Երևանի ու Ստեփանակերտի հստակ դերաբաշխում 

 Երևանի ու Ստեփանակերտի հստակ դերաբաշխում 

Նախկինում ընթացած արցախյան բանակցությունների, նաեւ այժմ տեղի ունեցող գործընթացների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին արած հայտարարությունը հարկ է դիտարկել խնդրի ժառանգականությանը կամ, ավելի պարզ՝ գլխավոր դերակատարների փոփոխման դեպքում սահուն անցում ապահովելու տեսանկյունից։     

Այսպիսով՝ ի՞նչ է ասում Փաշինյանը։ Նրա խոսքով՝ նախկին իշխանությունները, փաստորեն, Ղարաբաղի ղեկավարությանը տեղյակ չեն պահել բանակցային գործընթացին ու դրա  մանրամասներին, իսկ այժմ էլ, ակնարկելով Հայաստանի նոր իշխանություններին, խոսում են ինչ-ինչ դավադիր ուժերի մասին։ Եթե իրոք այդպես է, ապա հարց է առաջանում՝ ինչպե՞ս պետք է բանակցությունների ինչ-որ փուլում Ստեփանակերտը միանար դրանց ու ասեր իր վճռական խոսքը, եթե չգիտի, թե մինչ այդ ինչի մասին են խոսել կամ ինչի շուրջ են պայմանավորվել կողմերը։ Հավանաբար, այդ վճռական խոսքի իրավունքը եւս ներքին կարգով վերապահվել է Երեւանին։ Քանի որ Երեւան-Բաքու բանակցային ձեւաչափի պարագայում գերիշխող կարծիքն այն էր, թե Ստեփանակերտն անվերապահորեն վստահում է Հայաստանի իշխանություններին՝ համոզված լինելով, որ «նրանք սխալ բան չեն անի»։

Իհարկե, դժվար է պնդել, թե Ստեփանակերտին ընդհանրապես չեն իրազեկել գործընթացի մանրամասներին, սակայն ինչ չափով է արվել կամ ինչ նպատակով, այժմ կարելի է միայն ենթադրել։ Միայն հանգամանքը, որ համանախագահներն իրենց տարածաշրջանային բազմաթիվ այցերի ժամանակ Ստեփանակերտում երկարատեւ զրույցներ են ունեցել ղեկավարության ներկայացուցիչների հետ, թույլ է տալիս ենթադրել, որ վերջիններս «ինչ-որ բան իմացել են»։ Խնդիրը, սակայն, այստեղ չէ։

Հարցը պետք է դիտարկվի սկզբունքային տեսանկյունից։ Ակնհայտ է, որ Ստեփանակերտը ցանկացած պարագայում պետք է խորությամբ տեղեկացված լինի բանակցային գործընթացին՝ դրան տիրապետելով ինչպես փորձագիտական, այնպես էլ, թող թույլ տրվի ասել՝ քաղաքական մակարդակով։ Ի վերջո, անկախ տվյալ պահին գործող ձեւաչափի բնույթից, միանշանակ է, որ Արցախը պետք է առնվազն իմանա, թե ինչ կերպ է վճռվելու սեփական ճակատագիրը, եւ ինչ կարող է անել ինքը, եթե կա ինչ-որ ուղղումներ անելու անհրաժեշտություն։ Ավելորդ է ասելը, որ եռակողմ ձեւաչափի պարագայում Ստեփանակերտը ոչ միայն գործընթացի անմիջական մասնակիցը կլինի, այլեւ պետք է որոշակիորեն ուղղորդի նաեւ Երեւանի վարքագիծը։                   

Տվյալ պարագայում, սակայն, կա նաեւ հարցի մյուս կողմը, որը, հասկանալիորեն, ավելի քիչ է քննարկվում։ Ամենեւին չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը հիշյալ հայտարարությունն անելիս մինչեւ վերջ անկեղծ չի եղել, ինչում դեր են խաղացել թավշյա հեղափոխությունից հետո Երեւանի ու Ստեփանակերտի միջեւ առաջացած ինչ-ինչ անհամաձայնություններ։ Այդ դեպքում Բակո Սահակյանը, մեկնաբանելով Փաշինյանի խոսքը, պետք է իր խոսքում հնարավորինս հատու եւ միանշանակ լինի: Ճիշտ է, մամուլին տված իր մեկնաբանություններում նա ասում է, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ իրենց տեղեկացրել են բանակցությունների ընթացքին, բայց սա այն դեպքն է, երբ նա հնարավորինս միանշանակ ու աներկբա հերքում պետք է տա՝ որ չի եղել այնպես, ինչպես պնդում է Փաշինյանը, մենք միշտ էլ մանրամասնորեն տեղեկացվել ենք գործընթացի բոլոր մանրամասներին ու ողջ ընթացքին: 

Երբ բացակայում է, կամ թվում է, թե բացակայում է այդ հստակությունը, օրինաչափորեն հարց է առաջանում՝ ի վերջո, Սերժ Սարգսյանի օրոք իրեն իսկապե՞ս տեղեկացրել են ղարաբաղյան բանակցությունների ընթացքին, թե՞ ոչ։ Երբ բացակայում են միանշանակությունն ու վճռական հերքումը, ծնվում են հազարումի ճիշտ ու սխալ ենթադրություններ, որոնք միայն կարող են վնասել բանակցությունների հարցում Երեւան-Ստեփանակերտ տանդեմի համատեղ գործունեության արդյունավետությանը։

Սահակյանը, սակայն, թվում է՝ միանշանակ վարքագիծ չի դրսեւորում, ինչի պատճառը, թերեւս, վերջին տարիներին Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ ձեւավորված հարաբերություններն են, որոնց տրամաբանությաբ Լեռնային Ղարաբաղին ավանդաբար հատկացվել է լուռ հնազանդվողի ու ցանկացած հարցում Հայաստանի իշխող դասին ականջալուր լինելու դերակատարություն։ 
Ասվածից ամենեւին չի բխում, թե Ղարաբաղն ու Հայաստանը պետք է բանակցային գործընթացի շուրջ սուր հակասություններ ունենան ու գտնվեն պարբերական բանավեճի մեջ։ Ամենեւին։ Պարզապես հիմա, երբ Հայաստանի վարչապետը, գոնե հայտարարությունների մակարդակով, հետեւողականորեն պնդում է բանակցային ձեւաչափի փոփոխման ու Ստեփանակերտի անմիջական ներգրավման կարեւորության մասին, անհրաժեշտ է հայկական երկու կողմերի փոխգործակցության մինչ այժմ եղած կերպի ու որակի որոշակի վերատեսություն։ 

Ի վերջո՝ եղածը եղած է։ Եթե նախկինում կային ինչ-որ սխալներ, թերություններ ու բացթողումներ, ապա ոչինչ չի խանգարում դրանք հիմա շտկելու, երբ ընդունված է ասել՝ «իրավիճակ է փոխվել»։ Իսկ երբ նման «սենսացիոն» հայտարարություններ են արվում, ապա հարկ է հիշեցնել՝ վստահաբար, սա այն թեման չէ, որը կարելի է հրապարակայնորեն շահարկել՝ տվյալ պահին ինչ-որ կասկածելի դիվիդենտներ վաստակելու համար։ 

Ղարաբաղյան բանակցություններում Երեւանի եւ Ստեփանակերտի դերակատարությունների հստակեցման, թող թույլ տրվի ասել՝ աշխատանքի տրամաբանված բաժանման ու համատեղ, արդյունավետ գործակցության ժամանակն է։ Այդ ժամանակը, իհարկե, վաղուց է եկել, սակայն, ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք։                  

Դավիք ԲԵԿՅԱՆ