Դավիթ Տոնոյանը, Զոհրաբ Մնացականյանն ու Արթուր Վանեցյանը պատանդ են դարձել Փաշինյանի ձեռքը․ Աշոտյան

Դավիթ Տոնոյանը, Զոհրաբ Մնացականյանն ու Արթուր Վանեցյանը պատանդ են դարձել Փաշինյանի ձեռքը․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր հրավիրել էր մամուլի ասուլիս, որ ասի, թե ովքեր են կրակն ընկել Նիկոլ Փաշինյանի ձեռքը։ Եվ պարզվում է՝ դա բոլորովին էլ իրենք չեն։

«Թյուր կարծիք կա, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքը կրակն ենք ընկել մենք, Ռոբերտ Քոչարյանը, այլ մարդիկ, որոնք իր հետ համաձայն չեն։ Այնինչ, հետևելով, թե ինչպես են կառավարության անդամները հետո փորձում առաքինաբար դուրս գալ Նիկոլ Փաշինյանի անհաջող, անլուրջ և անզուսպ հայտարարությունների տակից, օրինակ՝ Արցախի հետ կապված, պետական դավաճանների հետ կապված, ապա կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքը կրակն ենք ընկել ոչ թե մենք, այլ կառավարության ներկայիս գիտակից անդամները։ Օրինակ՝ ինձ համար թոփ եռյակը, որոնք վարչապետի ձեռքը պատանդ են դարձել, Դավիթ Տոնոյանն է, Զոհրաբ Մնացականյանն ու Արթուր Վանեցյանը։ Այս մարդիկ պատանդ են, երբ ամեն անգամ ստիպված են սվաղելու, լղոզելու Նիկոլ Փաշինյանի, մեղմ ասած, անհաջող հայտարարությունները»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Նա նաև ցավով արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետության դիմադրողականությունն իջել է արտաքին աշխարհում։ Այնուհետև Աշոտյանը թվարկեց մի քանի «դառը իրողություններ», որոնք նկատում է Փաշինյանի վարած ներքին ու արտաքին քաղաքականության մեջ։ Նրա խոսքով՝ մեր բախտը բերել է, որ Արցախի քաղաքական ղեկավարությունը շատ ավելի խորունկ է ու իմաստուն, որ չի տրվում Նիկոլ Փաշինյանի սադրանքներին։ «Բայց կա տպավորություն, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես չարաշահում է այդ և բազմաթիվ այլ պետականասեր մարդկանց համեստությունն ու խոհեմությունը»,- ասաց Աշոտյանը։

Hraparak.am-ը նկատեց, որ ՀՀԿ-ն՝ որպես ընդդիմություն, կարծես ամեն գնով փորձում է միայն բացասականը գտնել նոր իշխանության ու Փաշինյանի աշխատանքում, որ ցույց տա՝ տեսեք, մենք ճիշտ էինք, Նիկոլը՝ սխալ։ Օրինակ՝ այս օրերին կանխատեսում էին, թե երեկ Սանկտ Պետերբուրգում էլ կարող է չկայանար Փաշինյան-Պուտին հանդիպումը, բայց կայացավ, ու կարծես թե վատ չի անցել։ Ֆինանսական հոսքերի հարցում էին քննադատում՝ այն դեպքում, երբ բյուջեի մուտքերն ավելացել են, աշխատավարձ են բարձրացնում։ Արտաքին քաղաքականության մեջ գուժում են վատ զարգացումներ, բայց կարծես թե դեռ ցնցումներ չկան, նույնիսկ որոշ դրական մեսիջներ կան։ Հիմա ինչո՞ւ են փորձում անպայման վատը տեսնել, երբ ժամանակին իրենք էին դժգոհում, որ ընդդիմությունը միայն վատն է տեսնում։

Աշոտյանը նախ նկատե,ց որ իրենց քննադատությունը երբեք ինքնանպատակ չի լինում։ «Օրինակ՝ Դուք ինձ վերագրեցիք պնդումներ, որ ես չեմ արել այս ասուլիսի ընթացքում։ Օրինակ՝ ես ֆինանսական հոսքերի մասին չեմ խոսել։ Օրինակ՝ մենք չենք ասել երբեք, որ Պուտին-Փաշինյան հանդիպում չի լինելու։ Նուր Սուլթանում չի եղել այն հանդիպումը, որի համար հայկական կողմը դիմել էր։ Ռուսական կողմը մեր կողմին ասել էր՝ կգաք Պիտեր, կհանդիպենք։ Եվ անլրջություն է, երբ որ երկրիս ղեկավարն անգամ արտաքին կամ ներքին քաղաքական ինտերվյուների մեջ փորձում է արձագանքել ֆեյսբուքյան լրահոսին։ Օրինակ՝ երեկ Պուտինի հետ հանդիպման ժամանակ նա հատուկ շեշտեց, որ Նուր Սուլթանում հանդիպել են։ Դա Պուտինի համար չէր ասում, նա Հայաստանի ներքին աուդիտորիայի համար էր ասում, որպեսզի հերքի նուրսուլթանյան այցի տապալված լինելու տպավորությունը»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը։