Փաշինյանի հետ լավ հարաբերություններ ունեմ հանրության պահանջով միայն

Փաշինյանի հետ լավ հարաբերություններ ունեմ հանրության պահանջով միայն

Իմ եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ շատ անմիջական հարաբերություններ կան: Մեզ միջնորդներ պետք չեն՝ այդ լավ հարաբերություններն էլ ավելի խորացնելու համար: Մենք իրար հետ կիսելու ոչինչ չունենք: Ես իրեն չեմ ընտրել, ոչ էլ ինքն է որեւէ կերպ խոչընդոտել իմ համեստ կարիերային: Կարելի է ասել` համարյա միմյանց չենք ճանաչում, բայց դա չի խանգարում, որ մեր հարաբերությունները լինեն անմիջական: Տարօրինա՞կ է: Բայց ի՞նչ կա զարմանալու: Փաշինյանը հասարակական դեմք է, ես` նույնպես, հանրությունը նրան ճանաչում է որպես վարչապետի, քաղաքական, իսկ արդեն 3 ամիս է՝ նաեւ պետական գործչի, ինձ` որպես լրագրող-հրապարակախոսի եւ վերլուծաբանի: Ես գրում եմ իր չեղած հեղափոխության, չկատարած խոստումների, իր նկարած Ազգային ժողովի, իր ձեւավորած Երեւանի եւ Հայաստանի իշխանությունների ապաշնորհ էության ու նման բաների մասին, իսկ ինքը նույն հաջողությամբ եւ մի քիչ էլ նույնիսկ ավելի հաջող քննադատում է իմ եւ իմ գործընկերների աշխատանքը, խոսում մեր թերություններից, լավուվատ գցում մեր մեջ: Մեռնեմ օրենքին` մենք ասում ենք` ինքն ասում է, մենք քննադատում ենք` ինքն ավելի ուժեղ է քննադատում: Խոսքի ազատություն է, հո չե՞նք նեղանալու իրարից:

Իմ բախտը, սակայն, ի տարբերություն իմ շատ գործընկերների, բերել է, որովհետեւ, ինչպես ասացի, կյանքում Փաշինյանի հետ կիսելու բան չեմ ունեցել: Նա ինձ պաշտոն ու դիրք չի խոստացել, որովհետեւ չեմ քայլել, փողոց չեմ փակել, գըմփ-գըմփ հու չեմ արել, կաթողիկոս չեմ ծեծել եւ, առհասարակ, չեմ էլ համարել, որ ինքը, փողոցներն ընկած, ինչ-որ կարեւոր գործ է անում: Այո, ժողովուրդը նրա հետ էր, բայց այդ ժողովրդին ես ինչպե՞ս հատ-հատ բացատրեի, որ ինքն ընդամենը մասովկայի նյութ է այս պատմության մեջ, որ սա թավշյա ներկայացում է, որ վերջում բոլորը փոշմանելու են: Էյֆորիան թողնո՞ւմ էր, որ բացատրեի: Փաշինյանն ինձ նախշել էր «հակահեղափոխական» պիտակով, նա դամ քաշեց, երբ Հայկոն ինձ «սեւ» ասաց, նա էլի դամ քաշեց, երբ Միքայելյան Սասունը, եզակի ապաքաղաքական մի երեւույթ, հայտարարեց, որ թավշյա հեղափոխությունը մեր կյանքում տեղի ունեցած ամենակարեւոր իրադարձությունն է: Ինչե՛ր տեղի չունեցան, ո՞ր մեկը հիշես: Այդ օրերին ես, գլուխս կախ, իմ գործն էի անում, Փաշինյանը` իր: Մի անգամ էլ նույնիսկ «ջիպի» միջից լայվ մտավ ու ինչ գիտեր-չգիտեր, ասաց մամուլի ու իմ գործի մասին, սեւացրեց, մեղադրեց նախկինների հետ իրեն նույնացնելու մեջ: Էլ ո՛նց կլիներ, մամուլը գրել էր, որ խաշ է կերել: Փաստորեն, մեր բոլոր գրածները մարսել էր, խաշի մասին գրածը չէր մարսել: Բայց ես չեմ կարող ասել, որ Փաշինյանը չուներ մեզ քննադատելու իրավունքը: Դա ճիշտ չի լինի:

Մենք որ ասում ենք, ինքն էլ պետք է ասի, այլապես դուրս կգա, որ մենք ճիշտ ենք, իսկ ինքը՝ սխալ: Հանուն ճշմարտության ասեմ նաեւ, որ իմ եւ Փաշինյանի միջեւ ընդամենը մի փոքրիկ ֆինանսական կնճիռ կա, որը, կարծում եմ, տնտեսական հեղափոխությունից հետո կհարթվի: Ես այդ մասին շատ եմ գրել: Հեղափոխական իշխանությունը «հակահեղափոխականիս» 300 հազար դրամ է պարտք` հեղափոխության օրերին մեքենաս այլանդակելու համար: Տեսա՝ ձգձգում են, ես այդ պարտքը գրեցի Փաշինյանի եւ Օսիպյանի վրա: Ինձ խոստացել են` կլինի` կտանք: Այսինքն, այդ ֆինանսական անհարթության վերացումը, իմ կարծիքով, ժամանակի հարց է, որի կարգավորումից հետո այլեւս ոչ մի պարտք ու պահանջ չենք ունենա: Ես միայն մի բանից եմ վախենում, որ փողը վերադարձնելու արարողությունը հանկարծ միտինգով, ասուլիսով, Հ1-ով-բանով էշի հարսանիքի չվերածեն: Թող բերեն, սուսուփուս տան, ախպեր:

Նախաբանը երկար ստացվեց, կներեք, բայց մեղավորը Փաշինյանն է, որովհետեւ այսօր Հայաստանում, իսկապես, շատ քիչ մարդ կա, որ Փաշինյանի հետ նույնքան անմիջական, պարզ ու անշահախնդիր հարաբերություններ ունի, որքան ես:

Փաշինյանի վարկանիշի շուրջ, կարծես, աժիոտաժ է հասունանում: Բացի 2-3 լրատվամիջոցից, բոլորը գրում են, որ նրա վարկանիշն ընկել է, իսկ թվերն էլ ոչ թե ընկնելու, այլ գահավիժելու մասին են խոսում` 90 տոկոսից իջել է 55 տոկոսի: Պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչպիսի միջակայք է, թե քանի հպարտ քաղաքացի է գլուխն առած փախել հեղափոխությունից: Մարդիկ հիասթափվել են, ինչը շատ բնական է: Հազիվ թե հնարավոր լինի գտնել մեկ այլ երկրի ղեկավարի, որի վարկանիշը չի ընկել նրա ղեկավարման հենց առաջին ամիսներին, երբ սկսել է առաջին նշանակումներն անել: Մյուս կողմից էլ` երեւի թե չի եղել մի ղեկավար, որ ընտրություններից հետո այսքան կարճ ժամանակում այնպես գահավիժած լինի, ինչպես Փաշինյանը: Սա արդեն մասնավոր դեպք է եւ ամբողջությամբ պայմանավորված է Փաշինյանով, որին մեռանք ասելով` մեղք ես, կողքիդ մարդ չկա: Չի ըմբռնում ասվածը, այլ մի գլուխ հակադարձում է`համակարգային կոռուպցիան վերացրել եմ, օլիգարխ չկա այլեւս, բոլորն օրինական հարկատուներ են, մենաշնորհները վերացրել եմ…

Շարունակե՞նք… մի քանի նախարարություններ փակել եմ, գործազրկությունը խեղդում է, ներգաղթ չկա, ներդրում չկա, աղքատությունն ավելի է խորանում, տնտեսությունը սատկած է, արտաքին ճնշումներն են մեծացել: Իր այդ ո՞ր երազում է Փաշինյանը վերացրել համակարգային կոռուպցիան: Այսօր նրա քաղաքական թիմի 88 պատգամավորներից առնվազն 80-ը, որովհետեւ դեբիլ են, ոչնչով չարդարացված աշխատավարձ է լափում բյուջեից, նրա նշանակած մարզպետները մարզերն են քանդում՝ իրենց ազգուտակին գործով ու աշխատավարձով ապահովելու համար, նրա կառավարությունը 2 էշի գարի ջոկել չի կարողանում, բայց լավ էլ մսխում է պետական միջոցները ու դեռ մի բան էլ պարգեւատրվում: Իսկ ինչ է, համակարգային կոռուպցիան պոզով-պոչո՞վ է լինում: Դուք ավելի լավ է ասեք` որ համակարգային կոռուպցիան հասցրել եք համակուսակցական եւ համապետական կոռուպցիայի մակարդակի: Կարո՞ղ եք հրապարակել այն մարդկանց ցանկը, որոնց դեմ այս պահին քրեական գործեր կան հարուցված: Ամաչում եք, չէ՞, որովհետեւ այդ մարդիկ շատ են, իսկ այդ գործերն էլ հարուցված են, որպեսզի այդ մարդիկ ձեզ չքննադատեն, հարկադրված լինեն ձեր մասին միայն լավը խոսել, որ այդ գործերը հանկարծ ընթացք չստանան: Չէ, սա կոռուպցիա է, սա, հասկանում ես, իրավաբանական պրոֆեսորություն է:

Փաշինյանն ասում է` եթե վաղը ընտրություններ լինեն, «Իմ քայլը» դարձյալ կհաղթի: Իյա, իրո՞ք: Չփորձե՞նք մի հատ: Պարոն Փաշինյան, դա, ի դեպ, հրաշալի առիթ կլինի Ձեր բերած այս դեբիլոիդ զանգվածից ազատվելու համար: Դեկտեմբերի ափալ-թափալ ընտրությունները ոչինչ չեն տվել մեր երկրին: Դրանք ոչ թե ազատ, արդար, թափանցիկ, ազնիվ ընտրություններ էին, այլ էյֆորիայի մեջ ընկած մարդկանց կույր ու սխալ քվեարկության պրոդուկտ, որ այսօր ճաշակում ենք բոլորս: Չլիներ հոկտեմբերի 2-ի Ձեր հիստերիկ հանրահավաքը, ընդունվեր նոր ԸՕ-ն, եւ ԱԺ ընտրությունները տեղի ունենային մայիսին, հեղափոխական ճիչերով Դուք նույնիսկ ԱԺ չէիք անցնի, ինչի՞ մասին է խոսքը: Երեւի միայն հայերը կարող էին բառիս բուն իմաստով մարտահրավեր հիշեցնող այս արկածախնդիրներին դնել իրենց գլխին, թե մեզ առաջնորդեք: Բայց լավ է, կա հայի հետին խելքը, պարոն Փաշինյան: Ուրեմն համարձակ եղեք եւ նշանակեք նոր ընտրություններ, միեւնույն է, այս բալաստով հեռու չեք գնալու:

Եվ այսպես, ամեն անգամ Փաշինյանի հետ մենք անմիջական շփումներ ենք ունենում: Ես իրեն ասում եմ այն, ինչ մտածում եմ, ինքն էլ իր լայվերով, ՖԲ գրառումներով ու հեռուստականալներով ասում է այն, ինչ ինքն է մտածում: Ու քանի որ ես ու Փաշինյանը կիսելու համարյա բան չունենք, ո՛չ ինքն է նեղանում, ո՛չ ես: Բայց ասեմ, որ այս վիճակն էլ վիճակ չէ: Մեր պարզ ու անմիջական այս շփումներից ոչինչ չի փոխվում դեպի լավը: Կա՛մ ես ինչ-որ բան այնպես չեմ ասում, կա՛մ Փաշինյանը լսելու կամք չի դրսեւորում: Ինձ հետ հավասար խոսում է այդ մարդը` ի մտի չպահելով անգամ ավետարանական ճշմարտությունները: Եղբայր, հրապարակախոսը ես եմ, ոչ թե դու: Դու գործ անողն ես, այդ գործով են պահվում երկիրը, ժողովուրդը, մարդը:

Բայց ո՞ւմ եմ ասում: Հայրենի կառավարությունը լծվել է ապրիլի վերջին «քաղաքացու օր» բստրելու սուրբ գործին, որպեսզի հեղափոխության սկիզբը չմոռացվի: Վաղն ասելու են` հանրության ճնշող մեծամասնության պահանջով ենք անում: Դուք հո Լենին պապին չե՞ք, որ հանրությունը որոշի ձեզ ու ձեր հեղափոխությունը չթաղել: Ձեզնից հետո` թեկուզ ջրհեղեղ, ո՞վ է ձեր կարոտը քաշելու: