Անանյանը պաշտպանեց մաքսայինի պետին, իսկ գերմանական շոկոլադը ջուր դարձավ

Անանյանը պաշտպանեց մաքսայինի պետին, իսկ գերմանական շոկոլադը ջուր դարձավ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը փեշ է փռում Բագրատաշենի մաքսատան պետ Գեղամ Վանունու վրա։ Նա ցույց է տալիս, որ ուզում է շտկել այստեղ տիրող բարձիթողի վիճակը։ Օրերս նույնիսկ իր տեղակալին՝ Շուշան Ներսիսյանին, որն ավելի հայտնի է որպես Նակոլկա Շուշո, դեսանտ իջեցրեց Բագրատաշեն։ Բայց իրավիճակը չի փոխվում։ Մաքսայինի «տզերին» հովանավորելու գործելաոճը այսօր էլ շարունակվում է։ Նոր իշխանության բռունցքի տակ են ընկնում  միայն հասարակ, անթիկունք չինովնիկները, որոնք կարող են դուրս շպրտվել համակարգից ամենաանհեթեթ առիթներով՝ օրինակ, գետնին ընկած դրոշը չբարձրացնելու համար։ Իսկ գործարարներին բռնության ենթարկելու, հայոհելու, արատավոր, հանցագործ վարք դրսևորողներին նոր Հայաստանի համակարգը պաշտպանում է։ Եւ ուրեմն, ի՞նչն է փոխվել։  Այս հարցը վերջին երկու ամիսներին միջին վիճակագրական և առայժմ հպարտ քաղաքացիները հաճախ են տալիս իրար: Այն ծագեց նաև Բագրատաշենի միջադեպից հետո։ Մինչ այդ հպարտ քաղաքացիները հավատացած էին, որ մաքսայինում այլևս կաշառք չեն վերցնում, որ եթե կա մի ոլորտ, որտեղ բան է փոխվել, դա հենց Հայաստանի տնտեսական սահմանն է։  

Գործարար, գերմանական «Deutsche Post» (Գերմանական փոստ) ընկերության սեփականատեր Արթուր Խառատյանի հետ կատարվածից հետո այս համոզմունքը հօդս ցնդեց։  

Գերմանիայից Հայաստան փոստային առաքումներ կատարող գործարարը, ինչպես արդեն հայտնել էինք, հուլիսի 25-ին, տհաճ պատմության մեջ է ընկել։ Բագրատաշենի մաքսայինի պետ Գեղամ Վանունին հարձակվել է նրա վրա, բռնի ուժ կիրառելով, հայհոյանքներով, սանձարձակ, չինովնիկին ոչ վայել վարք ցուցաբերելով խլել է Խառատյանի բեռը։ Պատճառը ուղեկցող փաստաթղթերի որոշ անհամապատասխանությունն է եղել բեռի պարունակությանը։ Գործարարը պնդում է, որ ուղեկցող փաստաթղթի թերությունը բացատրում է նրանով, որ մաքսատանը այն ոչ ոք չի կարողանում լրացնել և ինքը դրանք նախօրոք գրում է ու իր հետ բերում է, ու քանի որ որոշ մարդիկ իրենց բեռները ստացել են հենց մաքսատանը, Հայաստանի սահմանը հատելուց անմիջապես հետո, բեռի՝ «ցիմերում» նշված քաշի հետ անհամապատասխանություն է առաջացել։

Ամեն դեպքում, նկատելով փաստաթղթային սխալներ, մաքսավորներն ամենևին չպետք է կալանավորեին բեռը, և առավել ևս բռնություն գործադրեին Խառատյանի նկատմամբ, այլ պետք է կնիք դնեին և ուղարկեին կարգո, որտեղ արդեն մանրամասն հաշվարկ պետք է արվեր։ 

ՊԵԿ-ից մեր հարցումներին ընդամենը պատասխանում են, որ դեպքի առնչությամբ քննություն է ընթանում: «Ուստի ավելի մանրամասն տեղեկատվություն այս պահին չենք կարող տրամադրել։ Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցները գործել են օրենքի տառին համապատասխան»։ ՊԵԿ նախարար Դավիթ Անանյանը երեկ կառավարության նիստից հետո խորհուրդ տվեց այսքանով բավարարվել։ «Մենք հաղորդագրություն ենք տարածել, կուզեմ դրանով սահմանափակվենք։ Մեր ծառայողները գործել են օրենքի շրջանակներում։ Ե՛վ կան ականատեսներ, և՛ կան տեսաձայնագրություններ, որոնք քննության ընթացքում կներկայացվեն, կուսումնասիրվեն և համապատասխան ուսումնասիրություններ կարվեն»,- ընդգծեց նա։

Սա լռությանը համազոր պատասխան է։ 

Արթուր Խառատյանը անելանելի վիճակում է։ Նա ոչ մի կերպ չի կարողանում հետ ստանալ իր բեռը։ Ամոթով է մնացել իր գերմանահայ հաճախորդների առաջ։ «Նրանք ամեն անգամ Հայաստանում ապրող իրենց հարազատներին անպայման գերմանական շոկոլադ են ուղարկում։ Շոկոլադը հալվել է, ջուր է դարձել հիմա», - գանգատվում է գործարարը։ Արդեն անցել է 8 օր։