Նորերը քրեական հետապնդում են սկսել հների դրակոնյան օրենքներով 

Նորերը քրեական հետապնդում են սկսել հների դրակոնյան օրենքներով 

Երեկ հաղորդվել էր, որ  բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել «Եվրաֆուտբոլ» կազմակերպության կողմից պետությանը 1 մլրդ․ վնաս պատճառելու ու ՀՀ Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի՝ ապօրինի ձեռնարկատիրությամբ հանրորեն վտանգավոր արարքի մասին։Մասնավորապես,Ս. Ա.-ն մեղադրվում է այն բանի համար, որ հանդիսանալով տոտալիզատոր տեսակի վիճակախաղի կազմակերպիչ  ««Եվրաֆուտբոլ» բուքմեյքերական ընկերություն» ՍՊԸ-ի տնօրեն, 2018թ.-ի նոյեմբեր ամսից առ այսօր, չունենալով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով որպես լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու համար նախատեսված հատուկ թույլտվություն (լիցենզիա), ինչպես նաև խուսափելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված բազային տուրքի 500.000-ապատիկի չափով պետական տուրքի վճարումից` Երևանի Այասի փողոցի թիվ 10/1 հասցեում նշված տեսակի վիճակախաղերը, ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը և իրականացումը «ձևակերպել է» Նիդեռլանդական Կյուրասաո կղզու «Մոլախաղերի կոմիտեի» կողմից տրված թիվ 1668/JAZ լիցենզիայի հիման վրա վիճակախաղեր և ինտերնետ շահումով խաղեր կազմակերպող և իրականացնող «Էֆուսոֆթ ՆՎ» կազմակերպության անունով, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 1 միլիարդ դրամի գույքային վնաս:

 Նշենք, որ ․«Եվրաֆուտբոլ»-ի գրասենյակները, որի ցուցանակները դեռ մնացել են տարբեր շենքերի ճակատային հատվածներում, Հայաստանում տևական ժամանակ է, չեն գործում, կազմակերպությունը որևէ տեղ չի տեղադրել հեռախոսահամար։ Մեզ հաջողվեց կապվել ընկերության նախկին իրավաբան Մառլեն Սմբատյանի հետ, ով 2016 ին ակտիվ մասնակցում էր կառավարության դիմաց բողոքի ցույցերին։

Վերջինս տեղակացրեց, որ ընկերությունը չի գործում, քանի որ ինչպես և հայտարարում էին, չի կարողացել վճարել լիցենցիայի վճարը։ Նրա տեղեկացմամբ՝ 2016-ին ՊԵԿ ղեկավարներից Հովհաննես Հովսեփյանի օրոք ընդունվեց Հարկային օրենսգրքի փոփոխություններ, որոնցով տոտալիզատոր խաղերի կազմակերպման և առցանց կազինոյի լիցենզիաները 100 միլիոն դրամից միանգամից դարձան 500 ական միլիոն դրամ՝ 5 անգամ բարձրանալով և ընդհանուր կազմելով 1 միլիարդ դրամ։ Հիշեցնենք, որ 2016-ին ընկերության աշխատակիցները և նույն՝ Մառլեն Սմբատյանը հայտարարում էին, որ  փոփոխությունների արդյունքում ոլորտի ընկերություններն անկման եզրին են կանգնելու, դաշտը մոնոլպոլիզացվելու է, մնալու է մեկ խաղացող, մեկ ընկերություն, որն ի վիճակի է լինելու վճարել այդ ահռելի չափի պետական տուրքը։
Հարցին, թե նկատի ուներ դաշտը գրաված Bet-երին՝ Vivarobet, Adjarabet-երին, ընկերության նախկին իրավաբանն ասաց՝ դե խոշորներին։
Հ․Գ Ինչպես Hraparak.am -ին հայտնեցին ՊԵԿ լրատվական ծառայությունից՝«Եվրաֆուտբոլ»- ի գործով կալանավորված անձինք չկան, իսկ գործի վարույթը ՊԵԿ քննչական կոմիտեինն է։