Գյուղապետ, որ կառչած չէր աթոռից, լուռ հեռացավ

Գյուղապետ, որ կառչած չէր աթոռից, լուռ հեռացավ

Արմավիրի մարզի Ապագա համայնքի բազմամյա ղեկավար Արտաշես Բարսեղյանը մարտի 1-ին վաղաժամկետ դադարեցրել է համայնքապետի լիազորություններն ու արտագաղթել: Գյուղապետարանի աշխատակցի խոսքով՝ մեկնել է Միացյալ Նահանգներ՝ ուսանող դստեր մոտ, ապրիլին կվերադառնա:

Սակայն Արտաշես Բարսեղյանը կարող էր գնալ՝ առանց լիազորությունները դադարեցնելու, պարզապես արձակուրդ վերցներ ու գնար, բայց համայնքապետարանի աշխատակիցը պնդում է, որ «գալու է՝ այլ աշխատանքի անցնի»: 

Բարսեղյանն այն եզակի ղեկավարներից էր, որն իրապես ապրում էր համայնքի կյանքով: Ապագա գյուղի մանկապարտեզը մարզում լավագույններից է, փողոցները, ի տարբերություն այլ գյուղերի, բարեկարգ են, մաքուր, գիշերները լուսավորվում են: Տարբեր ներդրումային ծրագրերով փորձում էր հեշտացնել համագյուղացիների առօրյան, բարձրացնել նրանց կյանքի որակը: Ձգտում էր գյուղացուն դարձնել համայնքի կառավարման մասնակից:

Նրա ակտիվությունը նկատել էր նույնիսկ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: 2017 թվականի ապրիլին, համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, Արտաշես Բարսեղյանն առաջարկել էր համայնքի բնակիչների մասնակցությամբ Ապագայում գյուղատնտեսական կայան ստեղծել: «Ես ուզում եմ, որ ներդրողը հենց համայնքը լինի»,-ասել էր վարչապետին: Ապագայի գյուղապետի առաջարկն ու դրա իրականացման «սցենարը» Կարեն Կարապետյանին դուր էին եկել: Վարչապետը համաձայնել էր ֆինանսավորել ծրագիրը: Չհասցրին:
Համայնքապետարանի աշխատակցից հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է իշխանափոխությունը լինի Արտաշես Բարսեղյանի հրաժարականի պատճառը. ի վերջո, նա նաեւ ակտիվ ՀՀԿ-ական էր: «Չգիտեմ՝ ՀՀԿ-ից դուրս ա եկել, թե չէ, բայց չեմ կարծում, թե հրաժարականի պատճառը հեղափոխությունն է»: Գյուղապետի հրաժարականի դիմումն ավագանին դժվարությամբ է հաստատել: Նույնիսկ փորձել են համոզել: «Ավագանին շոկի մեջ էր, չէր ուզում ստորագրել»,- ասաց աշխատակիցը:

Մարտի 13-ից Ապագան համայնքի ղեկավարի պաշտոնակատար ունի: Արմավիրի մարզպետի որոշմամբ այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է համայնքապետարանի առաջատար մասնագետ Պետրոս Ավագյանին: «Մեր աշխատակիցն է. խելացի, բանիմաց երիտասարդ է: Որեւէ կուսակցության անդամ չէ»: