Նոր խորհրդարան․ առաջին շտրիխներ, նախնական եզրակացություններ

Նոր խորհրդարան․ առաջին շտրիխներ, նախնական եզրակացություններ

Եվ այսպես․ 7-րդ գումարման խորհրդարանի ընտրություններն արդեն անցյալում են։ Ազգային ժողովը, ըստ այդմ, կազմված կլինի երեք ուժից՝ նախկին չորս ուժի փոխարեն։ ՀՀԿ-ին փոխարինելու է «Իմ քայլը» դաշինքը, ընդդիմադիր երեք ուժերին՝ «Ելքին», ՀՅԴ-ին եւ «Ծառուկյան դաշինքին»՝ «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը»։ Համապատասխանաբար՝ 88, 26 եւ 18 մանդատներով։ 

Նախընտրական փուլը կարճ էր եվ անբովանդակ

Որքան էլ արձանագրենք, որ առաջին անգամ մեր պատմության մեջ խաղաղ՝ առանց կրիմինալի ու բախումների նախընտրական քարոզարշավ ունեցանք, սակայն այն նաեւ աչքի էր ընկնում գաղափարների ու քաղաքական պայքարի բացակայությամբ։ Գուցե մասամբ պատճառն ապրիլյան հեղափոխությունն էր, որն անհավասար ստարտային պայմաններ էր ստեղծել քաղաքական ուժերի համար, եւ դրանով էր բացատրվում ի սկզբանե «պարտվածի» եւ երկրորդ ու երրորդ տեղը զբաղեցնելու հոգեբանությունը։ Գուցե մասամբ պատճառը քարոզարշավի կարճատեւությունն էր կամ «սեւ-սպիտակի» մթնոլորտը։ Փաստ է, որ ոչ ոք չծանոթացավ կուսակցությունների նախընտրական ծրագրերին, բովանդակային խոսակցություն գրեթե չգնաց, եւ ինտելեկտի ու գիտելիքի պայքար չեղավ։ Սակայն մի նորամուծություն, այնուամենայնիվ, եղավ՝ նախընտրական բանավեճերի փորձեր, որոնք ե՛ւ օգտակար էին հանրության համար, ե՛ւ մտածող զանգվածի համար՝ կողմնորոշիչ։ Վստահ եմ՝ ՀՀԿ-ն 4,7 տոկոս ձայն էլ չէր ստանա, եթե դեբատները չլինեին, եւ նրա ներկայացուցիչներն ակնհայտորեն չհաղթեին այդ դեբատներում։ Մի բան պարզ է՝ արտահերթ ընտրություններին ո՛չ մեր քաղաքական դաշտը, ո՛չ մեր ընտրողը պատրաստ չէր եւ նման պատվեր չէին իջեցրել իշխանություններին։

Ընտրություններին մասնակցությունը ցածր էր

Ընտրությունների արդյունքները մի կողմից «Իմ քայլի» փառահեղ հաղթանակն էին, մյուս կողմից՝ իշխանությունների պարտությունը։ «Ազատագրված» եւ իր ճակատագիրը տնօրինող հասարակությունը չի կարող այդքան անտարբեր լինել իշխանությունների ձեւավորման հարցում։ Թվում է՝ տասնամյակներ կեղծված ընտրություններից հետո նորմալ՝ արդար ընտրություն անելու եւ դրանց իրական արդյունքներն իմանալու ձգտումը մարդկանց պետք է տանեին ընտրատեղամասեր։ Քվեարկության մյուս խթանիչ հանգամանքը պետք է լիներ գործող իշխանությունների եւ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահության ռեսուրսը՝ նրան առաջիկա 5 տարվա համար գործողության մանդատ տալու ցանկությունը։ Սակայն նման ցածր մասնակցություն մենք երբեւէ չէինք ունեցել եւ չէինք սպասում․ մոտ 49 տոկոս՝ 1 մլն 260 հազար մարդ։ 2017-ի ընտրություններին, հիշեցնենք, մասնակցությունը 60,86 տոկոս էր, 2 մլն 587 հազար 706 ընտրողից մասնակցել էր 1 մլն 575 հազարը: Այսինքն, մարդիկ առանձնապես ոգեւորված չեն եւ ակտիվ չեն կամ անիմաստ են համարում իրենց մասնակցությունը, որովհետեւ առանց իրենց քվեի էլ «ամեն ինչ որոշված է», կամ անիմաստ են համարում, որովհետեւ իշխանությունը փոխվի, թե՝ ոչ, «երկրում ոչինչ չի փոխվում»։ Եվ արդարացի են նրանք, ովքեր հայտարարում են, որ մեր հասարակության միայն կեսի մասնակցությամբ է ձեւավորվելու իշխանությունը, իսկ Փաշինյանի թիմն ընդամենը երկրի չափահաս բնակչության 35 տոկոսի քվեն ունի, ինչի առյուծի բաժինը վարչական ռեսուրսի շնորհքն է, այլ ոչ թե երիտասարդ իշխանավորների։ 

Հասարակությունը մերժեց նախկիններին

Այս ընտրությունների արդյունքները նաեւ վկայում են այն մասին, որ հասարակությունը հոգնել է հին դեմքերից եւ որոշել է սերնդափոխություն անել քաղաքական դաշտում։ ԲՀԿ-ի հայտնվելը, ի դեպ՝ ավելի ցածր տոկոսներով, քան անցած տարի, չի խանգարում այս հետեւությանը, այն բոլորովին ուրիշ գործոններով է պայմանավորված, նաեւ՝ կազմակերպված աշխատանքի ու Ծառուկյանի ֆենոմենի արդյունք է։ Մեծ հաշվով, մարդիկ մերժեցին Հանրապետականին, թեեւ մոտ 60 հազար քվեն լուրջ թիվ է այսքան սեւ փիառից հետո։ Մերժեցին նախորդ բոլոր իշխանություններին եւ նրանց հետ կոալիցիայի մեջ եղած ՀՅԴ-ին, որն ազգայնական կուսակցությունից վերածվեց լուսանցքային կուսակցության։ Հասկացրին, որ իրենց էպոխան ավարտված է, եւ եթե կրկին ուզում են վերադառնալ քաղաքական թատերաբեմ, պետք է լրջորեն վերանայեն իրենց գործելաոճը, կազմը, մարտավարությունն ու ռազմավարությունը, ղեկավարներին եւ այլն։ Առհասարակ՝ բոլորը պետք է ականջի օղ անեն, որ քաղաքացիներին չի կարելի խաբել, նրանց համբերությունը չարաշահել, չի կարելի «հաբռգել» ու քամահրանքով վերաբերվել ընտրողի կամքին։ Անգամ եթե տարիներ շարունակ փողով ու իշխանական լծակներով, ավանդույթով ու ճնշումներով հաջողվում է պահպանել իշխանությունը, մի օր գալիս է այն հանձնելու ժամանակը՝ ավելի դաժան ու կոպիտ եղանակով, քան ընտրություններն են եւ քաղաքակիրթ եղանակները։ 

Մի ծայրահեղությունից՝ մյուս ծայրահեղություն

Որքան էլ հիանանք մեր ընտրողի կամքով, իր վստահությունը չարաշահած նախկիններին պատժելու խիզախությամբ, իշխանություններին պահանջներ ներկայացնելու ունակությամբ, չենք կարող չարձանագրել, որ այս ընտրությունն էլ ապաքաղաքական էր եւ երկրի առաջընթացին չնպաստող։ Ճիշտ է՝ առանձնապես մեծ ընտրություն չունեին մարդիկ․ 11 ուժից ոչ մեկի նկատմամբ լիարժեք վստահություն, հավատ ու հարգանք չկար, ամեն դեպքում ընտրություն կատարելիս մարդիկ ընտրում են չարյաց փոքրագույնի տարբերակով, սակայն ընտրությունների արդյունքները զննելիս դժվար է նման եզրահանգում անելը։ Իսկ գրագետ մարդիկ ընտրում են՝ նաեւ այլ սկզբունքներ հաշվի առնելով։ Օրինակ, որ միակուսակցական պառլամենտ եւ ըստ այդմ՝ իշխանություն չձեւավորվի։ Որ բոլոր քաղաքական հոսանքները եւ հասարակության խավերն իրենց տեսակետն արտահայտողներ ունենան խորհրդարանում։

Որ գիտելիք ու փորձ ունեցող մարդիկ լինեն իշխանության մեջ, այլ ոչ թե անհասկանալի ու ամորֆ զանգված։ Որ մի մոնստրից ազատված մեկ այլ մոնստրի գերին չդառնա հասարակությունը։ Այդ առումով, առողջ հասարակությունը, անգամ եթե մեծ թվով վերապահումներ ուներ մյուս ուժերի հանդեպ, պետք է ամեն ինչ աներ, որ փոքր քվեներով ավելի մեծ թվով ուժեր մտնեն խորհրդարան, եւ այնտեղ տեղ ունենան ինչպես «Մենք»-ը, այնպես էլ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, անգամ ՕԵԿ-ն ու ՔՈ-ն։ Առհասարակ, 3 ուժից կազմված խորհրդարանը լավ կառույց չէ։ Եվ հասկանալի չէ, թե ով է այստեղ ընդդիմության դերը խաղալու՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժն ի սկզբանե հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին չի քննադատելու, չի ընդդիմանալու, եւ լուրեր կան, որ անգամ հնարավոր է նորից կոալիցիա ձեւավորվի։

Էդմոն Մարուքյանը Փաշինյանի նախկին գործընկերն է, եւ «Լուսավոր Հայաստանն» ավելի շատ «Իմ քայլի» քարոզչությունն էր անում, քան քննադատում եւ պայքարում նրա դեմ։ Իսկ ուժեղ, հստակ հայացքներով ու ամուր գիտելիքներով զինված ընդդիմությունն իշխանության ձեւավորման գլխավոր գործոններից է։ Երբ մեր երկրում թուլացել է ընդդիմությունը, անխուսափելիորեն թուլացել է նաեւ իշխանությունը։ Հիմա, ըստ էության, երկրում չկա ընդդիմություն, եւ հասկանալի էլ չէ՝ երբ կձեւավորվի։