Ես չեմ եկել նրա համար, որ բոլորը ուրախ լինեն. Արմեն Սարգսյանը՝ ՀՀԿ-ականներին (տեսանյութ)

Ես չեմ եկել նրա համար, որ բոլորը ուրախ լինեն. Արմեն Սարգսյանը՝ ՀՀԿ-ականներին (տեսանյութ)

«Ես համոզելու մի քանի ձև գիտեմ, հետո ձեզ կբացատրեմ»: Այսօր Դիլիջանում «Մտքերի գագաթնաժողովի» ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես իրեն հաջողվեց մշտապես Ֆրանսիայում անցկացվող այս գագաթնաժողովը բերել Հայաստան: 

Արմեն Սարգսյանը համառորեն չէր ցանկանում պատասխանել ներքաղաքական հարցերի: Նա ուզում էր խոսել «Մտքերի գագաթնաժողովից», թե ինչ հրաշակի է Հայաստանում անցկացնել նման միջոցառում բազմաթիվ օտարերկրյա հյուրերի մասնակցությամբ, դիլիջանյան գեղեցիկ բնության ներքո և այլն: Բայց մեզ, այդուհանդերձ, հաջողվեց մի քանի հարցի պատասխան կորզել նրանից ոչ այդքան էսթետիկ թեմաների շուրջ:

Մասնավորապես Hraparak.am-ը նկատեց, որ ինքը կարծես միայն իր սեփական օրակարգով է շարժվում՝ կառավարոթյունից անկախ, ինչո՞վ է դա պայմանավորված:

Նախագահն ասաց, որ դա ընդամենը մեր անձնական կարծիքն է:

Համաձայնեցվո՞ւմ են վարչապետի հետ իր քայլերը, գործողությունները:
«Վարչապետը բազմիցս ասել է, ես էլ եմ կրկնում՝ մենք ունենք շատ լավ աշխատանքային հարաբերություններ»,-ասաց նա:

Իսկ երբ փորձեցինք այլ հարցեր էլ հնչեցնել, օրինակ՝ ՍԴ անդամի թեկնածուի առաջադրման վերաբերյալ, Արմեն Սարգսյանն ասաց, որ ինքն ամեն հարցի իր ժամանակին ճշգրիտ պատասխաններ կտա: Ապա մեզ խորհուրդ տվեց իր հայտարարությունները շատ ուշադիր կարդալ, քանզի ինքը մասնագիտությամբ ֆիզիկոս և մաթեմատիկոս է և ինչ գրում է, գրում է մաթեմատիկական բանաձևի ճշտությամբ:

Hraparak.am-ի դիտարկմանը, թե ՀՀԿ-ականները դժգոհ են իրենից, ասում են՝ նախագահը չի իրացնում իր լիազորություններն ամբողջությամբ, Արմեն Սարգսյանն այսպես արձագանքեց. «Ես չեմ եկել նրա համար, որ բոլորը ուրախ լինեն: Ես եկել եմ ծառայելու մեր երկրին, պետությանը, մեր ժողովրդի ապագային և Ձեզ»:

Մանրամասն՝ տեսանյութում։