Ինչու՞ է դեսպանը խոչընդոտում

Ինչու՞ է դեսպանը խոչընդոտում

Հայաստանում ճապոնալեզու փոքրաթիվ համայնք կա՝ մոտ 50 հոգի: Ակտիվ երիտասարդներ են՝ պրպտող մտքով ու կրեատիվ մոտեցումներով:

Նրանցից մեկը, որ ստեղծագործական աշխատանքով է զբաղվում եւ սերտ կապեր ունի իր ոլորտի ճապոնացի մասնագետների հետ, վրդովված է, ասում է՝ Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը խանգարում է իր եւ ճապոնացի գործընկերների փոխգործակցությանը: «Խոչընդոտում է տարբեր ձեռնարկատիրական գործունեությունների զարգացմանը՝ մասնավորապես տուրիզմի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ գինու արտահանման ոլորտներում»,- ասաց ճապոնալեզու համայնքի անդամը՝ խնդրելով չհրապարակել անունը:
Ըստ նրա՝ Հրանտ Պողոսյանը դեսպանության կայքը PR հարթակ է դարձրել, որտեղ տեղադրվում են միայն «Կոմիտաս» միության եւ «Նաիրիան» ընկերության մասին նյութեր, լուսանկարներ ու գովազդներ:

««Կոմիտասն» իր ստեղծածն է: «Կոմիտասից» բացի, հայ-ճապոնական եւս երկու միություն կա, որոնց դեսպանության կայքը երբեք չի անդրադառնում: Իսկ «Նաիրիանին» հարթակ է տրամադրում, որովհետեւ դեսպանի տղան՝ Տիգրանը, այդ ընկերության ներկայացուցիչն ու մենեջերն է Ճապոնիայում եւ Կորեայում»:

Զրուցակիցս տեղեկացրեց, որ Հայաստանը Ճապոնիայում ներկայացնելու իրենց բոլոր փորձերը ձախողվում են դեսպան Պողոսյանի պատճառով: «Պայմանագրերը, որ ճապոնացի գործընկերներիս հետ պետք է կնքենք, հանկարծ չեղարկվում են: Հետո իմանում ենք, որ դեսպանն է խոչընդոտել»:
Երիտասարդի ասելով՝ տաբու է դրված հատկապես տուրիզմի ոլորտի վրա, քանի որ այն Պողոսյան ընտանիքի մենաշնորհն է: Ճապոնիա-Հայաստան զբոսաշրջային բիզնեսով հիմնականում դեսպանի որդին է զբաղվում: «Նրա որդին՝ Տիգրանը, երբեւէ կապված չի եղել Հայաստանի հետ, բայց դեսպան հայրիկի օգնությամբ մենաշնորհ է ձեռք բերել այդ ոլորտում եւ թույլ չի տալիս, որ հայկական խոշոր տուրիստական գործակալությունները մուտք գործեն այդ երկիր: Պողոսյանները նույնիսկ հայկական դրոշի գույների ճիշտ դասավորությունը չգիտեն: Տարբեր միջոցառումների ժամանակ դրոշը պատին փակցնում են գույների հակառակ հաջորդականությամբ»:

2012 թվականի մայիսից Ճապոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը ստանձնած Հրանտ Պողոսյանը մասնագիտությամբ մաթեմատիկոս է, դասախոսում է Ճապոնիայի Քրիստոնեական համալսարանում: Զրուցակիցս ասաց, որ դեսպանը նաեւ ԳՕԻՆՈ սեկտայի անդամ է:

«Երբ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով Ճապոնիայում էր, դեսպանը, Հայաստանի նախագահին փոխանակ Քրիստոնեական համալսարան ուղեկցելու, որտեղ նաեւ ինքն է դասավանդում, ուղեկցեց մեկ այլ՝ ՍՈԿԱ համալսարան, որը Ճապոնիայում հայտնի է որպես ԳՕԻՆՈ սեկտայի ազդեցության տակ գտնվող հաստատություն»:

Երիտասարդի ասելով՝ Հրանտ Պողոսյանը Ճապոնիայում Հայաստանի դեսպանատունը դարձրել է իր դուքանը: «Միանձնյա որոշումներ է կայացնում՝ միայն իր ընտանիքի օգտին»:

Մենք խնդրեցինք Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանին՝ մեկնաբանել հոդվածում մատնանշված տեղեկությունները։ Դեսպանի մեկնաբանությունը տպագրում ենք ամբողջությամբ․

«Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը եւ անձամբ ես մշտապես լավ հարաբերություններ ենք ունեցել բոլոր այն անհատների հետ, որոնք ձգտել են աջակցել հայ-ճապոնական կապերի խորացմանը: Ավելին, դեսպանությունն իր լիազորությունների շրջանակներում ոչ միայն արձագանքել է մինչ օրս ստացված բոլոր առաջարկություններին եւ խնդրանքներին, այլեւ նախաձեռնել է բազմաթիվ գործարար այցելություններ ՀՀ-ից Ճապոնիա եւ հակառակը, ստեղծել կրթական հիմնադրամ՝ Հայաստանից ուսանողների համար Ճապոնիայում կրթություն ստանալու նպատակով, որից արդեն օգտվել է երկու ուսանող:   

Դեսպանության պաշտոնական կայքէջում եւ ֆեյսբուքյան էջում մշտապես ներկայացվում է դեսպանության գործունեությունը` առանց խտրականության անդրադառնալով բոլոր միջոցառումներին, հանդիպումներին եւ հայ-ճապոնական հարաբերություններին առնչվող տեղեկատվությանը: 

Ճապոնիայում գործում են Հայաստանի հետ կապված հետեւյալ կազմակերպությունները. JAFA - Japan-Armenia Friendship Association` հիմնադրված 1992թ., JAS - Japan-Armenia Society` հիմնադրված 2001թ., «Կոմիտասի անվան ճապոնա-հայկական երաժշտության միություն»՝ հիմնադրված 2015թ., JABCI - Japan-Armenia Business and Culture Initiative` հիմնադրված 2016թ.։ Բոլոր կազմակերպությունների հիմնադրմանը ես անձամբ աջակցել եմ եւ շարունակում եմ կապեր պահպանել այդ կազմակերպությունների հետ։ 

JAS կազմակերպությունը, որի հիմնադիր խորհրդի անդամների թվում եղել եմ ես, ստեղծվել է, երբ Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը դեռեւս չէր բացվել, եւ կազմակերպության գործունեությունը միտված էր աջակցելու հայ-ճապոնական պաշտոնական հարաբերություններին։ 2010թ. Ճապոնիայում ՀՀ դեսպանության բացումից ի վեր կազմակերպության գործունեությունը պասիվացել էր, եւ այս տարվա սեպտեմբերից կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը։

Ես հպարտ եմ «Կոմիտաս» կազմակերպության հիմնադրման գործում իմ համեստ ներդրմամբ, որն իր բազմաթիվ միջոցառումների ընթացքում ներկայացրել է ոչ միայն Մեծն Կոմիտասի երաժշտությունն ու գործունեությունը համերգների եւ դասախոսությունների միջոցով, այլ նաեւ հանդես է եկել եւ շարունակում է հանդես գալ ընդհանրապես հայկական դասական երաժշտության կատարումներով։ Այս կազմակերպության աջակցությամբ 2019թ. նախատեսվում են միջոցառումներ՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին։ 

JABCI կազմակերպությունը ստեղծվել է հիմնականում հայ-ճապոնական գործարար կապերը զարգացնելու նպատակով։ Կազմակերպությունը սերտորեն համագործակցում է դեսպանության հետ՝ հայկական ապրանքանիշերի Ճապոնիա մուտք գործելու եւ ճանաչելի դարձնելու ուղղությամբ։ 
ՏՏ ոլորտում դեսպանությունը կազմակերպել է մի շարք համաժողովներ, որի շրջանակներում կայացած հանդիպումների միջոցով կապեր են ստեղծվել հայկական եւ ճապոնական ընկերությունների միջեւ։ Ներկայումս մշակվում են այս ոլորտում առաջիկա միջոցառումները, որոնք կայանալու են 2019թ.:

Դեսպանության գործունեության հիմնական ուղղություններից է նաեւ զբոսաշրջության ոլորտում համագործակցության խթանումը, եւ ՀՀ դեսպանությունը մշտապես ու անխտիր աջակցել է JATA Tourism EXPO ամենամյա ցուցահանդեսին մասնակցելու ցանկություն հայտնած բոլոր հայկական գործակալություններին: Մինչ օրս տասից ավելի հայկական գործակալություն է եկել եւ մասնակցել ամեն տարի սեպտեմբերին բացվող այդ ցուցահանդեսին: Նշեմ նաեւ, որ վերջին տարիներին դեսպանությունը կազմակերպում եւ աջակցում է հայկական ընկերությունների մասնակցությունը FOODEX Japan ամենամյա ցուցահանդեսին: Այս տարվա մարտին վերոնշյալ ցուցահանդեսին մասնակցել է 12 հայկական արտադրող, որոնց աջակցել են նաեւ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը: 

Եվ վերջում՝ պարզապես մեկ դիտարկում, որ «ԳՕԻՆՈ» անվամբ աղանդ Ճապոնիայում գոյություն չունի: Ամենայն հավանականությամբ, տվյալ անձը նկատի ունի Տադաշի Գոինոյին, որն աղանդ չէ, այլ՝ անձնանուն: Տադաշի Գոինոն, որը տարիներ առաջ գործունեություն է ծավալել Հայաստանում (եւ այլ երկրներում), իրոք, կապված է եղել ճապոնական ինչ-որ աղանդի հետ, որը ոչ մի կապ չունի հանրահայտ Սոկա համալսարանի հետ: Սա պարզապես ի գիտություն:  

Ինչ վերաբերում է Սոկա համալսարանին, ապա այնտեղ այցելել է ոչ միայն ՀՀ նախագահը, այլեւ աշխարհի շատ երկրների ղեկավարներ»: