Թատրոնը ձեզ ի՞նչ է արել. Փառատոնն ինչո՞ւ եք մերժում

Թատրոնը ձեզ ի՞նչ է արել. Փառատոնն ինչո՞ւ եք մերժում

Թատրոնի միջազգային օրը` մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հիշատակին:

Թատերական գործիչներ միության նախագահ Հակոբ Ղազանչյանն իր խոսքում նշել էր. «Մեր ամենակարևոր խնդիրը երիտասարդներին ազատ թողնելն է, որպեսզի նրանք ստեղծագործեն, որպեսզի լինեն նոր անուններ, երբ Նարինե Գրիգորյանը, Սամսոն Մովսեսյանը, Գոռ Մարգարյանն ու այլ ռեժիսորներ արդեն միջին տարիքի կլինեն, նրանց հետևից կգան ոչ պակաս վառ ու հետաքրքիր անհատականություններ»: Ապա Ղազանչյանը «Հայ թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար» «Արտավազդ» մրցանակ հանձնեց ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանին, հատուկ մրցանակ` Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանին՝ Աշտարակի թատրոնի հիմնադրմանն աջակցելու համար, Արմեն Ջիգարխանյանի անվան «Մեծ Արտավազդ» մրցանակը հանձնվեց ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանին:

«Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում մրցանակը տրվեց Տիգրան Գաբոյանին, Գյումրու Աճեմյանի անվան թատրոն, «Ինկածբերդի իշխանուհին» (Քեսունի Վասիլ Իշխան): «Լավագույն կին դերակատար» մրցանակին արժանացավ Արաքսյա Մելիքյանը:

«Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում մրցանակ ստացավ Վարդան Կուղիանոսյանը, «Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար» ճանաչվեց Նառա Սանթոյանը` Գյումրու թատրոնից:

«Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգում հաղթեց Կարեն Գրիգորյանը` Ստանիսլավսկու թատրոնից, «Լավագույն զգեստների նկարիչ» մրցանակին արժանացավ Մերի Սարգսյանը, Ստանիսլավսկու թատրոնից: «Լավագույն լուսային նկարիչ» ճանաչվեց Գյումրու թատրոնից Հակոբ Պողոսյանը:

«Լավագույն երաժշտության հեղինակ» ճանաչվեց Վաչե Շարաֆյանը, Պարոնյանի անվան թատրոնից, «Կոլոմբինա»: «Լավագույն պիես» համարվեց «Պատերազմի ցեցը»՝ Արմինե Բոյաջյան, Նարեկ Մանուչարյան:

«Լավագույն թատերախոսական» անվանակարգում մրցանակի արժանացավ Սուսաննա Բրիկյանը, «Գերագույն» երկրպագուն»: «Լավագույն երիտասարդ դերասան» ճանաչվեց Անդրանիկ Միքայելյանը, Բաբելոն թատրոն: «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում «Արտավազդ»-ը տրվեց Անուշ Զանգիզորյանին, Գեղարքունիքի Քալանթարի անվան դրամատիկական թատրոն:

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում հաղթեց Ժորա Մարտիրոսյանը, Երևանի Կամերային թատրոն: «Լավագույն մանկական ներկայացում» համարվեց «Փայլոու»-ն, «Ֆակտորի փրոդաքշն» թատերախումբ: «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում մրցանակը տրվեց Գյումրու թատրոնի «Տունը սահմանին» ներկայացմանը: «Լավագույն պլաստիկական ներկայացում» համարվեց Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի «Սիրո պատմություն Նյու-Յորքում» բեմադրությունը, ռեժիսոր Սամսոն Մովսեսյան:

«Լավագույն կամերային ներկայացում» ճանաչվեց Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի «Գիշատիչների խնջույքը» բեմադրությունը՝ Աշոտ Հակոբյանի: «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում հաղթեց Լյուդվիգ Հարությունյանը, Գյումրու Աճեմյանի անվան թատրոն, «Ինկած բերդի իշխանուհին»: «Լավագույն ներկայացում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Գյումրու թատրոնի «Ինկած բերդի իշխանուհին»: 

«Արտավազդ»-ի մրցանակաբաշխության փորձագիտական կազմում էին ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր Աննա Ասատրյանը, ԵԹԿՊԻ-ի պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու Նարինե Սարգսյանը, Սոս Սարգսյանի անվ. Համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանը, թատերագետ, ԵԹԿՊԻ-ի Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի դեկան, արվեստագիտության թեկնածու Անի Հարությունյանը, բեմադրիչ, Աշտարակի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գոռ Մարգարյան, պարուսույց, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դոցենտ Գագիկ Կարապետյանը, թատերագետ, «Թատերակետեր» կայքի խմբագիր Տիգրան Մարտիրոսյանը: 

«Պիես» անվանակարգում մրցանակի արժանացած «Պատերազմի ցեցը» պիեսի հեղինակ Արմինե Բոյաջյանին «Հրապարակը» մի քանի հարց ուղղեց, նա ասաց.

 ««Պատերազմի ցեցը» իմ և Նարեկ Մանուչարյանի առաջին համատեղ գրված պիեսն է։ Միասին սկսել ենք աշխատել մոտավորապես մեկ տարի և կարելի է ասել՝ ահագին ճանապարհ ենք անցել, եթե չափման «միավոր» ընտրենք ոչ թե ժամանակն, այլ՝ արդյունքը։ «Շունչ» թատրոնի հետ մեր երկուսի համագործակցությունը շատ գեղեցիկ սկսվեց՝ էս բառի բոլոր իմաստներով, ունեցավ իր շարունակությունն ու հաճելի հանգրվանը՝ «Արտավազդ» մրցանակի տեսքով՝ «Տարվա լավագույն պիես» անվանակարգում։ Ստեղծագործական ընթացքը շատ հանգիստ է եղել, փոխադարձ վստահության մթնոլորտում, իրար չխանգարելով ամեն մեկս մեր գործն ենք արել, և հիմա ուրախացնող ու հաճելի է այդ գործը տեսնել կոնկրետ ու շոշափելի կերպով գնահատված։ Ափսոսում եմ, իհարկե, որ չկարողացա ներկա գտնվել մրցանակաբաշխությանը և էդ էներգիան ավելի մոտ տարածությունից ստանալ, բայց էնքան շնորհավորանք, նամակներ ու լավ խոսքեր լսեցի, որ, կարծես, այդ բացը լրացավ։ «Պատերազմի ցեցը» արդեն որպես բեմադրություն, որի հեղինակն է Շուշան Ղազարյանը, շրջել է Հայաստանի տարբեր մարզերում, եվրոպական մի քանի երկրներում՝ իսկապես արժանանալով բարձր գնահատականի, ապահովելով լեփլեցուն դահլիճներ։ «Գաղտնիքը» պարզ է՝ առանց ավելորդ ճոռոմաբանության մենք՝ ամեն մեկս մեր տեղում (դրամատուրգ, ռեժիսոր, դերասանական կազմ), մեր գործառույթին համապատասխան լեզվով պատմել ենք մեր իսկ ապրածի ու մեր գլխով անցածի մասին։ Շնորհակալ ենք «Արտավազդ» ամենամյա թատերային փառատոնի կազմակերպիչներին, գնահատող խմբին, մեր հանդիսատեսին ու ընթերցողներին»։

Հավելենք նաեւ, որ այս տարի եւս «Արտավազդ» մրցանակաբաշխությանը ԿԳՄՍ որեւէ ներկայացուցիչ, իշխանությունից որեւէ մեկը չի մասնակցել, իսկ ֆինանսական ծախսերը հոգացել է «Ծառուկյան հիմնադրամը: Բանն այն է, որ թատրոնն ու թատերական գործիչների միությունը այս իշխանությունների կողմից հայտարարվել է «թշնամի», որի դեմ պայքարում են բոլոր հնարավոր եղանակներով: