Այսքան ջանք ու ժամանակ՝ Ամուլսարի բազմիցս ուսումնասիրված ծրագիրն ուսումնասիրելու վրա
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այս շաբաթ մի շարք հայտարարություններ արեց Ամուլսարի փորձաքննության հետ կապված։ Հիշեցնենք. մենք գրել էինք, որ փորձաքննությունը պատրաստ է, հիմնականում՝ դրական եզրակացությամբ, բայց դեռեւս չի հրապարակվում։ Այդ մասին զրուցեցինք «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանի հետ:
- Քննչական կոմիտեն հունիսի 5-ին հայտարարեց, որ ստացել է «ԷԼԱՐԴ» կազմակերպության 150 էջանոց նախնական եզրակացությունը եւ այժմ թարգմանում է այն: Այս շաբաթ էլ հայտարարեց, որ ստացել է ընդամենը երկու հատված՝ ջրերի եւ երկրաբանության վերաբերյալ, իսկ վերջնական զեկույցը կստանա հունիսի 28-ին: «Լիդիանը» ստացե՞լ է նախնական զեկույցը:
- Ո՛չ, չենք ստացել: Հայտարարությունները բավականին իրարամերժ են, քանի որ նույն օրը շրջակա միջավայրի նախարարը հայտարարեց, որ Քննչական կոմիտեն ստացել է զեկույցը եւ ոչ թե միայն երկու նախնական հատված: Ամեն դեպքում, մենք բազմիցս ասել ենք, որ Ամուլսարի ապօրինի փակ ճանապարհները չեն կարող արդարացվել ոչ մի փորձաքննությամբ, ու այդ առումով մեր սպասելիքը հստակ է՝ վերականգնել օրինականությունը, ապահովել «Լիդիանի» մուտքն իր օրինական տարածք:
- Նախարար Էրիկ Գրիգորյանը նաեւ ասաց, որ եթե լիբանանյան «ԷԼԱՐԴ»-ի զեկույցը բացասական լինի, ապա պետությունն իրավական հիմքեր կգտնի Ամուլսարում աշխատանքները դադարեցնելու համար: Հիմա Ամուլսարում աշխատանքնե՞ր են իրականացվում:
- Ոչ: Ամուլսարում շինարարական աշխատանքներն ապօրինի դադարեցվել են արդեն մեկ տարի: Վստահ եմ՝ նախարարն այդ մասին տեղյակ է, քանի որ կառավարության անդամները բազմիցս ասել են, որ աշխատանքների վերսկսման մասին որոշում կկայացնեն՝ կախված փորձաքննության արդյունքներից:
- Հնարավո՞ր է, որ, այդուհանդերձ, լիբանանյան կազմակերպությունը հայտնաբերի այնպիսի բնապահպանական խնդիրներ, որ հիմք տան կառավարությանը կասեցնելու ծրագիրը:
- Հարցը բաժանեմ մի քանի մասի: Նախ՝ որեւէ փորձաքննության անցկացում չէր կարող ու չի կարող արդարացնել, որ օրինական թույլտվություններ ունեցող ընկերության աշխատանքներն արդեն մեկ տարի ապօրինի կասեցված են՝ պատճառելով ահռելի վնասներ թե՛ ֆինանսական, թե՛ հեղինակության տեսանկյունից: Որեւէ փորձաքննություն կարող էր իրականացվել մեր օրինական աշխատանքի իրավունքի իրացմանը զուգահեռ, այլ ոչ թե ապօրինության պայմաններում: Երկրորդ․ մեզ տված թույլտվությունները նույնքան օրինական են, որքան երկրում գործող որեւէ այլ կազմակերպության դեպքում, ի լրումն՝ «Լիդիանն» ունի միջազգային տարբեր ատյանների կողմից դրական գնահատական ստացած աննախադեպ որակի բնապահպանական ծրագիր, ՇՄԱԳ: Այդուհանդերձ, «միջազգային» փորձաքննության համար թիրախավորված ընտրվել է հենց միայն «Լիդիանը»: Եվ, վերջապես, մեր բնապահպանական նախագծերը կազմել են արեւմտյան եւ տեղական լավագույն ինստիտուտները, գիտնականները, հեղինակավոր հաստատությունները: Մենք վստահ ենք մեր բնապահպանական կառավարման չափանիշների վրա եւ վստահ ենք, որ կապացուցենք Ամուլսարի անվտանգ ծրագիր լինելը ցանկացած համապատասխան ատյանում:
- Նախարար Էրիկ Գրիգորյանը վերջերս նաեւ խոսեց այն մասին, որ նախարարությունը զուգահեռաբար հետազոտություններ է իրականացրել Ամուլսարում, եւ ունեն իրենց արդյունքներն ու մտահոգությունները: Դուք տեղյա՞կ եք նախարարության մտահոգություններից:
- Ոչ, տեղյակ չենք: Եվ, անկեղծ ասած, այդ հայտարարությունը հարցեր է առաջացրել: Նախարարը բազմիցս հայտարարել է, որ նախարարությունը չունի համապատասխան կարողություններ՝ համապատասխան հետազոտություններ անելու համար: Ու այդ պատճառով կարիք ծագեց հարկատուներիս գրպանից լիբանանյան «ԷԼԱՐԴ»-ին մոտ 400 հազար դոլար վճարելու, որ Ամուլսարի փաստաթղթերն ուսումնասիրեն: Մի կողմ թողնենք այն խնդիրը, որ, փաստորեն, նախարարի իսկ պնդմամբ՝ կարողություն չկա, բայց միջազգային փորձաքննության կարիք, որքան կարելի է հասկանալ, միայն Ամուլսարի դեպքում կա: Հիմա էլ պարզվում է՝ նախարարությունը հետազոտություններ է անում «ԷԼԱՐԴ»-ին զուգահեռ: Եթե կարողություններ չկան, ինչպե՞ս են անում: Տպավորություն է ստեղծվում, որ այսքան ջանքն ու ժամանակը կենտրոնացվել են Ամուլսարի բազմիցս ուսումնասիրված ծրագիրն ուսումնասիրելու վրա, երբ այդ նույն ջանքերն ու ռեսուրսները կարելի էր մեկ այլ տեղ շատ ավելի արդյունավետ օգտագործել: Իսկ խնդրի իրավական կողմը խոսակցության այլ թեմա է:
Վարդուհի ՂԱԶԱՐՅԱՆ
Կարծիքներ