Ղազախստանը վավերացրել է միջուկային զենքի արգելման պայմանագիրը

Ղազախստանը վավերացրել է միջուկային զենքի արգելման պայմանագիրը

Ղազախստանի պառլամենտի վերին պալատն հանդիսացող Սենատը վավերացրել է միջուկային զենքի արգելման պայմանագիրը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Պայմանագիրը ընդունվել էր դեռ երկու տարի առաջ եւ նպատակ ունի ստեղծել իրավական այն գործիքակազմը, որը կարգելի միջուկային զենքն ու կհանգեցնի միջուկային զենքի վերացմանը։ Պայմանագիրը նախատեսում է միջուկային զենքի ստեղծման, փորձարկման, ձեռք բերման, փոխանցման պահման կամ պայմանագրի անդամ երկրում տեղակայման արգելք։ Պայմանագիրը արգելում է ոչ միայն միջուկային զենքը, այլ նաեւ դրա սպառնալիքը։ Պայմանագիրը ստորագրման համար բացվել է 2017 թվականի սեպտեմբերին՝ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի ժամանակ։ Պայմանագիրը կսկսի գործել, երբ այն վավերացվի 50 պետության կողմից։ Ներկայումս այն ստորագրել է 70 պետություն, վավերացրել՝ 23-ը։