին: Իսկ Արարատ քաղաքում քաղաքապետարանի դիմաց դեռ կանգնած էր Լենինի նորաբաց արձանը: Ի դեպ, ազգային զարթոնքի առաջին միտինգները հենց այդ արձանի ներքո էին արվում: Քաղաքապետը գիտակցում էր իրավիճակի ողջ զավեշտականությունը, ու մեկ անգամ չէ, որ մտերիմների շրջանում խոստովանել էր. կամ ի՛նքն այս արձանը կհանի, կա՛մ իրեն վաղ, թե ուշ կախ կտան այդ արձանից: Առաջ անցնելով ասեմ, որ արձանի հանելու պատմությանը թեեւ տեղյակ ես, բայց չգիտես, որ շատ տարիներ անց այնտեղ կանգնեցվեց քո արձանը:

1988 թ. նոյեմբերի կեսին Մոսկվայի հրամանով Հայաստանում մտցվեց պարետային ժամ, իսկ շաբաթներ անց՝ դեկտեմբերի 7-ին, տեղի ունեցավ այդ հրեշավոր երկրաշարժը, որն ավերակեց հանրապետության տարածքի մեկ երրորդը, խլեց 25 հազար մարդու կյանք, կես միլիոնին թողեց անօթեւան, ու այդքանից հետո մեր ժողովրդի համար Ղարաբաղի խնդիրը դուրս չեկավ օրակարգից: Արյունաքամված վիճակում անգամ մեր մտքերն ու հոգին Արցախի հետ էին: Իսկ երկրաշարժի օրը ողջ Հայաստանից, այդ թվում եւ Արարատի շրջանից, փրկարարական ջոկատներ կազմավորվեցին եւ ուղարկվեցին Գյումրի ու Սպիտակ: Բացառիկ փորձություն բաժին ընկավ մեր ժողովրդին: Ամենուր ստեղծվեցին շտաբներ՝ աղետի գոտուց անտուն մնացածներին տեղավորելու համար: Այդ աշխատանքը, որին ակտիվորեն մասնակցեցին մեր երիտասարդները, կարծես նախերգանք եղավ ամիսներ անց նոր ընտանիքների տեղավորման՝ այս անգամ արդեն Ադրբեջանի տարբեր բնակավայրերից տեղահանվածների: Հայաստանն ընդունեց 400 հազարից ավելի հայերի: Դա պարտադրված ներգաղթ էր:

Խորհրդային Հայաստանի սոցիալական նշանակության բոլոր շինությունները տրամադրվեցին նրանց: Այս ամենը վերհիշելով՝ ավելի պարզ ու հստակ է ընկալվում,  որ երկրաշարժ, տարհանված բնակչություն, փախստականներ ու պատերազմ տեսած Հայաստան աշխարհն այսօր, իր բոլոր դժվարություններով ու խնդիրներով հանդերձ, ունի փորձի եւ զորության այնպիսի ներուժ, որ պարտավոր է դիմակայել գալիքի հնարավոր մարտահրավերներին: Հակառակ դեպքում, ողջ մնացածներս, այս նոր սերնդի հետ միասին,  ստիպված կլինենք այստեղ՝ Եռաբլուրում, բոլորիդ լուռ, բայց ցասկոտ հայացքների ներքո ծանր ու գլխահակ զրույց ունենալ: Զրույց, որը երբեք չի կարող ավարտ ունենալ:

Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ

Շարունակելի