ՀՅԴ-ն վերակողմնորոշվե՞լ է

ՀՅԴ-ն վերակողմնորոշվե՞լ է

ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը yerkir.am-ի հարցին՝ հնարավո՞ր է համագործակցություն Վիտալի Բալասանյանի հետ, պատասխանել է. «…Մենք կոնկրետ խոսում ենք փաստաթուղթ (Հայաստան-Արցախ ռազմական դաշինք՝ Վ. Ա.) ստորագրելու մասին, որին, կարծում եմ, Բալասանյանը համաձայն է, քանի որ տարեսկզբին նա, որպես պաշտոնյա, ասել է, որ կողմ է: Ես չեմ կարծում, որ այդտեղ խոչընդոտ կա»:

Խոսելով նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին՝ Վիտալի Բալասանյանը վերջերս ասել է, որ թեման քննարկել է ՀՅԴ Բյուրոյի եւ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Կիրո Մանոյանի ասածից հասկացվում է, որ Վիտալի Բալասանյան-ՀՅԴ Բյուրո քննարկումներում առանցքային է եղել մի հարց՝ համաձա՞յն է Բալասանյանը Հայաստան-Արցախ ռազմական դաշինք կնքելու մասին ՀՅԴ նախաձեռնությանը: Հասկացվում է, որ Բալասանյանն ընդունել է Դաշնակցության նախապայմանը, եւ ՀՅԴ-ն, որ ավելի վաղ Արցախի նախագահի հավանական թեկնածու էր դիտարկում արտգործնախարար Մասիս Մայիլյանին, վերակողմնորոշվել  եւ ներկայումս Վիտալի Բալասանյանի հետ համագործակցության հարցում խոչընդոտ չի տեսնում:

ՀՅԴ-Վիտալի Բալասանյան հարաբերություններն ունեն նախապատմություն: Արցախում 2005թ. խորհրդարանական ընտրություններին Վիտալի Բալասանյանը Դաշնակցության համամասնական ցուցակի առաջին եռյակում էր: Այդուհանդերձ, 2012-ի նախագահական ընտրություններում Դաշնակցությունը չպաշտպանեց Վիտալի Բալասանյանին: Այդ հողի վրա մի շարք դաշնակցականներ, որ հրաժարվել էին կատարել ՀՅԴ Արցախի ԿԿ՝ գործող նախագահ Բակո Սահակյանին անվերապահ սատարելու որոշումը եւ անցել էին Վիտալի Բալասանյանի կողմը, հեռացվեցին կուսակցությունից կամ ենթարկվեցին կարգապահական այլ տույժի: Երեւում է, որ կողմերը եկել են անցյալը մոռանալու եւ մաքուր էջից նոր համագործակցություն սկսելու համաձայնության: Բացառված չէ՝ երրորդ կողմի հրահանգով: Վիտալի Բալասանյանը վերջին շրջանում մի քանի կոշտ հայտարարություն է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին: Նույն ոճով եւ բովանդակային շեշտադրումներով են հանդես գալիս նաեւ ՀՅԴ պատասխանատուները: Ըստ երեւույթին, հենց այդ պլատֆորմի վրա էլ ձեւավորվում է Բալասանյան-ՀՅԴ Բյուրո համագործակցությունը: