ՏՄՊՊՀ թե սուպերմարկետ․ խախտվում է քաղծառայության մասին օրենքը

ՏՄՊՊՀ թե սուպերմարկետ․ խախտվում է քաղծառայության մասին օրենքը

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը օրերս հայտարարել է, որ թափուր հաստիքների համար մարդիկ է հավաքում։ Հայտարարությունը ոչնչով չի տարբերվում աշխատանքի գործակալությունների տարածած գրառումներից։ Հնչում է մոտավորապես այսպես․ եթե դուք տնտեսագետ եք, ֆինանսիստ, իրավաբան, կամ տվյալների վերլուծաբան, ունեք համապատասխան փորձ ու տիրապետում եք օտար լեզուների, ապա մենք ձեզ սպասում ենք։ Ավելի ստույգ՝ «բացմի թողեք հնարավորությունը միանալու մեր թիմին»։ 

Երևի, այս հայտարարությունը գրելու համար ծովափնյա հանգստի գովազդի տեքստ գրող են գտել։ Կարդացողը դժվար է հավատում, որ պատասխանատու, լուրջ պետական կառույցի հետ գործ ունի, իսկ նրանք, ովքեր իրոք պետական ծառայության փորձառություն ունեն, ֆինանսիստ են, կամ տնտեսագետ ու հատկապես իրավաբան, անմիջապես ֆիքսում են օրենքի տարրական պահանջի խախտում։

Բանն այն է, որ քաղծառայության մասին օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է, որ քաղծառայողի թափուր պաշտոնի համալրում իրականացվում է մրցույթով։ «Քաղաքացիական ծառայության պաշտոններն զբաղեցվում են անժամկետ՝ մրցույթի արդյունքով կամ վարկանիշային ցուցակներից կամ փոխադրման կամ վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության արդյունքով կամ կադրերի ռեզերվից՝ մինչև սույն օրենքով սահմանված տարիքի լրանալը, և որոշակի ժամկետով՝ ժամկետային աշխատանքային պայմանագրով կամ տեղափոխության հետևանքով կամ գործուղման դեպքում»: Երկրորդ կետից էլ բխում է, որ հավակնորդը պետք է բավարարի տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջներին։ «Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները», - ասում է օրենքը։ 

Սա նշանակում է, որ հայտարարության մեջ պարտադիր պետք է նշվի ոչ թե մասնագիտությունը՝ իրավաբան, ֆինանսիստ, կամ հավաքարար, այլ այն պաշտոնի անվանումը, որի զբաղեցման համար կազմակերպվում է մրցույթ։ Կադրային ռեզերվում, կամ կառուցվածքային փոփոխության արդյունքորւմ դուրս մնացածները պետք է ունենան առավելություն։ Մինչդեռ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, փաստորեն, ծալել ու մի կողմ է դրել քաղծառայության մասին օրենքը, կարծես, սուպերմարկետի հավաքարար է փնտրում,ոչ թե ոչ թե քաղծառայության պաշտոն է համալրում։