Հնարավո՞ր է չեն կարողանում գաղտնալսողին հայտնաբերել

Հնարավո՞ր է չեն կարողանում գաղտնալսողին հայտնաբերել

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ դարձյալ անդրադարձավ իր եւ ՀՔԾ պետի խոսակցության գաղտնալսման թեմային, բայց արդեն մի տեսակ «խեղճացած» տոնով հարցն իր վրայից ցրեց ու գցեց Քննչական կոմիտեի դաշտ։ «Ինչ ասել եմ, արդեն լսել եք, հիմա մի բան էլ ասեմ՝ դատի կտան, դրա համար ոչ մի բան չեմ ասում»,- ասաց նա: Մինչդեռ ամիսներ առաջ հայտարարում էր, որ պարզվել է շրջանակը, թե ովքեր են գաղտնալսել, ովքեր են պատվիրել։ Կարո՞ղ է ԱԱԾ-ն հիմա էլ չի կարողանում հայտնաբերել իրեն գաղտնալսողին, դրա համար անուն չեն տալիս։ «Էդ գործը քննում ա Քննչական կոմիտեն, դրա համար չեմ կարող ասել։ Բոլոր հարցերով՝ Քննչական կոմիտեին»,- ասաց Վանեցյանը։ Կարո՞ղ է մի օր պարզվի, որ Հայաստանի իրավապահ համակարգը չի կարողանում հայտնաբերել նաեւ իրեն գաղտնալսողներին։ Վանեցյանը նորից մեզ ուղարկեց քննչականի դուռը։ Զանգահարեցինք Քննչական կոմիտե։ Վերջինիս խոսնակ Նաիրա Հարությունյանն ասաց, որ գործի  համար հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ անձինք հարցաքննվել են, սակայն կասկածյալ կամ մեղադրյալ չկա։ Հարցաքննվողներից մեկն էլ Արթուր Վանեցյանն է եղել՝ վկայի կարգավիճակով, ինչի մասին ասել է հենց ինքը՝ ԱԱԾ տնօրենը։

Ինչ վերաբերում է ԱԱԾ-ն ու ոստիկանությունը նախարարություն դարձնելու եւ խորհրդարանի վերահսկողության ներքո բերելու հարցին, ապա․ «Կլինի քաղաքական որոշում, կենթարկվենք այդ որոշմանը, բայց եթե նպատակը խորհրդարանական վերահսկողությունն է, կարծում եմ՝ այսօր վառ օրինակ է, որ մենք չենք խուսափում խորհրդարանական վերահսկողությունից»:
Մեր դիտարկմանը, թե իրենք հիմա գտնվում են վարչապետի անմիջական ենթակայության ներքո, եւ տեսականորեն կարող են վարչապետից քաղաքական հրահանգներ լինել, ԱԱԾ տնօրենն ասաց, որ քաղաքական հրահանգներ վարչապետի կողմից չեն լինում, եւ որ իրենք գործում են օրենքի շրջանակներում: «Կարծում եմ, որ քաղաքականացնել ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի պաշտոնը՝ չարժե»,- ասաց նա: